Լևոնզուրաբյանները որոշել են դիվանագիտության դասեր տալ։ Ծիծաղելի է, քանի որ նման հարթակում հանդես գալու կրթական համապատասխան ցենզից շատ հեռու են։ Պարզից էլ պարզ էր, որ Նազարբաևի հայտարարությունն ադրբեջանական լսարանի ու հատկապես Ալիև կրտսերի համար էր։ Բայց, այ քեզ բան. արի ու տես՝ Հայատանում էլ կան մարդիկ, ովքեր ուրախացան այդ նամակից։ Ավելին, սկսեցին այն ներքաղաքական շահարկումների նոր թեմա դարձնել։
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ հայտարարությունը հայաստանյան և արցախյան իրականության վրա. ոչ մի։ ՀՀ նախագահը հստակ պատասխանել է, որ հնչեցված հարցերը ոչ մի առնչություն ու ազդեցություն չունեն Լեռնային Ղարաբաղի հարցի հետ։ Արցախը եղել, մնում ու մնալու է Հայաստանի հետ նույն տնտեսական գոտում (վայ հայրենասերները իրենց գործունեությամբ թող ջուր չլցնեն Ադրբեջանի ջրաղացին)։ Սահմանների, մաքսակետի հետ կապված որևէ հարց այդ համատեքստում քննարկման առարկա դառնալ չի կարող։ Ու զարմանալի է, թե ինչու են որոշ ուժեր այդքան ջերմեռանդորեն շեփորահարում ալիևյան քիմքին այնքան հարազատ ձևակերպումներն ու տեսակետները։
Կեղծ հայրենասերների մի կատեգորիա է հայտնվել, ովքեր հայրենասիրությունը շփոթում են բարձրագոչ լոզունգների, պաթոսով ելույթների հետ։ Ո՞ւր էին այդ «հայրենասերներն» ու Արցախի մասին մտածողները ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Հայրենիքի մասին սին խոսքեր պետք չեն, հայրենիքը գործով են սիրում։
Անկախ ամեն ինչից՝ Ղարաբաղի հետագա կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել, քան այսօր է։ Դա Հայաստանում գիտեն բոլորը, ու հատուկ դասեր այդ կապակցությամբ պետք չեն։
Ղարաբաղի հարցը Եվրասիական միության տիրույթում չէ, այն ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է։