Tert.am-ը գրում է.

Մեր երիտասարդության 43 տոկոսը գործազուրկ է. Համաշխարհային բանկն ասում է՝ այստեղ էլ եք կեղծ համեստություն արել՝ 58 տոկոսից պակաս չէ, հաստատ։ Եթե ո՛չ ՀԲ–ի տոկոսի տակ մնանք, ո՛չ էլ՝ մեր պաշտոնական վիճակագիրների «մուննաթին»՝ միջինացված ցուցանիշը հրապարակենք, երկու երիտասարդից մեկը հաստատ անգործ է։ Եվ քանի որ սա ռազմական գաղտնիքից վերան փաստ է և կարող է ընդհուպ հոսել թշնամու ջրաղացը՝ խարխլելով երկրի ազգային անվտանգությունը, ուստի հատուկ մեր թշնամիների համար ասենք, որ մեր պետությունն ամենևին էլ քնած չէ և ամեն տարի առնվազն 5 միլիարդի պետպատվեր է իջեցնում ԲՈՒՀ–երի վրա, թե՝ հարգելի՛ երիտասարդներ, գնացեք՝ պետության հաշվին կրթվեք, մասնագետ դարձեք։ Դե՝ նվեր ստացած ձիու ատամունքը հաշվելն էր ահագին խայտառակ զբաղմունք է, դրա համար էլ պետության փողով սովորող ուսանողի լեզուն չի պտտվում ասի թե՝ ա՛յ իմ անկախ, ազատ, ներողություն արտահայտությանս համար՝ ժողովրդավար ու սոցիալական պետություն ջա՛ն, ասենք՝ գնացի, սովորեցի, վաղն իմ երեխային կարողանալու՞ եմ պահել քո տված մասնագիտությամբ։ Ախր եթե քեզ պետք չէր այդ մասնագիտությամբ մարդը, ինչու՞ փող տվեցիր, թե՝ գնա, մասնագետ դարձիր. ինձ, իմ ժամանակը չես ափսոսում, գոնե քո փողն ափսոսա, որ պոկել ես հազարների բերանից և հատկապե՛ս ինձ նվիրաբերել։ Դե՝ հիմա թշնամու ականջը խուլ, ամեն տարի 4 հազար տնտեսագետ ես արտադրում՝ լավ իմանալով, որ մեր երկիրը, քարը ճաքի՝ 250,300 հազար տնտեսագետի պահանջարկ ունի։ Ասենք՝ ինժեները կգնա, գլուխը որպես էլեկտրիկ կպահի, բա էն հումանիտարնե՞րն ինչ սև անեն. թարսի պես էլ հումանիստ ես ու ամենաշատը հենց դրանից ես արտադրում, որոնց իսկի կեսը չի կարողանում խցկվել քո աշխատաշուկա և քեզ վաճառել քո իսկ պատվիրած ապրանքը։ Դե՝ հիմա աչքդ լույս՝ սողանքը գնում է. այսօր աշխատանքային միգրանտների կեսից ավելին երիտասարդներն են, ուղիղ 98 տոկոսը՝ վերարտադրող տղամարդիկ։ Բա ե՞րբ ես քեզ նեղություն տալու, նստես, գոնե մի չոբանահաշիվ անես, թե այսպիսի խրոխտ լոքերով գնալու դեպքում քանի երեխա կունենաս դու, որ վաղը ժողովես դպրոց, բանակ տանես, կարողանաս վրադ պահել պետականությունդ, որ փողքերդ չընկնի ու քեզ տկլոր չկանգնացնի աշխարհի առաջ։ Բա մի երկիր ունենա այսքան ահռելի ստեղծագործական էներգիա ու չկարողանա՞ ձեր հանգով ասած՝ արդյունավետ մոտիվացնել։

Այսօր արդեն եթե զբաղվածության շուկայից անջատենք սեզոնային աշխատողներին, երկրի գործազրկության ցուցանիշը կհասնի 73 տոկոսի։ Ու դու շատ լավ գիտես, որ էդ աշխատանք կոչվածն էլ մենակ էդ անտեր փողը չի, արժանապատվություն, առողջություն, ո՞րն ասեմ, ամեն ինչ է։ Ասում են՝ մեզ շրջափակում են, մեր ապրելը չի ուզում մեր դարավոր ոսոխը. Թայվանը համարյա մեր տարածքի չափ է և այնպիսի մի դիվանագիտական շրջափակման մեջ է, որ մի երեսուն երկիր էլ չի ճանաչում նրա անկախությունը, բայց այդտեղ 23 մլն մարդ է ապրում, և նորագույն տեխնոլոգիաներով, փոքր և միջին բիզնեսով մտել է աշխարհի ամենաբարձր համախառն արդյունք տվող երկրների քսանյակ։ Այդ ի՞նչ հրաշք է, ինչպե՞ս, իհարկե՝ կրթությամբ, կրթության նկատմամբ դրսևորած վերաբերմունքով. ընդամենը 2 տարում Թայվանը 50 հազար մասնագետ վերադարձրեց երկիր, որոնք թևները քշտած՝ նոր աշխատատեղեր գոյացրին կամ հորինեցին և մեռյալ տեղից բարձրացրին իրենց երկիրը: Այսօր եվրոպացին վախենում է իր ջահելությունից, որովհետև եթե ինքն այսօր պարտավորվել է մինչեւ 25 տարեկան բոլոր երիտասարդներին ապահովել երաշխավորված աշխատանքով, կնշանակի՝ լավ է հասկանում, որ երիտասարդներին թողնել դրսում՝ կնշանակի փողոց նետել ծանր հրետանին, որը վաղն իր թաքստոցներից կրակելու է պետության վրա՝ թմրադեղերից մթագնած ուղեղով, իր չծնած երեխաներով, իր գործած հանցագործություններով, քայքայված առողջությամբ, իր դժգոհության բարձր ինդեքսով: Կներե՛ք, մի քիչ հախուռն ստացվեց, բայց այս խոհերով գնացի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ զրույցի, ու պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ նա ինձ պատահած միակ նախարարն է, ով չցանկացավ անգամ ծանոթանալ մեր զրույցի սղագրությանը, «չքաշքշեց» նյութը, մեկ շտկում անգամ չարեց նրա վրա, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում նրան։ Զրույցը բավականաչափ ծավալուն է. մեզ իր ավելի քան 160 հարցերով միացել է նաև ֆեյսբուքյան հարթակը, ուստի այն ներկայացնում ենք հատվածաբար։

-Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, ասացե՛ք, խնդրեմ, ո՞րն է մեր կրթական համակարգի փիլիսոփայությունը. այն ամբողջությամբ խզված է աշխատաշուկայից, և ես արդեն կասկածում եմ՝ արդյո՞ք այդ կրթությունը մոտիվացված է։ Մարդն ի վերջո մասնագետ է դառնում, որ այդ մասնագիտությամբ աշխատի, չէ՞։ Իհա՛րկե, կան նաև այնպիսի երկրներ, որտեղ նույնպես բավականին մեծ խզում կա աշխատատեղերի և կրթության միջև, բայց այդ երկրներն ունեն մի քանի տասնամյակ հեռու գնացող զարգացման հայեցակարգեր, և կրթությունը կողմնորոշում են դեպի ապագա աշխատատեղերի բանկը։ Հիմա ո՞րն է մեր կրթական մոդելը։

–Կրթությունն իր բազմաթիվ առաքելությունների մեջ ունի երեքը, որ մեր դեպքում այսօր կարևորվում են. առաջին՝ նպաստել անհատի, քաղաքացու անընդմեջ զարգացմանը, երկրորդ՝ նպաստել հասարակության զարգացմանը, երրորդ՝ նպաստել տնտեսության զարգացմանը։ Դիտարկել կրթությունը՝ բացառապես որպես տնտեսությունն սպասարկող ոլորտ, որտեղ կոփվում են երիտասարդ կադրեր, ովքեր ՀՆԱ են ավելացնելու, նշանակում է՝ սահմանափակել կրթության առավելությունը։ Կրթության այդ երեք առաքելություններն անքակտելի են՝ անհատ, հասարակություն, տնտեսություն։

–Հիմա ո՞րն է մեր առաջնահերթությունը, կներե՛ք, սոված գործազուրկն ինչպե՞ս ծառայի այդ վեհ նպատակներին։

– Տնտեսության մասով, այո՛, մենք ունենք ընդգծված խնդիրներ, հատկապես՝ մասնագիտական կրթության ոլորտում աշխատաշուկայի հետ կապն այսօր տեսանելի չէ։ Եվ դա երկկողմ մեդալ է, որովհետև, այո՛, կրթության ոլորտի ծառայությունները միշտ չէ, որ ժամանակակից են։ Այս պարագայում ստիպված եմ ընդունել նաև մեր մեղքը, բայց շատ կարևոր է այն հանգամանքը, որ տնտեսության բազմաթիվ ճյուղեր կամ տնտեսվարողներ իրենք էլ ամբողջությամբ չեն գիտակցում, որ երիտասարդ կադրերը տնտեսության վաղվա զարգացման կամ հավելյալ արժեք ստեղծող հիմքն են, հետևաբար՝ աշխատաշուկայի հետ կապը պետք է երկկողմանի լինի։ Աշխատուշուկան էլ գործատուների դեմքով պետք է գա դեպի կրթություն։

–Եթե կրթությունը որպես արժեք ենք դիտարկում, Դուք՝ որպես ոլորտի պատասխանատու, քանի՞ բալ կտայիք մեր կրթական համակարգին, եթե գնահատելու լինենք 5 բալանոց համակարգով։

 –Ես գիտեմ, որ Ձեր հարցազրույցների ժամանակ մարդիկ շատ ազնիվ են տրամադրվում։ Փորձենք հնարավորինս բաց խոսել։

 –Շնորհակալություն։

–Կրթության ֆենոմենը հայ ժողովրդի համար կենացային ֆենոմեն է դարձել։ Մենք շատ ենք խոսում այն մասին, որ սիրում ենք կրթությունը, մենք մեր երեխաների համար անում ենք այն ամենը, ինչ հնարավոր է՝ ոսկեղենը լոմբարդում թողելուց սկսած։ Բայց մենք կրթության արժևորումն իրականացնում ենք միայն հրապարակային, բայց իրականության մեջ, ցավոք, ո՛չ, որովհետև կրթությունն այսօր Հայաստանում բարեկեցության բացառիկ նախապայման չէ։

–Ըստ Ձեզ՝ նորմա՞լ է, երբ մարդու բարեկեցությունը պայմանավորված չէ նրա կրթությամբ ու մասնագիտական որակով։

–Իհա՛րկե, նորմալ չէ։ Ես էլ հենց դա եմ ուզում ասել։ Արդեն երկար տարիներ է՝ Հայաստանում առաջընթացի, սոցիալական վերելակներից օգտվելու հնարավորությունը կրթությամբ պայմանավորված չի եղել։ Բայց ընդունեք, որ այսօր կտրուկ շատանում են հաջողության պատմությունները։ Մարդիկ, ովքեր մեծահարուստների բարեկամ, ծանոթ ու խնամի չեն, կարողանում են կրթությամբ հարթել իրենց ճանապարհը՝ լինի դա քաղաքականության, տնտեսության, թե մշակույթի ոլորտում։

–Ամեն դեպքում՝ կրթությունը պետք է մարդուն աշխատանք տա, փող վերարտադրի, չէ՞։ Ստացվում է, որ մեր բուհերն այսօր պարազիտանում են երբեմնի հնչեղ բրենդների վրա և ուղղակի չեն թողարկում շուկայում իրացվելիք գիտելիք, մասնագիտություն։

 –Այդպես չէ, որ կրթությունը պետք է միայն փող վերարտադրի։ 

Կրթական համակարգի խնդիրը նաև քաղաքացի մեծացնելն է, արժեհամակարգ փոխանցելն ու վերարտադրելն է, ինչը որպես ազգ ստացել ենք նախորդ սերունդներից։ Իհա՛րկե, նաև ժամանակակից աշխարհի մարտահրավերներին արձագանքելու ունակությունների ձևավորումն է։ Այսօրվա դպրոցի իմաստը ժամանակակից հայի դաստիարակության մեջ է։ Ինձ համար ժամանակակից բառը պակաս կարևոր չէ, քան հայ բառը։

 –Տեսեք, ժամանակակից դպրոցի, ժամանակակից գիտելիքի մասին ենք խոսում։ Մենք միշտ հղում ենք անում հանրակրթությանը և ասում, թե մեր ամենագլխավոր առաջնայնությունը դպրոցն է, ավելին՝ այն մեր ազգային անվտանգության հիմնասյունն է։ Երեք տարի առաջ, երբ գլխավորում էի «Փաստ» մեդիացանցը, լրագրողներից մեկին խնդրեցի վերցնել իր «նոթբուքը», այցելել մի քանի դպրոցներ և խնդրել մի քանի ուսուցիչների, որ տեսախցիկի առջև էլեկտրոնային նամակ ուղարկեն, կամ՝ մի բառ որոնեն ցանցում։ Եվ պատկերացրեք՝ վիճակն այնքան աղետալի էր, որ ես ամաչեցի թողարկել այդ նյութի մանրամասները, որովհետև այդ ուսուցիչները վաղը նորից պետք է դպրոց մտնեին, և չհամարձակվեցի եթերում տապալել նրանց։ Հիմա, հուշեք խնդրեմ, ի՞նչ է նշանակում ժամանակակից դպրոց և գիտելիք այս հանրակրթության պայմաններում։

 –Հայաստանը, ըստ վերջին միջազգային հետազոտությունների, ունի եվրոպական լեզվով ասած՝ ամենատարեց, մեր լեզվով՝ ամենափորձառու ուսուցչական կազմը։ Մեր մանկավարժների միջին տարիքն ամենաբարձրն է։ Եվ, իհա՛րկե, դժվար է նախորդ հասարակարգի կոնցեպտի մեջ կոփված ուսուցիչներին բերել ու նոր միտումների մեջ դնել։ Կոնկրետ այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են արվել՝ վերապատրաստումներ թե՛ պետական, թե՛ դրսի դոնորների միջոցներով։

 –Լա՛վ, իսկ որտե՞ղ են արդյունքները։ Ի դեպ՝ մենք մեր դիտարկումներն արել էինք Երևանի կենտրոնի դպրոցներում, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվում մի քիչ ավելի հեռվում, ասենք՝ գյուղերում։

 –Արդյունքներն, իհա՛րկե, 100 տոկոսանոց չեն, բայց դրանք հաստատ ավելի լավն են, քան երեք տարի առաջ։

–Տեսե՛ք, հարցված 50-ից ավելի ուսուցիչներից միայն 3–ը կարողացավ օգտվել էլեկտրոնային փոստից։

 –Հիմա չեմ կարող ասել, որ 50-ից 50-ը կկարողանա էլեկտրոնային նամակ ուղարկել, բայց 50-ի կեսը հաստատ կուղարկի։ Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմի այն արտահայտությունը՝ «Ես 40 տարվա մանկավարժ եմ»։ Չգիտես ինչու՝ այս թևավոր խոսքը որակի նշան է դարձել մանկավարժների շրջանում։ Բայց նրանց դասավանդման մեթոդաբանությունը ժամանակակից չէ։ Մենք ունենք խորհրդային դպրոցի ավանդույթներ, ի դեպ, նաև լավ ավանդույթներ, և մարդիկ այսօր սովետական դպրոցի կարոտախտ ունեն, որովհետև այն անվճար էր, կարճ էր, աշխատաշուկայի հետ ուղիղ կապ ուներ պլանային տնտեսության պայմաններում։ Երկրորդը՝ ունենք ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ, որոնք ուղղակի պարտավոր ենք ներդնել։ Երրորդ՝ մենք այս ամենը պետք է անենք հայկական դպրոցի կոնցեպտի մեջ։ Այսինքն՝ շատ դժվար զուգակցվող բաներ են, որոնք կրթության համակարգի յուրաքանչյուր մասնակցից պահանջում են ստեղծարար և նորարար մոտեցումներ։ Դժվար է 40 հազարանոց մանկավարժական բանակ կառավարել։ Մանավանդ, երբ ուսուցիչների մի մասը մոտիվացված չէ և քիչ դասաժամեր ունի։ Հետևաբար՝ մտածում են՝ «Աշխատեմ, որ ի՞նչ լինի, մեկ է՝ աշխատավարձս չի բարձրանալու, որովհետև դասաժամերս չեն ավելանալու»։

–Ձեզ հետ հարցազրույցի գրառումը ֆեյսբուքում թողնելուց հետո ստացվեց շուրջ 160 հարց, որոնց, ի դեպ, պետք է անպայման պատասխանենք։ Եվ կոնկրետ Գուգարքից ստացված մի հարց կար, որտեղ հենց այս խնդիրն էր բարձրացվում. ուսուցիչն ասում է՝ արդյո՞ք պարոն նախարարը տեսել է ուսուցիչների աշխատավարձերի որևէ ցուցակ, այդ սարսափելի ցածր աշխատավարձերը, որոնցով ապրել չի լինի, և այդպես է ստացվել, որովհետև դասաժամերը քիչ են, և մանկավարժները՝ պահանջարկից մի քանի անգամ շատ։ Ավելի լավ չէ՞ պրոֆեսիոնալ կազմին զինենք ավելի շատ դասաժամերով և մարդկային աշխատավարձ տանք, քան՝ պահենք 40 հազարանոց հոծ բանակ՝ չիմանալով, թե նրանցից քանի տոկոսն է այսօր ի վիճակի սպասարկել մեր երազած հանրակրթությունը։

– Կրթության համակարգը երկու մեծ խնդիր ունի այսօր. մի կողմից՝ այն իր վրա կրում է առաքելություններ, որի մասին մենք արդեն խոսեցինք՝ անհատ, հասարակություն, տնտեսություն, իսկ մյուս կողմից՝ համակարգը սոցիալական խոշոր ճնշումների տակ է։ Այսօրվա ժողովրդագրական փոփոխությունների պայմաններում մենք ունենք աշխատուժի ավելցուկ։ Մենք ունենք պետության կողմից ֆինանսավորվող 5 հազար հաստիք և շուրջ 40 հազար մանկավարժ՝ 15 հազար մանկավարժների ավելցուկ։

–Պարո՛ն Աշոտյան, մեր երեխաների հաշվի՞ն ենք միմյանց լավություն անում, ի՞նչն է մեզ խանգարում լավ հաշվել մեր օգուտն ու վնասը։

–Հաշիվը շատ պարզ է. եթե ես գնամ Ձեր ասած զուտ ֆինանսատնտեսական գերակայությունների ետևից, մենք այս 15 հազարին վաղուց պետք է կրճատած լինեինք։ Եվ մնացածը կստանային լիարժեք ծանրաբեռնվածություն, հետևաբար՝ ավելի բարձր աշխատավարձ, մոտիվացված կլինեին իրենց վրա ավելի լավ աշխատելու։

–Բայց մենք հիմա ո՞ր ճանապարհով ենք գնում՝ իջեցնում ենք գիտելիքի կշիռը, կրթության որակը, որպեսզի կեղծ զբաղվածությո՞ւն ապահովենք, բայց այսպես մեր դպրոցից ոչինչ չի մնա։

–Տեսեք՝ մի կողմից ինձնից պահանջվում է կրթության որակ, մյուս կողմից՝ եթե մի փոքր կրճատում է լինում, ապա տիեզերական աղմուկ է բարձրանում ու դառնում սկանդալ, և այս սիլլլայի և հարիբդայի արանքում շատ դժվար է դառնում անվնաս անցնելը։ Հնարավոր չէ անցնել առանց կորուստների։ Մի կողմից՝ մենք խոսում ենք կրթության որակի մասին, և հենց սա է կրթության ոլորտի առաքելությունն ու նպատակը, մյուս կողմից էլ՝ մենք գործատու ենք. 15 հազարից ավելի մանկավարժ ունենք դպրոցում, մոտ 5 հազարից ավելի՝ քոլեջներում, ուսումնարաններում ու բուհերում։ Հիմա կա 20 հազարից ավելի մարդ։ Ես չեմ՝ Դուք եք, կայացրե՛ք քաղաքական որոշում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել