«Հայերը»...
Ես ավելի քան համոզված էի, որ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված լոգոյի շուրջ կսկսեն տարբեր խոսակցություններ տարածվել: Բա՞ ադրբեջանական ու թուրքական աղբյուրներին ո՞վ օգնի, որ նրանք գործ անեն: Անմոռուկ ծաղիկը մի տեսք ունի, ասենք, եթե ես վերցնեմ կակաչի տերևը ու իմ համար լոգո սարքեմ, հաստատ համոզված եմ, որ իմ լոգոյի կրկնօրինակը կլինի: Այնպես որ, այստեղ կապ չունի, թե լոգոն ուրիշի լոգոյին նմա՞ն է, թե՝ ոչ: Կարևորն այն է, թե ինչի հետ հետագայում այն կհամեմատվի: Իհարկե, եթե մենք այդ լոգոն աշխարհին ճանաչելի դարձնելու փոխարեն իրար «ուտենք», պարզ է, որ ոչինչ էլ չի ստացվի:
Հիմա մի քիչ էլ խոսենք Նազարբաևի հայտարարության ու Ալիևի նամակի մասին: Նազարբաևը փաստացի չի խոսել Արցախի մասին ու ընդհանրապես, այդ պայմանագրով ազատ կամք է տրված յուրաքանչյուր պետության, այդ կազմակերպությանը անդամակցող յուրաքանչյուր պետություն ինքը կարող է ազատ տնտեսական գոտիներ ու առանձին մաքսակետեր ունենալ այլ պետությունների հետ (մի զլացեք, ուսումնասիրեք): Ալիևն էլ նամակ գրեց, որ միջամտի գործընթացին, բայց նա չէր պատկերացնի, որ Հայաստանում այսքան ագենտ ունի, որոնք իրենց «հայ» են կոչում:
ԵԿՄ պատանի ակումբին կառավարության որոշմամբ 60 միլիոն դրամ է փոխանցվել: Դե այն մարդիկ, որոնք տեղյակ չեն, թե ինչ են անում պատանին երկրապահում, պետք է բողոքեին: Պատանի երկրապահը պատրաստ զինվոր է հայրենիքի համար, այնտեղ նրանք ընտելանում են հայկական բանակի համազգեստին, սպորտով են զբաղվում, կատարելապես տիրապետում են զենքին ու պատրաստի գնում են բանակ, իսկ աղջիկները հիասքանչ պատրաստություն են տեսնում ու հայ ընտանիքի հիմնասյուն են հանդիսանում, պատրաստ ամեն վայրկյան պաշտպանել հայրենիքը:



