untitled

18 քաղաքապետերից 5-ը գնդակահարվեց, մեկն ինքնասպան եղավ, մեկը վտարվեց երկրից, մյուսը մահացավ բանտում… Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում բավականին վտանգավոր էր կյանքի համար: Երևանի տեղական ինքնակառավարման պատմությունը սկսվել է Ցարական Ռուսաստանի կազմում: Կա նույնիսկ հստակ ամսաթիվ` 1879 թվականի հոկտեմբերի մեկը, երբ կայսր Ալեքսանդր երկրորդի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց կայսրության քաղաքների շարքը: Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման` այսօրվա Ավագանու նախատիպը:

Մինչ 1917 թվականը Երևանն ունեցավ 9 քաղաքագլուխ` Ղորղանյան, Գեղամյան, Տիգրանյանց, Բունիաթյան, Տեր-Սարգսյան, Իսահակ, այնուհետ` Հովհաննես Մելիք-Աղամալյան եղբայրներ, Տիգրանով, Խաչատուրյանց: Նրանց օրոք Երևանը սկսեց քաղաք դառնալ: Բացվեցին գործարաններ, առաջին հյուրանոցը, հիվանդանոցը, առաջին հիդրաէլեկտրակայանը, բանկը, անցկացվեց մարդահամար, շահագործվեցին ջրմուղը, հեռախոսային ցանցը, կառուցվեցին մինչ օրս կանգուն շինություններ` օրիորդաց ու արական վարժարանները, առանձնատներ և այլն:

Հայաստանի Առաջին Հանրապետության երկու տարիները թողեցին Երևանի քաղաքապետի երկու անուն. Թադևոս Թոշյան, որին 1922 թ-ին խորհրդային իշխանությունները վտարեցին երկրից, և Մկրտիչ Մուսինյանց, որ պաշտոնը թողեց 1920 թվականի նոյեմբերի 27-ին: Ընդամենը 1 շաբաթ անց բոլշևիկների կազմած Երևանի Հեղկոմի նախագահ նշանակված Հրանտ Թավաքալյանը 3 ամիս մնաց պաշտոնում և 4 տարի անց ՉէԿա-ի կողմից մեկուսացվեց, 20 օրով նրան փոխարինեց Գևորգ Սարգսյանը, մեկ ամսով` Բենիամին Սահակյանը, երկուական ամսով` Հայկ Ազատյանն ու Ռուբեն Սաֆրազբեկյանը և այլն:

Վախեցնող վիճակագրություն
20-30-ականների 18 քաղաքապետերից 5-ը` Սուրեն Շադունցը, Վարդան Մամիկոնյանը, Գևորգ Հանեսօղլյանը, Կարապետ Մատինյանը, Ալեքսանդր Շախսուվարյանը գնդակահարվեցին, Առաքել Ավագյանը վտարվեց երկրից, Արամ Կոստանյանը ինքնասպան եղավ, Ասատուր Ասրիյանը մահացավ պաշտոնավարության շրջանում, Արամայիս Երզնկյանը` բանտում: /Երևանի քաղաքապետերի ամբողջական ցանկը կարող եք գտնել Քաղաքապետարանի կայքում` www.yerevan.am/ Մինչև պատերազմը քաղաքապետերն աշխատում էին լավագույն դեպքում երկուսից երեք տարի:

Երկրորդ համաշխարհայինից հետո եկավ երկարակյաց քաղաքապետերի ժամանակաշրջանը /բացառությամբ Հրանտ Ենգիբարյանի, որն ինքնասպան եղավ` ընդամենը 40 օր աշխատելով/: Ռեկորդակիրը Գրիգոր Հասրաթյանն էր, որը Երևանի առաջին դեմքն էր 13 տարի, Մուրադ Մուրադյանը` 10: Գորբաչովյան Պերեստրոյկան` 85-89 թթ բաժին ընկավ Էդուարդ Ավագյանին, Ազգային զարթոնքի շրջանը` 89-90, Արտաշես Գեղամյանին: Նրանով էլ ավարտվեց Խորհրդային Հայաստանի խորհրդային մայրաքաղաքի քաղաքապետերի երթը:

Անկախության քաղաքապետերը
Երրորդ Հանրապետության առաջին քաղաքապետը դարձավ Համբարձում Գալստյանը, աշխատեց 2 տարի, ինքնակամ հրաժարվեց պաշտոնից, հետո` մինչ օրս չպարզված հանգամանքներում սպանվեց: 92-96-թվականներին քաղխորհրդի նախագահ էր Վահագն Խաչատրյանը /հետագայում` ԱԺ պատգամավոր, նախագահի խորհրդական, այժմ` ընդդիմադիր գործիչ/, Աշոտ Միրզոյանը նույն 96-ին` 8 ամսով, Վանո Սիրադեղյանը` մեկ ու կես տարով /հրաժարական տվեց տեր-Պետրոսյանի թիմի հետ, այժմ գտնվում է հետախուզման մեջ/, 98-ի մայիսից 99-ի հունիսը` Սուրեն Աբրահամյանը /հետագայում` ՆԳ նախարար, հրաժարական տվեց 99-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո/, մինչև 2001-ի հունվար` Ալբերտ Բազեյանը, իսկ Ռոբերտ Նազարյանը` Երևանի 50-րդ, հոբելյանական քաղաքապետը, պաշտոնը ստանձնեց 2001 թվականի հունվարի 11-ին: Նրան փոխարինեց ևս մեկ երկարակյաց քաղաքապետ` Երվանդ Զախարյանը, որի հետնորդ Գագիկ Բեգլարյանն այժմ գլխավորում է ՀՀԿ Ավագանու ցուցակը:

Մայիսի 31-ին մենք ընտրելու ենք Երևանի Ավագանին, որն իր հերթին կընտրի 53-րդ քաղաքապետին` Հայաստանի երրորդ Հանրապետության մայրաքաղաքի առաջին ընտրովի քաղաքապետին: Այս քաղաքապետը ևս ինչ-որ տեղ հոբելյանական է լինելու, քանի որ Երևանի առաջին քաղաքապետի ընտրությունից անցել է ուղիղ 130 տարի:

Երեւանի Ավագանու Ընտրություններ “Ա1+”-ի նոր էջը արդեն գործում է: Թեկնածուների, կուսակցությունների, քարոզարշավի եւ ընտրական մյուս մանրամասները կաևդացեք մեր նոր էջում: Շնորհակալ կլինենք, եթե կիսվեք նաեւ ձեր տեսակետով, կարծիքներով, մեկնաբանություններով, դիտողություններով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել