Emedia.am-ը գրում է.

Անցյալ շաբաթ երկու կարևոր համաժողովներ տեղի ունեցան Երևանում հաջորդ տարվա Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախապատրաստության շրջանակում:

Մայիսի 26-ին կայացած առաջին հանդիպմանը ներկա էին Ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, որոնք տեղեկացրեցին 2015 թվականի ապրիլի 24-ի իրենց առաջիկա ծրագրերի մասին: Այս առիթով ներկայացվեցին Հարյուրամյակի խորհրդանշանը և կարգախոսը` «Ես հիշում եմ և պահանջում»: Մասնակիցների համար համաժողովը եզակի հնարավորություն էր տեղեկատվության փոխանակման և միասնական ջանքերի համախմբման քննարկման առումով:

Մայիսի 27-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպումը համախմբեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներին և տասնյակ հայ դիվանագետների ու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների
համայն աշխարհից: Պետական հանձնաժողովի կազմում են Հայաստանի և Արցախի 
ղեկավարությունը և սփյուռքի խոշորագույն հայկական կազմակերպությունների նախագահները:

Նախագահ Սարգսյանը հանդուգն քայլ կատարելով հայտարարեց, որ հրավիրել է Թուրքիայի նախագահին այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու նպատակով: Անակնկալի գալով, թուրքական իշխանությունները դեռևս չեն պատասխանել այս մարտահրավերին: Հայաստանի նախագահը նաև տեղեկացրեց համաժողովի մասնակիցներին, որ հրավերներ է ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին այդ օրն այցելելու Երևան: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն հաստատել է, որ մտադիր է մասնակցել Հայաստանում Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին:

Պետական հանձնաժողովի անդամների ելույթներից հետո, Արգենտինայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հանդես գալու համաժողովում: Ինձ ևս խնդրեցին ելույթ ունենալ որպես Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի համանախագահ:

Ելույթս սկսեցի բացատրելով, որ աշխարհասփյուռ հայությունը չպետք է համակված լինի այն ակնկալիքով, թե արդյոք նախագահ Օբաման կներառի ցեղասպանություն բառը 2015 թվականի ապրիլի 24-ի իր «հիշատակման» ուղերձում: Հակառակ տարածված թյուրըմբռնման` Միացյալ Նահանգների կառավարությունը բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սկսած 1951 թվականից պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելով  Միջազգային դատարան, Ներկայացուցիչների պալատի 1975 և 1984 թվականների բանաձևերով և 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախագահական հռչակագրով: Հետևաբար, խիստ անհրաժեշտություն չկա պնդելու, որ նախագահ Օբաման ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը` բացի իր տված խոստումը հարգելու և սեփական պատիվը փրկելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել