Վերջին շրջանում Ադրբեջանն առանձնակի ակտիվություն է դրսևորում ոչ միայն առաջնագծում իրականացվող տարաբնույթ սադրիչ օպերացիաների, այլև տեղեկատվական հարթակում: Պատերազմի քարոզչություն ու անկայուն իրավիճակներ հրահրող հայտարարությունները առավել սուր բնույթ են կրում: Պարզորոշ կերպով նկատելի է, որ Ադրբեջանից հնչող հայտարարություններում գերիշխող են ձևակերպումներ, որոնք որպես կանոն հնչեցվում են ահաբեկչական կազմակերպությունների կողմից: Մայիսի 27-ին Ադրբեջանում նշվող հանրապետության տոնի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկում ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ասելով. «Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, հակառակ դեպքում, այդ երկրին մութ ճակատագիր է սպասվում»: Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ եթե Հայաստանը կատարի իրենց պահանջները, ապա «միգուցե այդ պարագայում աշխարհի քարտեզում Հայաստանը որպես ինքնիշխան պետություն իր տեղը կպահպանի»: Իսկ ահա մայիսի 31-ին «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, որը, ի դեպ, սերտ համագործակցության մեջ է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ (ռազմական բլոկին վերաբերող կարևորագույն նյութերը մշտապես «ԱՊԱ»-ի կողմից են ներկայացվում` շատ ժամանակ «անանուն աղբյուրներին» հղումներով, որոնք որպես կանոն հետագայում հաստատվում են) իր աղբյուրներին հղում կատարելով, հրապարակում է տպագրել այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փակ խորհրդակցություն անցկացնելով հրամանատարական կազմի հետ, «խստորեն հանձնարարել է թշնամու նկատմամբ լինել առանձնակի դաժան»: Տարիներ առաջ ճիշտն նույն ձևակերպումներով հայտարարություններ էր տարածում աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը` «Ալ-Ղաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա բեն Լադենը, ով հոխորտալով նշում էր, թե Արևմուտքին դաժան հաշվեհարդար է սպասվում: Դաժանությունը որպես գործելաոճ հատուկ է ահաբեկչական խմբավորումներին, որոնք շատ ժամանակ դա անում են հրապարակային ձևով. տեսագրում են դաժան ու անմարդկային գործողություններ, ապա այն տարածում լրատվամիջոցներում: Այս ֆոնին բավականին հետաքրքրական է ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի այն հայտարարությունը, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտություն կա: Մի կողմից նախագահների մակարդակով հանդիպումները հնարավորություն են լիցքաթափելու լարված իրավիճակը, սակայն մյուս կողմից, նման իրավիճակներում, անիմաստ է խոսել բանակցային գործընթացի դրական ակնկալիքների մասին: Ինչի՞ մասին կարող են խոսել երկու նախագահները, երբ Ադրբեջանը ակնհայտ շանտաժի է դիմում՝ հավանական հանդիպումից առաջ հանդես գալով այնպիսի հայտարարություններով, որի պարագայում անիմաստ է խոսել բանակցությունների կամ հանդիպման արդյունավետության մասին: Ադրբեջանի նպատակն է վերջնականապես ձախողել բանակցային գործընթացը, ինչը արկածախնդրության գնալու համար վերջինս համար պարարտ հող կստեղծի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել