Մայիսի 25-ին ավարտվեցին Եվրախորհրդարանի ընտրությունները, որին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող շուրջ 375 միլիոն ԵՄ քաղաքացի: Ընտրությունները մեծ մասամբ լի էին անակնկալներով, բայց ոչ միայն լավ իմաստով: Բանն այն է, առաջին անգամ մի շարք երկրներում հաղթել են ծայրահեղական ուժեր, որոնք նաև եվրասկեպտիկ են, սակայն եվրասկեպտիցիզմը դեռ ամենամեղմ չարիքն է, որը բնորոշում է այդ կուսակցություններին: Ամենացավալին այս ընտրություններում այն է, որ ակնհայտ է դառնում ծայրահեղականների շարունակական զարթոնքն ու վերելքը Եվրոպայի քաղաքական կյանքում, որը, ինչ խոսք, իր խոսքը դեռ կասի: Իհարկե, այս ընտրություններում ընդհանուր առմամբ կրկին առաջին տեղերում են աջ-կենտրոնամետները, սոցիալիստներն ու լիբերալները (ըստ հերթականության), բայց միտումը բավական ուշագրավ է և պոտենցիալ անկանխատեսելիությամբ:

Այսպիսով՝ անդրադառնանք մի քանի երկրի, որտեղ գրանցվել են, այսպես ասած, քաղաքական անակնկալներ: Ֆրանսիայում, օրինակ, հաղթել է Մարին լը Պենի գլխավորած Ազգային ճակատը: Այն ստացել է 25% ձայն և Եվրախորհրդարանում կունենա 25 մանդատ` առաջ անցնելով թե՛ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «UMP» կուսակցությունից (21%), թե՛ Ֆրանսուա Օլանդի Սոցիալիստական կուսակցությունից (14%): Սոցիալիստական կուսակցությունն առհասարակ, կարելի է ասել՝ ջախջախված վիճակում է, որի հետևանքները, անշուշտ, կարտացոլվեն առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ: Մեծ Բրիտանիայում ընդհանրապես շոկային իրավիճակ է: Առաջին անգամ վերջին 100 տարվա ընթացքում համազգային ընտրություններում (տվյալ ընտրությունները ևս համարվում են համազգային ընտրություններ) հաղթել է ոչ ավանդական կուսակցություն: Անակնկալ հաղթանակ են տարել եվրասկեպտիկները: Նայջել Ֆարաջի գլխավորած «Միացյալ Թագավորության անկախություն» կուսակցությունը (UKIP) հավաքել է 27%, մինչդեռ իշխող Պահպանողական կուսակցությունը ստացել է 24%, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը՝ 25%: Հունաստանում, կարելի է ասել, իրավիճակը նույնն է:

Մի խոսքով, պատկերը սա է: Վերոնշյալ փաստերի կոնտեքստում նշենք նաև, որ այն երկրներում, որտեղ որ ծայրահեղականները, ֆաշիստական և ազգայնական հայացքներ ունեցող կուսակցությունները չեն էլ հաղթել, ապա առնվազն բարելավել կամ էլ ամրապնդել են իրենց դիրքերը: Կարճ ասած՝ Եվրոպան կամաց-կամաց գնում է դեպի ծայրահեղացում: Ճակատագրի հեգնանքով դա արվում է ժողովդավարության մեխանիզմներով: Եկեք ամեն դեպքում գույները չխտացնենք և շատ առաջ չանցնենք. ի վերջո, քաղաքական պատկերը Եվրոպայում, ամեն դեպքում, դեռ չի փոխվել, և Եվրապառլամենտի ընտրություններին ավանդապես մասնակցությունն ավելի ցածր է լինում, քան 50% (այս անգամ միայն 43%): Այնպես որ, սա ամեն դեպքում ամբողջ Եվրոպայի խոսքը չէ: Միևնույն ժամանակ, ինչպես որ ավելի վաղ ասվեց, վտանգավորն այստեղ իրադարձությունների միտումն է: Հենց տվյալ միտումն է, որը անհանգստության առիթ պետք է լինի, և առաջին հերթին եվրոպացիների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել