Այսօր ուզում եմ խոսել մի շատ նուրբ խնդրի մասին, որ ցավոք ոչ ոք ապահովագրված չէ դրանից: Կյանքում ցանկացած նորաստեղծ իրավիճակ ղեկավարելու համար պահանջվում է մեծագույն ուժ, խոսքն այն գերբնական ուժի մասին է, որ մեզ է տրվում ի վերուստ, երբ դու դրա կարիքն ունես, որպեսզի դիմադրես, տոկաս ու հաղթահարես քո առջև ծառացած դժվարին խնդիրները:
Ուզում եմ անդրադառնալ մայրանալու, մայր դառնալու գաղափարին և դրանից բխող անցանկալի պրոբլեմներին, որ երբեմն դառնում են ճակատագիր և դու պարտավոր ես այն կրել քո ուսերին, ինչպես խաչ: Ամեն աշխատանք չէ, որ կարող է համեմատվել մայրական պարտականությամբ, պարտաճանաչությամբ և այլ հատկանիշներով: Ինչպես գիտենք, մայրը բարդ ֆենոմեն է, որն ունի հոգեբանական, մշակութային, անահատական իր առանձնահատկությունները և ֆիզիոլոգիական մեխանիզմները: Հետևաբար, պատկերացնենք, թե ինչ է կատարվում այն պահին, երբ երեխան ճանաչվում է հաշմանդամ, նրա մոր ուսերին ընկնում է անչափ ավելի մեծ թե’ ֆիզիկական, և թե’ հոգեբանական բեռ, քան առողջ երեխայի մոր ուսերին: Հաշմանդամ երեխայի մայրն իրեն բաժին ընկած դժբախտությունից ցնցվում է, քանզի հաշմանդամ երեխան ոչ միայն ուշադրության, խնամքի կարիք ունի, այլ նաև դառնում է դյուրագրգիռ ու քմահաճ։ Անմիջապես հարցեր են առաջանում`արդյո՞ք կարող է նա կրկին աշխատել կամ երբեւէ աշխատել, արդյո՞ք կբավարարի նրա ժամանակն ու համբերությունն իր մյուս երեխաների և ամուսնու համար, արդյո՞ք կօգնեն իր բարեկամները և այլն: Նաև դյուրին չէ ընտրության խնդրի լուծումը տալ երեխային գիշերօթիկ դպրո՞ց, մանկատու՞ն, թե թողնել ընտանիքում, դաստիարակել և ուսում տալ տա՞նը, թե ուսումնական հաստատություն և այլն: Մայրը դառնում է իրավիճակի գերին: Նա դառնում է ավելի անվստահ, վախի զգացողությամբ՝ խուսափելով հետագայում դատապարտվելուց: Դա մի սթրեսային երևույթ է` ծուղակ, որը միշտ կխոչընդոտի ամենակարևոր խնդրի լուծմանը, այն է, որ ընտանիքը պետք է ապրի իր լիարժեք կյանքն անբուժելի հիվանդ երեխայի հետ: Դա, միանշանակ, ամբողջովին կախված է մոր առողջությունից և աշխարհընկալումից: Ահա փորձեցի հնարավորինս ներկայացնել մի բարդ իրավիճակ և սպասում ենք Ձեր մեկնաբանություններին:
Հարգարժան ծնողներ, եթե դուք էլ առնչվել եք նմանատիպ խնդրի, ապա մի հուսալքվե՛ք, «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը միշտ Ձեր կողքին է, ինչպես նաև նմանատիպ այլ ՀԿ-ներ և հիմանադրամներ, որոնք միշտ պատրաստել աջակցել բոլորին, ովքեր իրենց օգնության կարիքն ունեն...
Պազապես հիշեք Դեյլ Կարնեգիի հրաշալի խոսքերը` եթե ձեզ բաժին է ընկել կիտրոն, ապա ստացեք նրանից կիտրոնահյութ:
Հարգելիներս, եթե երբևէ առնչվել եք նմանատիպ խնդիրների կամ ունեք ինչ-որ Ձեզ տանջող հարցեր, ապա առանց երկմտելու կարող եք դիմել «ԷԽՈ» ՀԿ թիմին: Ավելին՝ մեր պաշտոնական կայքէջում www.echongo.com:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել