Emedia.am-ը գրում է.

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այս օրերին Միացյալ Նահանգներների տարբեր քաղաքներում հանդիպումներ է անցկացնում հայկական համայնքների ներկայացուցիչների ու այն ընկերությունների հետ, որոնք կարող են ունենալ հետաքրքրություններ Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում, ընկերություններ, որոնց հետ, ըստ դեսպանի, կարելի է հաստատել գործընկերություն։

«Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում, Ջոն Հեֆերնը նշել է. «Մեր նպատակն է ավելի բարելավել ԱՄՆ-ի հարաբերությունները Հայաստանի հետ եւ այստեղ մեծացնել ազդեցությունը»։

Դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով` ԱՄՆ-ի արտգործնախարարը, USAID-ի ղեկավար Ռաջիվ Շահը աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի դեսպանություններին ու USAID-ի առաքելություններին հորդորում են կրկնապատկել բարեկամական երկրներում ԱՄՆ ազդեցությունը եւ ներկայությունը՝ աշխատելով տնտեսական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ընկերությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ։ «Մեր նպատակն է գտնել գործընկերներ, ովքեր փորձում են իրականացնել նույն աշխատանքը եւ ունեն նույն նպատակները, ինչպես, օրինակ, անցումային շրջանում գտնվող Հայաստանը, որն ուղի է որոնում 21-րդ դարում»,- ասել է նա:

Հարցին ի պատասխան, թե որ ճյուղերն են այսօր առավել կարեւոր Հայաստանի համար, որոնց շուրջ կարելի է որոնել գործընկերներ ԱՄՆ-ում` դեսպանը նշել է, որ բոլոր ճյուղերն են կարևոր: «Իմ ուշադրությունը Երևանում անցած երկուսուկես տարիների պաշտոնավարման ընթացքում եղել է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորացումը, առեւտուրն ու ներդրումները։ Իմ տեսակետն այն է, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններն ավելի սերտացնելու համար Հայաստանն այսօր, իրոք, ունի տնտեսական նոր հնարավորությունների կարիք, հատկապես, Երեւանից դուրս աշխատատեղեր ստեղծելու կարիք։ Եվ այսօր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գլխավոր նպատակներից մեկն այս ոլորտներում նոր հնարավորությունների ստեղծումն է։ Հայաստանի կառավարության պաշտոնյաների, սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում հարցը լինում է հետեւյալը. ինչպե՞ս պիտի կարողանանք ապահովել ամերիկյան ավելի մեծ ներդրումներ, ինչ պայմաններ պետք է լինեն ամերիկյան ավելի մեծաթիվ ընկերությունների կողմից ներդրումներ իրականացնելու համար, որոնք դառնան փոխշահավետ տնտեսական հարաբերություն ների հիմք»,- հայտնել է ԱՄՆ դեսպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել