Աստանայում մեզ համար արտակարգը Ալիևի գրած, Պուտինի ու Լուկաշենկոյի հավանությանն արժանացած ու Նազարբաևի կարդացած նամակը չէր, այլ Հայաստանի նախագահի դրսևորած վարքային ու պաշտոնեական ոչ ադեկվատությունը կատարվողին: Ասվածի տոնն ու ձևը ոչ թե միջպետական հարաբերություների ոլորտից էին, այլ անձնական նսեմացման ու ստորացման:
Ըստ կատարվածի պարզ է, որ սեղանի շուրջ նստածները մեզանից լավ գիտեին մեր նախահագին և նրան իր անձնական տեղն էին ցույց տալիս՝ իրենց շարքում անարժան լինելու տեղը: Նրանում, որ Նազարբաևը էթնիկապես թուրք է և ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, կասկած չկա: Պուտինի ու Լուկաշենկոյի վարքն էլ թուրք-ռուսական շահերի ծիրում է:
Բայց հարց է ծագում՝ ինչ գործ ուներ ներկա գեոքաղաքական աշխարհի ամենակարևոր խաչմերուկներից մեկի՝ Հայաստանի նախագահը նման հավաքում՝ որպես քավության նոխա՞զ:
Չէ որ մերոնք արդեն 25 տարի է իբր մանևրում էին Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ու տպավորություն կար, որ ներսում կառավարել չիմանալով հանդերձ, ոնց որ թե գոնե մինիմալ խորամանկություն ունեն կողմորոշվելու աշխարհում և օգտվելու Հայաստանի շահավետ դիրքից: Սակայն սեպտեմբերի 3-ն ու դրանից հետո կատարվածը ու առավել ևս Աստանայում ամրագրվածը, ցույց են տալիս, որ «տղերքը» դրսում ներսից բեթար են, և չեն էլ հասկանում, թե ինչ են անում:
Այլապես Աստանայից հետո ժողովի չէին հավաքվի ու նոր խրոխտությամբ աշխարհով մեկ հոխորտա, թե մենք ի՞նչ գործ ունենք Ղարաբաղի հետ:
Հայկական իշխանություններ կոչված յուրօրինակ գոյացությունն իր հազարավոր տգետ պաշտոնյաներով արդեն դառնում է անտանելի ոչ միայն Հայաստանի, հայության, այլև դրսերի համար: Կես դարձած երկրի ներսում փաստացի մարդկային ռեսուրս ու լծակ չկա իշխանափոխության համար, իսկ դրսում էլ, օգտվելով դրանից, արդեն դրել են Հայաստանի, որպես պետության, ֆիզիկական վերացման հարցը:
Մենք 25 տարի շարունակ սխալը սխալի ետևից անելով՝ դեռ իբր պետություն ենք, և կործանվում ենք զուտ մարդկային սխալների՝ մասնավորապես նախագահների ծայրահեղ պաշտոնեական անհամապատասխանության պատճառով:
Հասկանալու համար մեր հանդեպ կատարվողը, մտովի ետ վերադառնանք սեպտեմբերի 3-ը, և հասկանանք, թե ինչ է կատարվել այդ օրը:
Արդեն կային երեք երկրների միջև գործող Մաքսային միությունը և խոսակցություններ կազմվելիք Եվրասիական միության մասին: Պուտինը հրավիրեց հայկական նախագահին Կրեմլ և ստիպեց (միգուցե խնդրեց, պարտադրեց, հորդորեց՝ ով գիտի՞) մտնել Մաքսային միություն:
Պուտինը հրավիրեց ու պարտադրեց, բայց ինչո՞ւ նախագահը գնաց ու զիջեց: Չէ որ շատ լավ գիտեր, որ թուրքերը դեմ են լինելու վերջնական որոշմանը, որ Հայաստանի ու ՄՄ միջև ընդհանուր սահման չկա, որ Հայաստանի էնտեղ լինելը-չլինելը զրոյական իմաստ ունի Մաքսայինի համար՝ տնտեսական առումով:
Հետևաբար, խորամանկի համբավ ձեռք բերած նախագահն ու իր խորհրդատուները նույնիսկ մինչև գնալը պետք է հասկանային, որ կանչում են քաղաքական զիջումների կամ էլ ինչ-որ այլ խաղերի համար խամաճիկ դարձնելու համար:
Նրանք պետք է փորձեին գոնե կռահել, թե Հայաստանը Մաքսային մտցնելով, Պուտինն ինչ հեռահար նպատակներ է հետապնդում:
Այն ժամանակ արդեն պարզ էր, որ Ուկրաինան էլ է բանակցում Եվրամիության հետ, և Պուտինն ունի Ուկրաինային ներգրավելու՝ Հայաստանից միլիոն անգամ ավելի կարևոր հարցն իր համար: Եվ որ Հայաստանն օգտագործում է որպես խայծ՝ Ուկրաինային ներքաշելու համար: Դա նույնիսկ մանկապարտեզի երեխային հասու հաշվարկ էր: Բայց պարզվեց, որ մեր նախագահի համար դժվար է Պուտինի հետ բանակցելը (ինքը բառացի էր ասել՝ գիտեք՝ հե՞շտ է Պուտինի հետ բանակցելը), և սեպտեմբերի 3-ին Մաքսային միության համար զուտ նեգատիվ ունեցող Հայաստանի միացումն ապահովվեց առանց որևէ առարկության:
Արդյունքում Հայաստանը ստիպված եղավ դուրս գալ Եվրոպայի հանդեպ պարտավորություններից և խեղկատակ դառնալ աշխարհի առջև: Ապա և ռուսներից առաջ ընկած սկսեց մաքսայինին անդամագրվելու թղթերը սարքել, ու ռուսների կամեցողությամբ միջազգային բանաձևեր քվեարկել:
Մայդանն ու ուկրաինական պրոցեսները եղան-անցան, Ուկրաինան իրոք անկախացավ Ռուսաստանից, Ղրիմն էլ անկախացավ Ուկրաինայից ու իսկույն միացավ Ռուսաստանին: Իսկ Հայաստանը մնաց իր անլրջության մեջ՝ ոնց կար:
Այսօր արդեն սպառնալից վիճակ է մեր մոտ՝ բոլոր առումներով: Պետականությունն իբր կա, բայց իրականում չկա: Նախագահ իբր կա, բայց իրականում չկա: Մաքսային միությունում անդամություն իբր կա, բայց իրականում չկա: Ղարաբաղն իբր կա, բայց իրականում արդեն չկա:
Հայաստանն ու Ղարաբաղը, այսինքն այն, ինչ ձեռք էր բերվել ամբողջ ազգի զոհաբերումներով, կես ազգի արտագաղթով, հարյուր հազարավորների ճակատագրերի դաժան կործանումով, վերանում է:
Ըստ որում վերանում է արագ, մի քանի ամսվա ընթացքում, մեկ անձի ու նրա իսկ կազմած իշխանականի ոչ ադեկվատության պատճառով՝ առանց նույնիսկ նվազագույն քաղաքական ու դիվանագիտական դիմադրության: Այդ դեպքում քանի՞ կոպեկ արժեն հայկական բանակն ու զենքերը, եթե մեկ մարդը կարող է այդ ամենը հողին հավասարեցնել իր թուլություններով:
Քաղաքական դաշտը անորոշության, շփոթմունքի ու նոկդաունի մեջ է՝ չկողմնորոշվելով, թե ինչ է լինելու և ինչ է հնարավոր անել:
Երկրները կառուցվում են սերունդների ու միլիոնավորների ինտելեկտուալ ու քրտնաջան աշխատանքով: Բայց և կարող են մի գրչի հարվածով վերանալ, եթե գրչին տիրապետելու իրավունք է տրված ոչ համապատասխան մեկին: Անկախությունից ի վեր մենք ձևակերպեցինք Հայաստանը որպես մեկ մարդու կամքին ենթակա ֆեոդալական կալվածք:
Բայց, ցավոք, 21 դարում ենք և պարտավոր ենք ժամանակի պահանջներին ենթարկվել: Իսկ ենթարկվելն էլ հանգեցրեց այս տխուր երկրին, նրա ողբալի ներկային ու աղոտ ապագային:
Մենք՝ հայերս, փիլիսոփա ժողովուրդ չենք, և իմ խորին համոզմամբ, պետականության մեր ողբալի վիճակի հիմքը հենց դա է:
Նժդեհը մեր մեջ եղած եզակիներից էր, ով աշխարհին էր նայում լայնախոհ փիլիսոփայականով: Եվ հենց այդ փիլիսոփայականն էր, որ նրան տվել էր գիտակցված քաջությունը և պատասխանատվությունը՝ հանդեպ ինքն իրեն, մարդը և ազգը: Ի տարբերություն Նժդեհի՝ մենք ազգովի, օրվա հացով ապրող մահկանացուից վեր չբարձրացանք և ստիպված ենք լինելու ճաշակել նման փոքրության հետևանքները: