Նրանց, ովքեր չափից ավելի են տարվում պետական կարգի իրավական բարեփոխումներով, առհասարակ քաղաքական համակարգի իրավական կողմով, արժե հիշեցնել Սովետական Միության, ինչպես նաեւ Հռոմեական կայսրության փորձը, որը հուշում է, որ առանց համապատասխան քաղաքական հիմքի կամ գուցե ասեմ ավելի լայն՝ հասարակական բազիսի, իրավունքը վերածվում է մեռյալ ձեւի: Ե՛ւ ԽՍՀՄ-ը, ե՛ւ Հռոմեական կայսրությունը իրավական տեսակետից դեմոկրատական հանրապետություններ էին, իսկ փաստացի՝ բացարձակ միապետություններ (հենց բացարձակ, այլ ոչ թե սահմանափակ): ԽՍՀՄ-ը, ըստ Սահմանադրության, խորհդարանական հանրապետություն էր: Իրավական տեսակետից համարվում էր, որ ԽՍՀՄ-ը ղեկավարվում է կոլեգիալ կերպով՝ գերագույն իշխանությունը Գերագույն խորհրդինն էր, իսկ ԳԽ նիստերի ընդմիջումների ժամանակ՝ ԳԽ նախագահությանը: ԽՍՀՄ այսպես ասած արարողակարգային գլուխը համապատասխանաբար ԳԽ նախագահության նախագահն էր (հիշողությամբ եմ գրում, կարող է որոշ դետալներ ճիշտ չհիշեմ, բայց հղացքը ճիշտ եմ արտահայտում): Նույնիսկ ՍՄՄԿ հայտնի դերը որպես ղեկավարող ուժ իրավական տեսակետից վերջնականապես ամրագրվում է միայն 1977-ին: Մինչ այդ՝ 1936-ի սահմանադրությամբ, կուսակցության դերը հիշատակվում էր, բայց բավականին իմիջիայլոց եւ ոչ շեշտված: Բոլորս էլ գիտենք, որ ՍՍՀՄ պետության փաստացի առաջնորդն, այն էլ՝ բացարձակ իշխանությամբ ՍՄԿԿ առաջին կամ գլխավոր քարտուղարն էր: Բայց իրավական տեսակետից նա պետության գլուխը չէր: Ավելին, կարող էր որեւէ պետական պաշտոն էլ չզբաղեցնել, ինչպես Ստալինը տարիներ շարունակ առաջնորդել է հսակայական երկիրն առանց որեւէ պետական պաշտոն զբաղեցնելու (մինչեւ 1941 թվականը), այսինք՝ ձեւականորեն լինելով ՍՍՀՄ շարքային քաղաքացի: Իսկ պետական պաշտոն զբաղեցնելուց էլ ՍՄԿԿ առաջին քարտուղարը կարող էր զբաղեցնել ԳԽ նախագահի՝ իրավականորեն պետության գլխի, բայց նաեւ այլ պաշտոններ, օրինակ՝ կառավարության նախագահի՝ վարչապետի, որը պետության առաջին դեմքը չէր իրավական տեսակետից: ԽՍՀՄ փաստացի առաջին դեմքերը տարբեր շրջաններում զբաղցրել են տարբեր պետական պաշտոններ, եւ միշտ չէ, որ դա եղել ԳԽ նախագահի պաշտոնը: Միայն 1988-ին, երբ Գորբաչեւն ընտրվեց ԽՍՀՄ նախագահ՝ իրավականն ու փաստացին համընկան: Բայց կա էլ ավելի զարմանալին: ՍՄԿԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը նույնպես շատ երկար ժամանակ եղել է ոչ թե իրավական, այլ փաստացի: Գլխավոր քարտուղարի պաշտոնը մտցվեց 1920-ականների սկզբին՝ որպես տեխնիկական անվանում, բայց կուսակցության կանոնադրության մեջ այն չէր ամրագրվել, այսինքն՝ ոչ ֆորմալ պաշտոն էր: Իրավական տեսակետից բոլշեւիկյան կուսակցությունը չուներ առաջնորդ, այլ ղեկավարվում էր նույն կոլեգիալ սկզբունքով: Ավելին՝ 30-ականներին՝ Ստալինի պաշտամունքի աճին զուգահեռ, գլխավոր քարտուղար անվանմամբ պաշտոնի հիշատակումը նույնիսկ փաստացի դուրս մղվեց սովետական իրականությունից: Ստալինը նույնիսկ առաջին քարտուղար չէ կոչվում: Նրա կուսակցական պաշտոնն էր համարվում ԿԿ քարտուղար, բայց ոչ թե միակ, այլ քարտուղարներից մեկը: Այսինքն՝ նա բոլշեւիկյան կուսակցության ձեւական առաջնորդն էլ չէր, այլ կոլեգիալ ղեկավարներից մեկը: Միայն Խրուշչովի ժամանակ վերականգնեցին առաջին քարտուղարի պաշտոնը, իսկ Բրեժնեւի ժամանակ՝ գլխավոր քարտուղարի, եւ դա վերջապես ամրագրվեց նաեւ կանոնադրության մեջ: Այլ կերպ ասած՝ իրավական տեսակետից սխալ է նույնիսկ այն, որ Ստալինի ժամանակ ԽՍՀՄ-ը ղեկավարվել է կուսակցության առաջին դեմքի կողմից: Փաստացի՝ այո՛, բայց իրավականորեն՝ ո՛չ: Սա սովետի օրինակը: Հիմա Հռոմինը: Մ.թ.ա 1- մ.թ. 1 դդ.-ի ընթացքոում Հռոմի Հանրապետությունը փաստացի վերածվեց բացարձակ միապետության՝ կայսեր գլխավորությամբ, որն ուներ ավելի իշխանություն, քան իրեն ժամանակակից այնպիսի միապետներ, ինչպիսին էր, օրինակ, Իրանի շահնշահը: Բայց իրավական տեսակետից Հռոմում ոչինչ չփոխվեց՝ այն շարունակեց մնալ հանրապետություն: Ավելին՝ առաջին կայսրը՝ Օգոստոսը, հպարտությամբ հայտարարեց, որ նա վերականգնել է հանրապետությունը եւ փրկել այն բռնապետությունից: Ի՞նչ էր Հռոմի իրավական համակարգը կայսրության առաջին շրջանում՝ մինչեւ 3-րդ դարի վերջ՝ շուրջ 300 տարի: Պետության գլուխ էին շարունակվում համարվել տարին մեկ ընտրվող երկու կոնսուլները: Իշխանության մյուս գերագույն մարմինը՝ խորհդարանն էր՝ Սենատը: Կայսրը՝ պետության փաստացի միահեծան գլուխը, իրավականորեն ոչ մեկ էր: Այդպիսի պաշտոն Հռոմում չկա՛ր: Այն անձինք, որոնց մենք կոչում ենք կայսրեր, կարող էին ժամանակ առ ժամանակ զբաղցնել պետական այս կամ այն պաշտոնը՝ կոնսուլինը, տրիբունինը եւ այլն, բայց ոչ միշտ, իսկ երբեմն էլ որեւէ պաշտոն չէին էլ ունենում, այլ փաստացի մասնավոր անձեր էին: Նրանց միակ կոչումը, որը տարբերում էր կայսրերին մյուսներից, պրինցեպսի կոչումն էր: Պրինցեպսը պաշտոն չէր: Հնուց Հռում պրինցեպս կոչել են սենատորներից նրան, ով քվերակության ժամանակ իրավունք ուներ առաջինն իր ձայնը տալու: Սա զուտ պատվավոր կոչում էր, որը հնում տալիս էին առավել տարեց կամ հարգված անձանց, իսկ կայսրության շրջանում՝ կայսրին: Այլ կերպ ասած՝ կայսրի միակ տարբերությունը սովորական հռոմեական քաղաքացուց նրա, այսպես ասած, «պատվավոր դեպուտատ» լինելն էր: Բնականաբար, խոսք չկար նաեւ նրա մասին, որ այդ պատվավոր կոչումը ժառանագական լիներ: Իրավականորեն խոսք չկար, իհարկե, բայց փաստացի բազմաթիվ կայսրեր ստեղծում էին իրենց դինաստիաները եւ իշխանությունը ժառանգաբար փոխանցում էին իրենց բարեկամներին: Իշխանություն, որը թղթի վրա գոյություն չուներ: Եվ այսպես տեւեց մինչեւ Դոմիկիանոսի ռեֆորմներ՝ 3-րդ դարի վերջում, երբ կայսրը վերջապես կոչվեց ոչ թե պրինցեպս, այլ տեր՝ դոմինուս: Գիտնականները հռոմեական այս համակարգը կոչում են պրինցիպատ, բայց հռոմեական իրավունքի տեսակետից, դա Հռոմի Ժողովորդի Հանրապետությունն էր՝ respublica populus Romanus. ասածս ի՞նչ է: Սահմանադրական բարեփոխումների միջոցով իրական դեմոկրատիայի հասնելու խոսակցությունները թարգեք: Թուղթն ինքնին ոչինչ է, եթե հիմնավորված չի իրական ուժով, համակարգով եւ հարաբերություններով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10203974376744011?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել