Երկու օր առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայեվը Եվրասիական Տնտեսական Միության գաղաթնաժողովին հայտնեց այն մասին, որ Ադրբեջանի նախագահը նամակ է ուղարկել, որտեղ առաջարկում է Հայաստանին ընդունել ԵՏՄ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Մոտ երկու րոպեյի ընթացքում Նազարբայեվը իրար խառնեց համայն հայությանը կամ համայան ակտիվ հայությանը կամ էլ համայն ֆեյսբուքահայությանը: Այդ նույն հայության արձագանքը բավականին հակասական էր և Է՛: Մի փոքր մասը հայկական կողմի հնարավոր չհնչեցված պատասխաններն է առաջարկում, իսկ մեծ մասը կամ չարախնդում է «էտ էլ ձեր ՄՄ-ն ու ռուսները» տարբերակով կամ էլ «Ղարաբաղը տալու ենք, ձև չկա»տարբերակն են առաջ քաշում: Վերջինների ընդհանրությունն այն է, որ էսպես, թե էնպես ճամպրուկային տրամադրության մեջ են ու  բացարձակապես հետաքրքրված չեն ո՛չ  Արցախով, ո՛չ էլ ի դեմս Ս. Սարգսյանի մեր պետության թասիբով և այլն:

Մայիսի 29-ին Ս. Սարգսյանի  և Է. Նալբանդյանի փոխարեն Աստանայում կլոր սեղանի շուրջ նստած էր յուրաքանչյուր ոք, ով իրեն համարում է հայ և ՀՀ քաղաքացի: Այն շփոթմունքը, որի մասին չարախնդում են գրեթե բոլոր լրատվականները, յուրաքանչյուրիս շփոթմունքն է,  անհարմար իրադրության մեջ հայտնվեց ոչ թե Ս. Սարգսյանը, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները: Եվ վերջապես Հայաստանի ճանաչված ու չճանաչված մարզերի միջև սահմանային կետի տեղադրումը իր բոլոր խաղաղ և ռազմական հետևանքներով ի վնաս է ոչ թե Ս.Սարգսյանի, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին:  Բնականաբար կարելի է փնտրել պատճառներ ու մեղավորներ, կարելի է տարատեսակ քննադատական ելույթներ ունենալ և վերջապես կարելի է արտագաղթել: Չէ՞ որ սա նոր և հարմար առիթ կարող է հանդիսանալ փախուստն արդարացնելու համար (Խոսքս չի վերաբերվում ո’չ անցյալում, ո՛չ էլ այսօր արտագաղթող այն քաղաքացիներին, որոնք ամեն կերպ փորձելով ապրել և արարել Հայաստանում, անհաջողության են մատնվել և հեռանում են):

Երբևէ չեմ ընդունել և չեմ արդարացրել ներկայիս իշխանությունների գործելաոճը և քաղաքականությունը, բայց միևնույն ժամանակ վստահաբար կարող եմ ասել, որ այդ բոլոր բողոքողների, քննադատողների, ծաղրողների և փուչ- փուչ խոսացողների մեջ ՉԿԱ մի ուժ, որը կարող է  և ի զօրու է նոր մոտեցումներ առաջարկել ժողովրդին և իրականացնել դրանք թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Բնավ էական չէ, թե այդ ուժը լոկալ բնույթի կլինի, եվրոբայեն եգած փողերով կլնի, թե ուրիշ մի բան:

Այսօր աջ ու ձախ այդ նույն ելույթ ունեցողները քննադատում են Միկոյանի արձանը տեղադրելու գաղափարը: Ինչու՞: Մարդը իր ժամանակի գաղափարախոսության մեջ լավ էլ առաջ ա քայլել: Այսօրվա քննադատությունները տեղին կլինեին, եթե մենք մի գաղափարախոսություն կունենաինք, իսկ դրան էլ Միկոյանը ու իրա արձանը կհակասեին: Բայց էտ գաղափարախոսությունը չկա: Իսկ հիմնական փաստարկի՝ հայերին կոտորելու գործում մեծ ներդրում ունենալու մասին կհարցնեմ, թե էտ երբանի՞ց հայասեր դարձանք, երբվանի՞ց սկսեցինք հայի արյուն գնահատել, որ հիմա էլ հայերին կոտորելու համար իր արձանին դեմ ենք:Հենց հակառակը՝ թող էտ արձանի մոտով անցնելիս ամեն մեկը իրեն հարց տա, արդյո՞ք տարբերություն կա իր ու Միկոյանի միջև (բացի պասիվ ու ակտիվ ռեժիմները), թե՞ ոչ:

Եվ հենց այսօրվա գաղափարական վակումի ու դրա հետևանք հանդիսացող ազգային ուժի բացակայության պայմաններում, ճիշտ կլիներ գոնե առժամանակ մի կողմ դնել անձնականը և փորձել միասնաբար՝ անկախ կուսակցությունից ու իշխանություն- ընդդիմությունից, շահեկան դիրքերով դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության իր 12 մարզերով:

Հ.Գ. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ունի ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆնշանակություն և ՀԻՄԱՐ է այն մարդը, ով խաղաղություն և անվտանգություն է պատկերացնում առանց Արցախի մարզի կամ դրա չնչին հատվածի: Ցավոք շատ քչերն են հասկանում, որ Հայաստանը առանց իր ամբողջականության (և դեռ մի բան էլ ավել) առաջընթացի հնարավորություն չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել