Panorama.am-ը գրում է.
Սա նախորդ ամսվա իմ հոդվածի երկրորդ և վերջին մասն է, որտեղ վերլուծել էի, թե ինչու երիտթուրքերը կարողացան ոչնչացնել հայերին, սակայն չկարողացան իրագործել Պաղեստինի հրեա ներգաղթողներին բնաջնջելու իրենց միաժամանակյա ծրագիրը:
1917 թվականի մայիսի 9-ին «Ռոյթերս» գործակալությունը տարածեց ներգաղթող Ահարոն Ահարոնսոնի հետևյալ մամլո հաղորդագրությունը. «հրաման է տրվել 48 ժամվա ընթացքում արտաքսել բոլոր հրեաներին Թել Ավիվից, այդ թվում՝ Կենտրոնական տերությունների [Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի] քաղաքացիներին: Մի շաբաթ առաջ 300 հրեաներ վտարվել են Երուսաղեմից: Ջեմալ փաշան հայտարարել է, որ նրանց ճակատագիրը կլինի հայերի ճակատագրի նման: Թել Ավիվից ութ հազար բռնագաղթվածներին թույլ չեն տվել որևէ մթերք վերցնել իրենց հետ, իսկ վտարումից հետո նրանց տները թալանվել են բեդուինների (քոչվոր արաբներ) ամբոխների կողմից»:
Շատ չանցած, Գերմանիայի խորհրդարանի հրեա պատգամավոր, սոցիալիստ Օսկար Քոհենը խնդրել է կանցլերին ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա՝ «վճռականորեն կանխելու Պաղեստինում վայրագությունների կրկնությունը» հրեաների դեմ, նման այն վայրագություններին, որոնք իրականացվել էին հայերի դեմ:
Հունիսի 8-ին Ահարոնսոնը գրել է իր օրագրում. «Մեր բարձրացրած աղմուկը արդյունավետ եղավ: Թուրքերը և գերմանացիները արագ հասկացան, որ հրեաներին չի կարելի կոտորել այնպես, ինչպես հայերին: Գերմանիայի կողմից պատերազմի ֆինանսավորումը կարող է տուժել հրեաների պատճառով: Հետևաբար, նրանք դադարեցրեցին նոր տեղահանությունները»:
Բրիտանական սիոնիստական շարժման պաշտոնական «Պաղեստին» ամսագիրը նկարագրել է հրեաների և հայերի լոբբիստական կարողությունների միջև եղած էական տարբերությունը. «Գերմանական կառավարությունը գիտի, որ հրեաներին չի կարելի համեմատել հայերի հետ իրենց համաշխարհային հզորության առումով, և հետևաբար հրեաների կշիռը Գերմանիայում տարբերվում է հայերի ունեցած կշռից»:
Պաղեստինում հրեական պատմության ականավոր ժամանակագիր Մորդեխայ Բեն-Հիլել Հակոհեն, 1917 թ. մարտի 30-ին գրել է իր օրագրում. «թուրքական կառավարությունը հայերի դեմ գործած իր ոճրագործության պատճառով խայտառակվել էր ամբողջ երկրի աչքում, և թերևս, կառավարությունը կվերանայի հրեաների հետ այդպես վարվելու իր մտադրությունը....»:
Պաղեստինում հրեական գյուղատնտեսական բնակավայրերի առաջնորդ Մոշե Սմիլյանսկին հայերի սարսափելի ջարդերի վերաբերյալ լուրերից հետո եկավ հետևյալ եզրակացության. «Ականատեսների վկայությունները խուճապ էին առաջացրել հրեական հանրության շրջանում: Ով գիտի, թե ինչպիսին կլիներ մեր ճակատագիրը, եթե չլինեին Կոնստանդնուպոլսում ամերիկյան ներկայացուցիչ Մորգենթաուն և վախը համաշխարհային մամուլից, որ «վերահսկվում է» հրեաների կողմից»:
Յաիր Աուրոնն իր գրքում հայտնում է, որ Պաղեստինում հրեա փախստականների առաջնորդ Մեիր Դիզենգոֆը Առաջին համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում «սերտորեն աշխատել է սիոնիստական պատվիրակության հետ Կոստանդնուպոլսում, որը գերմանամետ և թուրքամետ էր: Ըստ Դիզենգոֆի՝ նաև գերազանց հարաբերություններ են եղել Պաղեստինում գերմանական հյուպատոսի հետ.... Հյուպատոսը ծառայել է որպես խողովակ գումար փոխանցելու համար Յիշուվին [հրեական համայնք]՝ Կոստանդնուպոլսում գերմանացի դեսպանի հրամաններով»: Դիզենգոֆը նաև նշել է՝ գերմանացիներն էին, որ աջակցեցին և փրկեցին Յիշուվը: «Այն փաստը, որ Ջեմալ փաշան ավելի կարեկից դարձավ հրեաների հանդեպ, Գերմանիայի շնորհիվ էր»: Դիզենգոֆը վերհիշում է Ջեմալ և Էնվեր փաշաների սպառնալիքներն ուղղված հրեաներին. «Սիոնիստներ, զգուշացե՛ք: Եթե մեզ դեմ լինեք, ապա ձեզ հետ կանենք այն, ինչ արել ենք հայերի հետ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



