«Իսրայելն ուզում է ոչնչացնել Իրանի ժողովրդին, ու մենք բոլորս լռում ենք, քանի որ վախենում ենք հակասեմիտ պիտակվելուց»:
Իրանի միջուկային ռումբի փոխարեն պայթեց բոլորովին ուրիշ` բանստեղծության ռումբ:
«Ռումբը» գցեց նոբելյան մրցանակակիր, գերմանացի գրող Գունտեր Գրասը: Ապրիլի 4-ին Գրասի «Ինչ պետք է ասվի» բանաստեղծությունը միանգամից թարգմանվեց տարբեր լեզուներով ու սփռվեց միջազգային մամուլով մեկ:
Բանաստեղծության մեջ Գրասը քննադատում է Իսրայելի հակաիրանյան քաղաքականությունը, հայտարարում, որ Իսրայելն ուզում է ոչնչացնել Իրանի ժողովրդին` չնայած ինքն էլ առանց հսկողության տիրապետում է միջուկային զենքին ու դրանով սպառնալիք հանդիսանում տարածաշրջանի` առանց այդ էլ փխրուն խաղաղության համար: Գրողը հիշեցնում է Իրաքի պատմությունը, երբ ռազմական միջամտությունը արդարացվում էր կեղծիքով, թե Իրաքը զանգվածային ոչնչացման զենք ունի: Եվ կոչ է անում երկու կողմերին էլ զերծ մնալ բռնությունից, իսկ միջազգային մարմիններին առաջարկում հսկողություն սահմանել երկու երկրների միջուկային նախագծերի վրա էլ:
Գրասը քննադատում է ոչ միայն Իսրայելի, այլ նաև գերմանական իշխանություններին, որ իրենց գործողություններով միայն ավելի են թեժացնում կոնֆլիկտը` Իսրայելին վաճառելով միջուկային գլխիկներ կրող հրթիռներով սուզանավեր: Ըստ Գրասի` գերմանացիների մեծ մասը շատ լավ է գիտակցում այս վտանգը, բայց լռում է` վախենալով հակասեմիտիզմի մեջ մեղադրվելուց:
Բանաստեղծության հրապարակումից հետո գրողը հարձակումների թիրախ դարձավ արևմտյան մամուլում: Իսրայելի իշխանությունները նրան պերսոնա նոն գրադա են հռչակել ու պահանջում են հետ վերցնել նրանից նոբելյանը միայն նրա համար, որ իր գրած բանաստեղծության մեջ («Ինչ պետք է ասվի») համարձակվել է քննադատել Իսրայելի քաղաքականությունը: Հրապարակ նետվեց Գրասի անցյալը, որ 17 տարեկանում ծառայել է էսէսական բանակում, ինչը հենց ինքն է ժամանակին խոստովանել որպես իր երիտասարդության մեղք ու զղջացել դրա համար: Որոշ գրողներ էլ բոյկոտեցին Գրասի հետ ինչ-որ ձևով առնչվող գրական միջոցառումները:
Մամուլի բարձրացրած աղմուկից հետո Գրասը հարցազրույց տվեց, որտեղ զարմանք էր արտահայտում, թե ինչպես է պատահում, որ ինքը մեծ քանակությամբ աջակցող նամակներ է ստանում, բայց այդ տեսակետներից ոչ մեկը չի հայտնվում անգամ գերմանական մամուլում: Նա մեղադրեց գերմանացի լրագրողներին, որ միայն իշխանամետ դիրքորոշում են ցուցաբերում, այն էլ` ֆաշիստական Գերմանիային բնորոշ լեքսիկոնով:
Բայց ինչո՞ւ է Գրասը, «տարիքն առած ու վերջին թանաքով», ուզում ասել այն, «ինչ պետք է ասվի»: Որովհետև, ինչպես գրում է, հոգնել է արևմուտքի երեսպաշտությունից և հույս ունի, որ իր խոսքով ուրիշներին էլ կազատի լռությունից, չէ՞ որ Գերմանիայում Իսրայելին քննադատելը տաբու է, որովհետև վտանգված է աշխարհի խաղաղությունը, ու վաղը գուցե ուշ լինի արդեն:

Վիոլետ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել