ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվել է մի օրինագիծը, որը բավական ուշագրավ է և մի քիչ շփոթեցնող: Խոսքը «Russian Aggression Prevention Act 2014» («Ռուսաստանի Դաշնության ագրեսիան կանխելու մասին ակտ 2014») անվանումը կրող օրինագծի մասին է: Փաստաթղթի հեղինակները հանրապետականներն են՝ Ջոն Մաքեյնի գլխավորությամբ: Դատելով անվանումից` այն պետք է առաջին հերթին ուղղված լինի Ուկրաինայի պաշտպանությանը, բայց երբ ուսումնասիրում ենք դրա բովանդակությունը, ապա պարզ է դառնում, որ ամերիկացիք հեռուն գնացող ծրագիր են մշակում: Փորձենք ներկայացնել այդ օրինագծի հատկանշական մասերը:
Փաստաթղթում ներառված միջոցառումներից են`
1. Ռուսաստանի սահմանի երկայնքով ամերիկյան զինուժի թվաքանակի մեծացումը, այդ զորքերի զորավարժանքների հաճախականության և տևողության մեծացումը:
2. Ռուսական ընդդիմության ներկայացուցիչների հետ կրթական-մշակութային համագործակցության ակտիվացումը` 3 տարի շարունակ «Ռուսաստանում ժողովրդավարության զարգացման» համար ամեն տարի 10 մլրդ դոլար տրամադրելով:
Մասնավորապես, ինչպես նշված է Կոնգրեսի պաշտոնական կայքում, օրինագծի 206-րդ մասում ասվում է, որ անհրաժեշտ է միջոցներ տրամադրել «ժողովրդավարության, հակակոռուպցիոն ծրագրերի և օրենքի գերակայություն ապահովելու համար, ինչպես նաև մեծ գումարներ տրամադրել Ռուսաստանում համացանցի ցենզուրան ուսումնասիրելու համար անհրաժեշտ տեխնիկայի ապահովման և քաղաքացիական հասարակության քաղաքական կազմակերպությունների ֆինանսավորման համար»:
Տեսեք, առաջին կետը ինչ-որ տեղ խելքին մոտ է, բայց թե դրան հաջորդողներն ի՞նչ կապ ունեն «ռուսական ագրեսիայի կանխման» հետ, դժվարանում եմ ասել: Սա փաստացի լուրջ ներդրում է ԱՄՆ-ի կողմից՝ մեկ այլ երկրի ընդդիմության ֆինանսավորման ուղղությամբ, որն ինչ-որ տեղ կարելի է դիտել այլ երկրների ներքին գործերին խառնվելու փորձ: Այնպես չէ, որ ԱՄՆ-ի կողմից նման բան նախկինում չի եղել և տվյալ լուրը զարմանք է հարուցում: Պարզապես բացեիբաց ասել, որ մենք ցանկանում ենք Ռուսաստանում հեղաշրջում իրականացնել, կարծում եմ՝ սանձարձակության դրսևորում է: ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի ներքին գործերին խառնվելու մեջ և ամբողջ աշխարհին ուզում է ապացուցել, որ ռուսները խառնակիչ են և ագրեսոր, սակայն վերոնշյալ նախաձեռնությունը ավելի լավը չի դարձնում հենց ԱՄՆ-ին:
Կարծում եմ, որ նման նախաձեռնություններով ԱՄՆ-ն Ռուսաստանի «բերանը լեզու է դնում»: Սրանով էլ ավելի են սրվում այդ երկրների երկկողմ հարաբերությունները, որի արդյունքում Ռուսաստանը գնալով էլ ավելի երեսը կշրջի Արևմուտքից: Հիմա եթե ռուսները համապատասխան օրենքներ ընդունեն` նման ֆինանսավորումները վերահսկելու կամ էլ կանխելու ուղղությամբ, կասկած անգամ չի կարող լինել, որ ԱՄՆ-ն կօգտագործի իր բոլոր լծակները Ռուսաստանին ավտորիտար, տոտալիտար պետություն ներկայացնելու համար: Բայց չէ՞ որ դա կլինի զուտ հակազդեցության դրսևորում Ռուսաստանի իշխող քաղաքական էլիտայի կողմից:
Մի խոսքով, փաստը մնում է փաստ, որ ամերիկացիք առաջիկա ժամանակահատվածում փորձելու են իշխանափոխություն իրականացնել Ռուսաստանում: Հարց է, սակայն, թե դա իրենց ինչքանով կհաջողվի: Գործընթացը սկսված է: