
Panorama.am-ը գրում է.
Սուրբ Հարությունից 40 օր հետո Տեր Հիսուս Քրիստոս համբարձվել է երկինք. Հայ Առաքելական սուրբ եկեղեցին սա նշում է առանձնակի ցնծությամբ: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Համբարձման տոնն ունի 35 օրվա շարժականություն` ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը, և միշտ նշվում է հինգշաբթի: Այս տարի Համբարձման տոնը նշվում է վաղը:
Հարությունից հետո Քրիստոս 40 օր երևում էր Իր աշակերտներին և այդ ընթացքում Իր վարդապետությունն էր ուսուցանում նրանց: Վերջին հանդիպման ժամանակ օրհնել ու պատգամներ է տվել առաքյալներին, որից հետո համբարձվել էերկինք: «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա: Գնացեք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»: (Մատթ. 28:18-20):
Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս և Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաև Գործք Առաքելոցում. «Եվ երբ այս խոսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ, և ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչ իրենց աչքերը հառած նայում էին Նրա երկինք գնալուն, ահա նրանց երևացին սպիտակ զգեստների մեջ երկու մարդիկ, որոնք և ասացին. «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում եք երկնքին. այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը»: (Գործք 1:9-11):
«Ծաղկամոր կիրակի»
Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով, որոշ վայրերում այն կոչում են Ջանգյուլում: Հնում Համբարձման օրվա ժողովրդական տոնակատարություններն սկսվում էին նախորդ չորեքշաբթիից: Որոշ շրջաններում այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:
Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և հենց ապաստանում սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից ու շուտափույթ բժշկվում:
Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն, ըստ ժողովրդի, ունի բուժիչ հատկություն: Մարդիկ հավատացած են, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ