Լավ օրը լավ բան է...
Երեկ Մայիսի 28-ն էր՝ Առաջին Հանրապետության անկախության օրը: Ճիշտ է, այդ հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նա մեծ ժառանգություն թողեց մեզ: Ցավալի է, որ մարդկանց մի մասը չգիտի, թե ինչ օր է Մայիսի 28-ը, էլ ավելի ցավալի է, որ իմանում են, սակայն չեն հասկանում արժեքը: Ինչևէ, երեկ շնորհավորում էին շատերը միմյանց, ու դա հաճելի էր:
Ասում եմ, աչքով չտամ, բայց Հասմիկ Պողոսյանը կարո՞ղ է խելքի է գալիս: Երեկվա հրապարակի համերգը ամեն ինչ արժեր, ազգային պարն ու երգը հրապարակ էին բերել բազմաթիվ այլազգիների, որոնք փորձում էին կրկնօրինակել հայկական քոչարին, խրոխտ յարխուշտան, փոքրիկները ժպտում ու պարում էին: Ահա այսպիսին պետք է լինի Հանրապետության հրապարակի համերգը:
Սամվել Ալեքսանյանը երեկ Ապարանում երգել-պարել է: Դե մի քանի հոգի սկսեցին վիրավորական խոսքեր շռայլել Սամվելին, բայց ժողովուրդ, որ մեկս չի՞ պարում ու երգում: Էկեք էն ինչը լավ է կամ բնական է, գոնե դրան չկպնենք: Մարդ է, իր ա համար իր հայրենի ծննդավայրում պարել է, էն էլ ազգային երգի տակ, մի հատ վատ կողմը ցույց տվեք: Հատուկ այն մարդկանց համար, ովքեր պետք է կպնեն Ալեքսանյանի գործունեությանը, ասեմ՝ այստեղ դա չենք քննարկում, այլ խոսում ենք մարդու մասին, ով պարել է:
Երեկ տեղեկացանք, որ սանձարձակ ազերական կողմը կրկին դիվերսիոն հարձակում է կազմակերպել, սակայն մեր տղերքը հակահարված են տվել դրանց ու ետ են շպրտել: Նահանջի ճանապարհին թուրքերը կորուստներ են ունեցել: Վերջին օրերին մենք էլ ենք կորուստներ ունեցել, մեր մեկ զինվորը դրանց 1000-ն արժե: Փառք մեր տղերքին, հավերժ հիշատակ նրանց:



