Եվ այսպես, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների պալատը հաստատել է մի ծրագիր, որով ԱՄՆ-ն առաջիկա երեք տարում 30 միլիարդ դոլար է հատկացնելու՝ Պուտինին ու իր կլանին ասպարեզից հեռացնելու համար:
Դա կարող է արվել աստիճանաբար՝ Մոսկվայում Մայդան հասունացնելու ճանապարհով, կամ Ռուսաստանի տարբեր կետերում անկայուն իրավիճակ ստեղծելով, տնտեսական ճգնաժամ հրահրելով ու նոր սառը պատերազմի մեջ ներքաշելով...
Սա, իհարկե, առաջին հերթին Ռուսաստանի խնդիրն է, ու առաջին հենց ռուսները պետք է մտածեն իրենց անելիքի մասին, սակայն նոր խաղում պրոցեսներն այնպես են, որ անկախ ամեն ինչից, դրանք մեզ էլ են խփելու, առավել ևս, որ կարելի է ենթադրել, որ առաջիկա երեք տարում Անդրկովկասն էլ դառնալու է եռման կետ, ու կան հստակ պատճառներ, որոնք ստիպում են ենթադրել, որ առանցքային դերակատարում այս ամենում ունենալու է հենց Հայաստանը:
Մինչ այժմ Արցախյան հակամարտությունում պահպանվող հեղեղուկ խաղաղությունն ու ստատուս քվոն պահպանվում էին մի քանի առանցքային հիմնաքարերի վրա՝
- Հայկական բանակ
- Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ
- ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Իրանի կոնսենսուսային դիրքորոշում, որ տարածաշրջանում անկայունությունը ցանկալի չէ ոչ մեկին:
Հիմա իրավիճակը կտրուկ փոխվում է, ու փոխողը հենց Ամերիկան է: Եթե ԱՄՆ-ն պատրաստ է այսօր 30 միլիարդ ծախսել Ռուսաստանին ծնկի բերելու համար, դա նշանակում է, որ ԱՄՆ-ն հանգիստ կարող է մի քանի տարով հրաժարվել ադրբեջանական նավթամուղից ստացվող միլիոններից, եթե հեռանկարում դա խոստանում է բերել տասնյակ միլիարդների եկամուտ ու ասպարեզից հանել ծնկից ելնող Ռուսաստանին:
Բացի դրանից, Հյուսիսային Աֆրիկայի, Սիրիայի ու Աֆղանստանի օրինակով մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն փոխել է իր դոկտրինը ու ձեռք է քաշում գլոբալ ու տոտալ վերահսկողի իր ամպլուայից, իսկ աշխարհաքաղաքական «նահանջի» կետերում ստեղծում է կառավարվող քաոս ու վառված հող: Բարդ չէ եզրակացնել, որ ԱՄՆ-ն ոչ մի լուրջ պատճառ չունի նույնը անելու այնպիսի առանցքային տարածաշրջանում, ինչպիսին մերն է, առավել ևս, որ դրան հասնելու համար ունի շատ հարմար գործիք՝ ի դեմս Արցախյան հակամարտության:
Այսպիսով, եղած հիմնաքարերից մնում է միայն հայկական բանակի գործոնը, որը դեռ թույլ չի տալիս կռիվ սկսել, բայց դա միայն կարճաժամկետ լուծում է, որովհետև ինչ-որ մի պահ պատից կախված հրացանը միշտ կրակում է, և ողջ հարցը այն է, թե երբ այն կկրակի, ու ինչ արդյունք կունենա:
Նկարագրված սցենարի տրամաբանությունը հուշում է, որ ԱՄՆ-ին պետք է քաոս, ընդ որում՝ տևական քաոս: Մեծ հաշվով, ԱՄՆ-ն թքած ունի, թե ով կհաղթի պատերազմում, կարևորը՝ այն երկար տևի, դրա համար, շուտով, երբ օլուխ ռուսները խելքի գան ու դադարեն զինել Ադրբեջանին (հավանաբար, կսկսեն զինել մեզ ավելի ահագնացող տեմպերով), ԱՄՆ-ն ինքը կսկսի ադրբեջանական ռազմական փուչիկը ուռճացնելը:
Հերթը հասավ մեզ... ոչ մի ողջամիտ մարդ չի տենչում պատերազմ, որովհետև դա անխուսափելիորեն բերում է զոհերի ու ավերածությունների, բայց մենք պետք է հասկանանք, որ ստատուս քվոն ու վատ խաղաղությունը այլևս այլընտրանք չեն՝ մեզանից անկախ պատճառներով: Մենք առաջիկա 2-3 տարում հայտնվելու ենք նոր երկընտրանքի առջև՝ կարճատև արյունահեղ պատերա՞զմ (որում հաղթելու հավանականությունը ուղիղ համեմատական է դրա սկսելու ժամկետի մոտալուտությանը), թե երկարատև ու գերարյունահեղ պատերազմ, որը միջին դարեր կշպրտի թե՛ մեզ, թե՛ ադրբեջանցիներին:
Ամեն դեպքում, օրվա հրամայականն է Հայաստանում մենթալ, քաղաքական ու տնտեսական արմատական փոփոխություններ անելուն, ու այդ հրամայականը պետք է գիտակցեն ինչպես իշխանությունները, այնպես էլ ժողովուրդը, որովհետև պատմությունը նորից կրկնվում է, և մեծ աշխարհաքաղաքական շահերի բախման միջավայրում մեզ կարծես էլի ուզում են մատաղի սեղանին հանել ու կարծես թե մենք կրկին հակված ենք հլու գառի պես ենթարկվելու այդ մանիպուլյացիային:



