Նազարբաևը Ղազախստանում որքան էլ «ելբասի» է, միևնույն է, իր սահմաններից դուրս մնում է սոսկ Նազարբաև, ուստի դժվար չէ ենթադրել, որ Ղազախստանի նախագահի «մտահոգությունները» որևէ առարկայական խոչընդոտ չեն կարող ստեղծել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում:
Իսկապես, Նազարբաևը «տհաճություն» արեց, բայց այնպես է ստացվել, որ Ղազախստանի պարագայում սա առաջին նման դեպքը չէ: 2013 թվականի դեկտեմբերի 24-ին Մաքսային միությանը միանալու Հայաստանի ճանապարհային քարտեզի ստորագրման ժամանակ Նազարբաևը կրկին խոսել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իր «մտահոգությունների» մասին, սակայն, ինչպես տեսնում ենք, փաստաթուղը ստորագրվեց, իսկ «մտահոգություններից» և ոչ մեկն էլ նրանում տեղ չգտավ:
Նախորդող շրջանում ևս Ղազախստանն աչքի էր ընկել, մեղմ ասած, տարօրինակ պահվածքով: Օրինակ` 2010 թվականին, երբ Ղազախստանը ստանձնել էր ԵԱՀԿ-ի նախագահությունը` մինչ այդ չեզոքության երաշխիքներ տալով ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ (քանզի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է հենց ԵԱՀԿ-ն` ի դեմս Մինսկի խմբի), նույն տարում Իսլամական համերաշխության կազմակերպությունում նպաստում էր պրոադրբեջանական բանաձևերի ընդունմանը:
Այլ հարց է, որ ԵԱՀԿ-ում նախագահությունը ղազախ «ելբասին» փորձում էր օգտագործել սեփական ինքնագովազդի համար, և արդյունքներն ամենևին էլ միանշանակ չէին: Բայց որ այդ երկիրը չկարողացավ վեր կանգնել իր էթնիկական, կրոնական ու ներքին խնդիրներից և գլոբալ հարթության մեջ պատասխանատվություն ստանձնել, փաստ է:
Այս առումով հետաքրքիր է հատկապես Ղազախստանի՝ որպես ռազմաքաղաքական դաշնակից լինելու հանգամանքը: Իհարկե, փաստ է, որ ոչ ղազախներն են օգնելու Հայաստանին դիմակայելու հավանական ագրեսիան, ոչ էլ Հայաստանն է ղազախներին օգնելու՝ հակահարված տալ իսլամիստների հավանական ներխուժմանը (չնայած ՀԱՊԿ շրջանակներում այս պարտավորությունները կան): Սակայն գոնե դիվանագիտական հարթության մեջ այդ դաշնակցությունը կենդանությանը որևէ նշաններ պետք է ցույց տա:
Փաստ է, որ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների մակարդակում Ղազախստանը միշտ էլ «ծլկել» է Հայաստանի հետ կապված հարցերի քննարկման ու որոշումների կայացման ժամանակ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ «ծլկելը» ղազախական դիվանագիտության ունիվերսալ մարտավարությունն է: Դրան ականատես եղանք հատկապես այս տարվա մարտի 27-ին ՄԱԿ-ի ԳԱ-ում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության» վերաբերյալ բանաձևի քվեարկության ժամանակ: