Ուկրաինայում վերջապես տեղի ունեցավ ստեղծված սոցիալ-քաղաքական իրականության փոփոխության գլխավոր գործընթացը՝ նախագահական ընտրությունը, որը կարող է առկա անկայուն, արյունոտ և քաոսային իրավիճակը մտցնել կայունության ինստիտուցիոնալացման փուլ: Ըստ նախնական տվյալների՝ առաջին տեղում է խոշոր գործարար, միլիարդատեր (ըստ Ֆորբսի նրա կարողությունը գնահատվում է 1.3 միլիարդ դոլար) Պյոտր Պորոշենկոն: Ի դեպ, այս թեկնածուի վարկանիշը 2013թ. փետրվարին, ըստ սոցիոլոգիական հարցման, կազմում էր ընդամենը 1 տոկոս, իսկ արդեն 2014թ. մարտին՝ 38 տոկոս: Ճիշտ է՝ վարկանիշային այսպիսի աճը մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ Կլիչկոն հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ նրա, սակայն, նույնիսկ դա հաշվի առնելով, նախկին արտգործնախարարի վարկանիշը կտրուկ աճ է արձանագրել: Նախագահական ընտրությունը, որպես ինստիտուտ, միմյանց հետ կոնֆլիկտող կողմերի համար դառնում է մրցակցության այլ ձևաչափ, կողմերը իրենց շահերի որոշ մասի իրացումն ապահովում են քվեարկությամբ, որը թոթափում է առկա լարվածությունը: Ավելորդ է նշել, որ նախագահի ինստիտուտը ճգնաժամային կառավարման լավագույն աղբյուրներից է, եթե այն ճիշտ է օգտագործվում, դառնում է բիֆուրկացիոն հասարակության միավորիչ օղակը: Այսպիսի իրավիճակում հենց կարևորվում է մեկ անձի ստանձնած դերակատարությունը, ով կարող է կայացնել ճգնաժամից բխող անհրաժեշտ որոշումներ: Իսկ Պորոշենկոն, հնարավոր է, որ կկարողանա կայունացնել ուկրաինական ճգնաժամը, հաշվի առնելով նաև, որ նա բարձր պաշտոններ է զբաղեցրել թե Յուշչենկոյի, թե Յանուկովիչի օորոք, այսինքն՝ նա աշխատանքի փորձ ունի և արևմտամետ, և ռուսամետ ուղղություններով, ուստի կկարողանա հաշտեցման եզրեր գտնել թե ներքին, թե արտաքին ուժերի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել