Ինչքան  ուզում է գրես, միեւնույնն է, չհայտարարված, անկապ էներգետիկ  անջատումները Վանաձորում շարունակվում են՝ ժամանակ առ ժամանակ խոչընդոտելով մարդկանց տարրական կենցաղավարման աշխատանքները, նպաստելով  ռադիո-հեռուստացույցների, սառնարանների, համակարգիչների «շարքից դուրս գալուն»: Մայիսի 24-ի՝ շաբաթ օրվա ժամը 18-19-ի սահմաններում հերթական անկապ անջատումն էր քաղաքի մի շարք թաղամասերում: Այսինքն՝ չգիտենք՝ անկա՞պ էր (այնպես, ինչպես նախօրեի գիշերվա ժամը 1-ի կեսժամանոց անջատումը), թե պայմանավորված էր ՆՏՎ ռուսաստանյան ալիքի շաբաթօրյա քաղաքական հաղորդումներով, որոնց անոնսը 1 շաբաթ շարունակ տարվում էր ՆՏՎ-ով: Չէի ասի, թե եթերային հնարավոր գրաքննությունը միանշանակ արեւմտամետ ծրագրով է աշխատում կամ ինչ-որ մեկի «ջանը ցավում է» ուկրաինական ազգայնականների իմիջի համար, ու ցանկանում են այդ հաղորդումների ժամին լռեցնել Ռուսաստանի ձայննն ընդդեմ ուկրաինական նացիոնալիստների: Երբեմն էլ գրաքննության ձեռքը թեքվում է դեպի «Ազատություն» ռադիոկայան, ու մեկ էլ տեսար՝ երեկոյան թողարկման ժամին «Ազատության» հաճախականության վրա «Գոլոս Ռոսսիի» է ընթանում: Պարզապես, ինչ-ինչ ուժեր ժամանակ առ ժամանակ որոշում են, թե որ ալիքով ներկայացվող հաղորդումը կարող է «հակացուցված» լինել ժողովրդին. եթե հեռուստատեսությամբ է «կարելի» է հոսանքազրկել տարբեր թաղամասեր, իսկ առավելապես «կաբելայինի» թաղամասը, որի հոսանքազրկվելու դեպքում անգամ հոսանք ունեցող այլ թաղամասում չեն կարող հեռուստացույց դիտել, եթե կաբելայինի բաժանորդ են, քանի որ բոլոր հեռուստաալիքները՝ կաբելային տիրույթում գործող, էներգետիկ անջատման ժամանակ անհետանում են էկրանից: (Դե մետրային հաճախականությամբ ոչ ՆՏՎ կա, ոչ «Ռոսիա» եւ այնտեղ միակ «այլընտրանքը» «Երկիրն» է, որն էլ է ժամանակ առ ժամանակ օրերով անհետանում թե մետրայինի, թե կաբելայինի եթերից): Եթե «հակացուցված» հաղորդումը ռադիոյով է՝ «Ազատությունով», ուրեմն «կարելի» է այդ ժամին ոչ միայն «Գոլոս Ռոսիի» հեռարձակել. մյուս տարբերակը «Ազատության» հաղորդման խոտանային որակն «ապահովելն» է՝ զիլ ազդանշաններով ու  սուլոցներով, աղմուկով, հաճախականությունից հաճախականություն փոխադրելով (այնպես, ինչպես խորհրդային տարիներին ընթանում էր «Ամերիկայի ձայնի» թողարկումը ռադիոյով): Մեզ  հաջողվեց պարզել, որ ՆՏՎ-ով մայիսի 24-ի երեկոյան ընթացող քաղաքական հաղորդումը արբանյակային ալիքով էլ ընթանում էր առանց ձայնի, միայն պատկերների մատուցմամբ: Ի դեպ, մետրային հաճախականությամբ Վանաձորում մի քանի օր եթերից անհետացել էր «Ռոսիա-պլանետա»-ն, ու մարդիկ վախենում էին, թե մի օր էլ  ընդհանրապես կզրկվեն այդ ալիքից. այնպես, ինչպես տարիներ առաջ Վանաձորում մետրայինից հանվեց ORT-ն: «Էկրանի վրա ինչ-որ վրացերեն բառեր էին գրված»,- «Ռոսիա-պլանետա»-ի միքանիօրյա անջատումն այսպես ներկայացրեց մետրայինից օգտվող հեռուստադիտողներից մեկը: Հետաքրքիր է, չլինի՞ արդեն տարածաշրջանի պաշտոնական լեզուն վրացերենն է, ու Վրաստանում են որոշում, թե Հայաստանում ինչ ալիք դիտեն, կամ միգուցե հեռարձակման «մաքսատուրք» են պահանջում: Հնարավոր է նաեւ, որ մետրայինով ռուսական ալիքների դեմ «սանկցիայի» նպատակը հեռուստադիտողների ավելի մեծ լսարանի կաբելային կամ արբանյակային ցանցեր տեղափոխելն է՝ այդ ցանցերի վճարովի ծառայությունների աշխատանքների խթանման նպատակով: Դե քանի որ երկիրս համ Ռուսաստանի հետ է Մաքսային միության մեջ մտնելու պատրաստությունների մեջ, համ էլ Եվրամիության հետ համագործակցությունն էլ ձեռքից բաց չի թողնում (Ադրբեջանին տանկեր ծախող Ռուսաստանի «ինադու»), ուստի երեւի թե մեր գրաքննությունն էլ երկգլխանի է, ու մի օր հակառուսական ուղղվածություն ունի, մի օր՝ հակաարևմտյան, մի օր ՆՏՎ-ի ու «Ռոսսիա-Պլանետա»-ի դեմ են պայքարում, մի օր՝ «Ազատություն» ռադիոկայանի: Իսկ ի՞նչ ուղղվածություն ունեն էներգետիկ «անկապ» անջատումները, որոնցից հերթականը Վանաձորում մայիսի 25-ին էր՝ կիրակի օրը, ժամը 13-14-ի սահմաններում:Էլ բանուգործ չունե՞ն մարդիկ, պետք է կենցաղը համապատասխանեցնեն սեփականաշնորհված ՀԷՑ-ի կամայական ռեժիմին, ու մի օր հեռուստացույց նորոգողի մոտ վազեն, մի օր՝ ռադիո նորոգող փնտրեն (ասում ենք՝ «փնտրեն»,  քանի որ ռադիոնորոգողները Վանաձորում դեֆիցիտ են, որովհետեւ  այս ոլորտի հատուկենտ մասնագետների մի մասն իմաստ չի տեսնում 2000 դրամանոց ռադիո նորոգելու  վրա նույնքան ծախս անել, ու ռադիատիրոջը խորհուրդ են տալիս չինական նոր «խոտան» գնել): Իսկ հաճախակի անջատումների հետեւանքով փչացող սարքերի վնասի հատուցումը ուտոպիայի ժանրից է: Հետո էլ ասում են՝ «Ամեն ինչ հանուն ժողովրդի«: Հիմա էլ հո ձմեռ չէ՞, որ ասեն՝ «Գծերը ծանրաբեռնվածությանը չեն դիմանում»: Թե՞ հիմա էլ կարկուտն ու հորդառատ անձրեւը կարող են պատճառաբանել՝ որպես անսպասելի անջատումների «դեպք հանցանաց»: Իսկ չէ՞ որ այդ նույն կարկուտն ու հեղեղը խորհրդային տարիներին էլ կային, բայց հազիվ թե որեւէ մեկը հիշի մի դեպք, երբ մարդկանց հոսանքազրկեին պետական, տեղական կամ «գեղական» մակարդակով: Հետաքրքիր է, կառավարության նոր ծրագրում կա՞ որեւէ կետ էներգետիկ անջատումների ներկայի ու ապագայի մասին, ի վերջո որքա՞ն պետք է շարունակվեն դրանք: Մինչեւ ե՞րբ պետք է մարդիկ գիշերը Հ2-ով ներկայացվող «լավաշ« ցուցակին հետեւեն, ու փորձեն տեղեկանալ, թե արդյո՞ք իրենց քաղաքը կամ գյուղը, թաղամասը ներառված է այդ ցուցակում:Ի դեպ, բնակավայրերի մի մասում ընդհանրապես Հ2 չկա, քանի որ այդ բնակավայրերը մետրային կապ չունեն, արբանյակայինով էլ Հ2 չկա: Բա ու՞մից իմանան, որ անակնկալի չգան, ու նախօրոք պլանավորեն իրենց կենցաղը:    

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել