Panorama.am-ը գրում է.
«Ամենափոքրը ձվի չափ էր, երեք հատը միասին ափում չէր տեղավորվում»: Նախօրեին Լոռու մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտն այսպես են նկարագրում գյուղացիները: Կարկուտը ոչ միայն զգալի վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը, այլև տներին, մեքենաներին և անասուններին:
Դսեղի գյուղապետի տեղակալ Սամվել Անտոնյանը կարկուտից հետո եղել է արտերում, գյուղացիների տներում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ կարկուտը 50 րոպեից ավելի է տևել:
«Ամենադաժանն այն է, որ բնակչության 70 տոկոսի տների տանիքը քարուքանդ է արել: Ոչ մի ծառի վրա, ոչ մի բան չի թողել, լրիվ պոկել-տարել է: Դաշտերը գոյություն չունի` կարտոֆիլը, ցորենը լրիվ հնձել է: Ես տարիքով մարդ եմ, իմ կյանքում նման բան չեմ տեսել, նման չափի կարկուտ չէր եղել: Եթե ամենափոքրը ձվի չափ էր, մնացածը պատկերացրեք… Օգնության համար էլ` երեկ եկել էին մարզպետարանից և գյուղնախարարությունից, կատեգորիկ հրաժարվեցին ընտանիքներին օգնել տները վերականգնելու հարցում: Մարդիկ կան, որոնց տները լրիվ քարուքանդ եղած է, ծերունի կին է ապրողը, բայց չօգնեցին»,- ասաց գյուղապետի տեղակալը:
Պաշտոնյաները պատճառաբանել են, որ գումարներ չկան, եթե տունը ապահովագրված չէ, ուրեմն տան տերը պիտի խնդիրները լուծի:
«Բառ առ բառ ասացին` դուք գյուղացիներով պիտի համախմբվեք, շատ տուժածներին օգնեք, ընդառաջեք: Ցանքատարածությունից բացի ոչ մի բանում օգնելու հնարավորություն չունենք, պետությունը գումար չունի: Ճիշտն ասած, մենք էլ կազմակերպել ենք, իրար օգնելով վերանորոգել ենք: Մնում է մի քանի տուն, դա էլ այս երկու օրերին կավարտենք: Նույն օրը սկսել ենք վերանորոգել գյուղացիների տները»,- պատմեց նա:
Սամվել Անտոնյանը հավելեց, որ բերքին հասցված վնասներն արձանագրել են, ասել են, որ կքննարկեն և պետությունը կորոշի, թե այդ մասով ինչ օգնություն ցույց կտա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



