Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահը Հայաստանին առաջարկեց անդամակցություն նոր ստեղծված Եվրասիական տնտեսական միությանն առանց Ղարաբաղի: Իբրև փաստարկ նա նշեց, որ Հայաստանը նման ձևով միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ շեշտելով, որ նախադեպ կա: Հատկանշական է, որ նա դրա համար վկայակոչեց Բաքվից ստացած նամակն ու խորհուրդ տվեց չնեղացնել ադրբեջանցի գործընկերներին: Այսինքն՝ ստացվում է, որ այդ հսկա կառույցը ենթարկվում է Ալիևի կամքին, այն դեպքում, երբ Ադրբեջանը ցանկություն էլ չունի անդամակցելու դեռևս չստեղծված կառույցին: Նման հայտարարությունը նշանակում է, որ ԵՏՄ-ն, որը դեռևս կազմավորման փուլում է, չունի հստակ կառուցվածքային ու ֆունկցիոնալ բովանդակություն, քաղաքական փորձառություն, որը կենսունակության փորձաքարն է: Ակնհայտ է, որ այն ունի հստակ ընդգծված ֆրագմենտար և ոչ համընդհանուր շահ, որը դրսևորովում է էներգառեսուրսների և քաղաքակրթական տիրույթում: Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցությանն առանց Ղարաբաղի, ապա պետք է նշել, որ այստեղ զարմանալի բան չկա, քանի որ այլ կերպ չէր էլ կարող լինել: Խնդիրն այլ հարթության մեջ է.
1. Կառուցակարգային՝ Հայաստան-Ղարաբաղ առևտրա-տնտեսական հարաբերությունների ֆորմալ փոփոխություն,
2. Իրավակարգավորման՝ մաքսակետերի ռեժիմային իրավական կարգավորում,
3. Քաղաքական, երբ ԵՏՄ անդամները կստիպեն Հայաստանին հետևել իրենց սահմանած ընթացակարգերին Ղարաբաղի մասով: Հետևաբար, խնդիրը ներքին համաձայնության մեջ է, որ ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև չգործի մաքսային ռեժիմ: Պետք է դիրքորոշումները հստակեցնել, ըստ որի՝ Ղարաբաղը ոչ թե մտնում է Եվրասիական տնտեսական միության կազմ, այլ՝ տարածություն: Ուշագրավ է Լուկաշենկոյի միտքը. «Չճանաչված պետություններն ինտեգրված են ՄՄ անդամ կամ անդամակցել ցանկացող պետությունների տնտեսությունում, հետևաբար՝ սխալ կլինի այդ պետությունների նկատմամբ կիրառել որևէ տնտեսական արգելք»: Ճիշտ է, սա Մաքսային միության վերաբերյալ արված արտահայտություն է, բայց կարևոր է դրա քաղաքական բովանդակությունը, եթե այնտեղ հնարավոր է, ապա ԵՏՄ-ում նույնպես կարող է հնարավոր լինել: Իսկ ինչ վերաբերում է Համաշխարհային բանկին, ապա պետք է նշել, որ վերջինս Հայաստանի առջև Ղարաբաղի հետ հարաբերություններում որևէ մաքսային կամ տնտեսական արգելք կամ կանոնակարգ չի մտցնում, իսկ պատրա՞ստ է, արդյոք, Ղազախստանը նմանօրինակ մոդելի: Կարծում եմ՝ սրանք են գլխավոր շեշտադրումները, որոնք պետք է հստակ շարադրվեն բանակցային գործընթացում: Նույն Նազարբաևը դեռևս 1994 թ. ներկայացրել էր Եվրասիական միության մանրազնին ծրագիր, որտեղ չէր բացառել, որ այդ կառույցին կարող են անդամակցել նաև Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրը և ԼՂՀ-ն: Եթե Եվրասիական միությունում, որը բացառապես քաղաքական կառույց է լինելու, չի բացառվում ԼՂՀ անդամակցությունը, ապա Եվրասիական տնտեսական միությունում, որն ավելի շատ տնտեսական կազմավորում է, տրամաբանորեն պետք է ավելի հեշտ լիներ անդամակցությունը: Ճիշտ է, «նավթափայլ սուլթանը» հնարավոր է՝ մոռացել է 20 տարվա վաղեմություն ունեցող իր ծրագրի մասին, բայց, ինչպես ինքն է նշում, նախադեպը կա: