Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական
քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։
քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։
1918 թվական
- 1918թ. հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան), արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան։
- 1918թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն)։
- 1918թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի։
- 1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։
- 1918թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն։
- 1918թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին։
- 1918թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։
- 1918թ. դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլոում։
- 1918թ. դեկտեմբերի 31-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին։
- 1918թ. աշնանից մինչև 1919թ. գարուն սովի և համաճարակների հետևանքով մահացավ մոտ 150.000 մարդ։
- 1919թ. փետրվարին երկրի ծանր դրությունը Հայաստանի խորհրդին ստիպեց դիմել Եվրոպայի և ԱՄՆ-ի օգնությանը։
- 1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց։
- 1919թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի։
- 1919թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան և Ադրբեջանը ջանք չէին խնայել։
- 1919թ. աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար։ Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Զանգեզուրը։
- 1920թ. հունվարի 19-ին Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացիորեն ճանաչեց Հայաստանի անկախությունը։
- 1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։
- 1920թ. մարտին ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը։
- 1920թ. ապրիլին ստեղծվեց ազգային դրամը։
- 1920թ. ապրիլին խորհրդային զորքերը մտան Ադրբեջան և այնտեղ հաստատեցին խորհրդային կարգեր։
- 1920թ. մայիսի 1-ին Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր։
- 1920թ. մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը։ Ընտրվեց նոր կառավարություն Համազասպ (Համո) Օհանջանյանի գլխավորությամբ։
- 1920թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանյանը և Հակոբ Կոջոյանը։ Օրհներգ ընդունվեց Միքայել Նալբանդյանի «Մեր հայրենիք» երգը, որի երաժշտության հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը։
- 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների և սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջև կնքվեց հաշտության պայմանագիր։ Նրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրև ազատ և անկախ պետություն։
- 1920թ. աշնանը հայկական բանակն ուներ 40.000 զինվոր։
- 1920թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների I համագումարը, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը։
- 1920թ. սեպտեմբերի 23-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ ՀՀ վրա հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր, որն ուներ 30 հազար զինվոր։
- 1920թ. հոկտեմբերի 14-ին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Հայաստանը խորհրդայնացնելու մասին։
- 1920թ. հոկտեմբերի 30-ին թշնամին գրավեց Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց։ Երեք օր անընդմեջ թուրքերը Կարսում զբաղված էին իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ գնացին մոտ 6000 հայեր։
- 1920թ. նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին ՀՀ համար։
- 1920թ. նոյեմբերի 23-ին Համազասպ (Համո) Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց և կազմվեց նորը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Այն կոալիցիոն էր և կազմված էր էսեռների հետ։
- 1920թ. նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային էր անցնում 1914թ. դրությամբ Արևելյան Հայաստանի մեջ մտնող ավելի քան 20.000 կմ2 տարածք՝ Կարսը, Սարիղամիշը, Կաղզվանը, Արդահանը, Օլթին, Սուրմալուի գավառը։ Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնելու էր Ախուրյան և Արաքս գետերի հունով։ Իսկ Նախիջևանի, Շարուրի, Շահթախթի շրջանները ժամանակավորապես հանձնվում էին Թուրքիային, մինչև որ այնտեղ կանցկացվեր հանրաքվե, որին Հայաստանը չպետք է մասնակցեր։
- 1920թ. նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ Սարգիս Կասյանը, մտան Իջևան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և Հայաստանի խորհրդայնացման մասին։
- 1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր։ Դրանով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունը անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին։
- 1920թ. դեկտեմբերին ռուսների կողմից ձերբակալվեցին ՀՀ բանակի 1.000-ից ավելի սպաներ, այդ թվում Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, որոնց ոտքով քշեցին Ալավերդի՝ ճանապարհին նրանցից ոմանց սպանելով, բոլորին ծաղր ու ծանակի ենթարկելով։ Ապա ձերբակալվածներին ուղարկեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր։ 1921թ. փետրվարին Դիլիջանի շրջանում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում՝ Դանիել Բեկ-Փիրումյանը։ Նրա եղբայր Պողոս (Պավել) Բեկ-Փիրումյանը, չդիմանալով կտտանքներին ու նվաստացումներին, ինքնասպանություն գործեց։
1921 թվական
- 1921թ. փետրվարի 13-ին սկսվեց ապստամբություն, որի ազդանշանը տվեցին Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները։ Մինչև փետրվարի 17-ը ապստամբները գրավեցին Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երևան։ Բոլշևիկները և կարմիր զորամասերը հեռացան Ղամարլու (Արտաշատ)։ Բանտերից ազատվեցին Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը և 100-ավոր այլ պետական գործիչներ ու մտավորականներ։
- 1921թ. մարտի 25-ին սկսվեց բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավեցին Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երևան։ Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց Երևանը հանձնել առանց կռվի։
*ՀՀ պաշտոնական մամուլ1918թ. մայիսի 28-ին՝ երկարատև ընդմիջումից հետո, Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ ոչ միայն քաղաքական, այլև պատմամշակութային խոշոր նշանակություն։ Աշխուժացավ հասարակական - քաղաքական կյանքը, սկսեց բուռն ծաղկում ապրել պարբերական մամուլը, լրագրական ու ստեղծագործական կյանքը։ ՀՀ կարճատև՝ ընդամենը 2.5 տարվա գոյության ընթացքում, տարբեր հաճախականությամբ լույս են տեսել, ընդհանուր հաշվով, 60 անուն պարբերականներ։ Դրանց ճնշող մեծամասնությունը հրատարակվում էին մայրաքաղաք Երևանում։ Զգալի թվաքանակով թերթեր էին լույս ընծայվում Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, Գորիսում և այլուր։ ՀՀ պարբերական մամուլը կարելի է բաժանել 3 տիպի՝ պաշտոնական, կուսակցական և անկախ (անկուսակցական)։ Պաշտոնական պարբերականների ընդհանուր թիվը կազմում էր 14 անուն թերթ, կուսակցականը՝ 38, իսկ անկախ մամուլինը՝ 8 անուն թերթ։
ՀՀ պաշտոնական մամուլի նպատակը կառավարության և խորհրդարանի ընդունած օրենքների, օրենսդրական ակտերի, որոշումների ու հրամանների հրապարակումն ու տարածումն էր։ ՀՀ գլխավոր պաշտոնական օրգանը «Կառավարության լրաբեր» եռօրյա թերթն էր, որը սկսել է լույս տեսնել 1918թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1920թ. հուլիսի 20-ը։ Հաջորդ պաշտոնաթերթը 1918թ. հուլիս ամսից լույս տեսնող «Հայոց Ազգային Խորհրդի լրատու» եռօրյան էր, որի տպագրությունը ընդհատվեց հուլիսի 23-ին։Պաշտոնական մամուլի թվին էր դասվում ռազմական նախարարության «Ռազմիկ» 16 էջանոց շաբաթաթերթը։ Այն սկսել է լույս տեսնել 1920թ. օգոստոսից մինչև թուրք - հայկական պատերազմը։ ՀՀ կիսպաշտոնական պարբերականների թվին էր դասվում նաև «Հայաստանի կոոպերացիա» (Երևան 1919-1920թթ.)ամսագիրը, որի հիմնական ուղղվածությունը տնտեսական էր։Կիսապաշտոնական պարբերականների թվին կարելի է դասել Կարսում լույս տեսնող «Աշխատավորի ձայն» բանվորագյուղացիական երկօրյա թերթը, Լեռնային Ղարաբաղում լույս տեսնող «Ղարաբաղի սուրհանդակ» /Շուշի, 1918թ./ և «Արցախ» /Շուշի 1919թ./ թերթերը։
ՀՀ կուսակցական մամուլի էությունը լավ հասկանալու համար և ճիշտ բնութագրելու նպատակով դրանք բաժանվել են երեք ուղղության՝ «աջ», «ձախակենտրոն» և «ձախ»։ Այսպիսի բաժանման հիմքում դնելով այդ կուսակցությունների դասակարգային էությունը և հետապնդած նպատակները։ Այս տեսակետից աջակողմյան թևին պատկանում էին Հայ ժողովրդական և Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունները։ Այս կուսակցությունները ՀՀ-ում լույս են ընծայել 5 անուն թերթ, 2-ը՝ ՀԺԿ և 3-ը՝ Հայ ռամկավարները։ 1918թ. օգոստոսի 14-ից Երևանում սկսեց լույս տեսնել ՀԺԿ-ի օրգան «Ժողովուրդ» լրագիրը։ Գաղափարախոսական տեսակետից «Ժողովրդի» էջերում արտահայտվում էին ՀԺԿ ազգային և ազատական գաղափարները, նրա մոտեցումները հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության, Հայկական հարցում և այլն։ Թերթը Հայաստանի անկախության գաղափարի ջերմ պաշտպանն էր։ ՀՀ քաղաքական դաշտում աջակողմյան թևը ներկայացնող մյուս ազդեցիկ պարբերականները Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության պաշտոնաթերթ «Վան-Տոսպան» էր և նրա իրավահաջորդ «Հայաստանի ձայնը»։ Եթե ՀԺԿ և նրա «Ժողովուրդ» պաշտոնաթերթը ներկայացնում էր արևելյան և ռուսահայ ազգային աջ-ազատական հատվածը, ապա ՀՍՌԿ-ն և նրա «Հայաստանի ձայն» պաշտոնաթերթը՝ արևմտյան հատվածը ու մասնավորապես Կովկաս ապաստանած գաղթականությանը։ ՀՀ «ձախ» կենտրոնամետ դիրք էր գրավում ՀՅ Դաշնակցության մամուլը։Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում լույս են տեսել կենտրոնական և տեղական նշանակության ՀՅԴ ընդամենը 13 անուն պարբերականներ։ Դրանցից առավել կարևորներն էին՝ «Զանգը» /Երևան 1918-1919թթ./, «Հայաստանի աշխաատավորը» /Երևան 1919թ./, «Հառաջը» /Երևան 1919-1920թթ./ և «Աշխատանքը» /Երևան 1919թ./։ Մնացածը եղել են գավառային՝ տեղական նշանակության և ՀՅԴ աշակերտական միության օրգաններ։ ՀՀ ձախակողմյան մամուլը ներկայացնում էին սոցիալիստ-հեղափոխականները /էսէռներ/, սոցիալ-դեմոկրատ՝ մենշևիկները և բոլշևիկները։ Էսէռները ունեցել են մամուլի 3 օրգան, մենշևիկները ևս՝ 3, իսկ բոլշևիկների և նրանց համակիրների պարբերականների թիվը հասնում էր 13-ի։ Սակայն այդ թերթերի կեսից ավելին քաղաքական հետապնդումների և այլ պատճառներով լույս են տեսել ընդամենը մեկ կամ մի քանի համարով։ Հայաստանի անկախության հռչակումից հետո ձախակողմյան ուղղության համառուսաստանյան կուսակցությունների էսէռական, սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան և բոլշևիկյան հայկական հատվածները իրենց գործունեության ծանրության կենտրոնը Թիֆլիսից ու Բաքվից տեղափոխեցին Հայաստան։ 1919թ. փետրվարին Երևանում հիմնվեց էսէռների օրգանը «Սոցիալիստ հեղափոխական» եռօրյան։ Թերթը լույս է տեսել 1919թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը։ Պաշտոնաթերթի բնաբանն էր «Կռվով կխլես քո իրավունքը»։ Ձախակողմյան հաջորդ կուսակցական մամուլը ՌՍԴԲԿ /մենշևիկների/ հայաստանյան կազմակերպության օրգան «Կայծ» /Երևան 1918-1919թթ./ եռօրյան էր։ 1918-1919թթ. Ալեքսանդրապոլում լույս է տեսնում մենշևիկյան ուղղության «Անկախ սոցիալիստների կուսակցության» օրգան «Մարդկություն» եռօրյան։ 1919թ. հունվարի 30-ին Շուշիում լույս տեսավ տեղի սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան կազմակերպության օրգան «Նոր կյանք» շաբաթաթերթը, որը միայն կարողացավ լույս ընծայել հինգ համար։ Ձախակողմյան մամուլի ամենաընդդիմադիր թևը ներկայացնում էին բոլշևիկյան պարբերականները, որոնց մեջ առաջնային տեղ գրավում էր «Խոսքը» /1918սեպտեմբերից-1919թ. մարտ՝ընդամենը 22 համար/։ 1920թ. հունվարին Ալեքսանդրապոլում բոլշևիկները հիմնեցին «Ալիք» շաբաթաթերթը, սակայն մեկ համար լույս ընծայելուց հետո այն փակվեց, այս ճակատագրին արժանացան «Բանվորը» /Ալեքսանդրապոլ/, «Լոռվա գյուղացու ձայն» /Հաղպատ 1920թ./ երկշաբաթաթերթերը։Սակայն բոլշևիկյան պարբերականներից ամենամեծ աղմուկ հանած թերթը, դա «Սպարտակ» միության օրգան համանուն «Սպարտակ» թերթն էր։ Լույս է տեսել «Սպարտակի» ընդամենը մեկ համար՝ 1919թ. մայիսի 1-ին։ Ձախակողմյան ուղղվածույթուն ուներ «Գյուղացիական միություն» /Ալեքսանդրապոլ 1919թ./ և «Գյուղացու ձայն» /Երևան 1920թ./ շաբաթաթերթերը։Բոլշևիկյան հայտնի թերթերից էր «Կոմունիստը», որը կառավարության կողմից համարվեց հակակառավարական և փակվեց։ Այսպիսով, չնայած սոցիալական ոչ լայն հենարանի՝ ՀՀ քաղաքային դաշտում իր արժանի տեղն էր գրավում ձախակողմյան մամուլն ընդհանրապես և բոլշևիկյանը՝ մասնավորապես։
Ի տարբերություն կուսակցական մամուլի՝` ՀՀ-ում շատ թույլ էր արտահայտված անկուսակցական և գիտական մամուլը: Եթե, այնուամենայնիվ, որոշ պարբերականներ հիմնվում էին որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվում էին, կամ էլ հասկանալի պատճառներով ընկնում էին իշխանությունների կամ որևէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ և դառնում արտաքուստ անկախ, սակայն բովանդակությամբ` նրանից հույժ կախյալ։ Դրանց թվին էին դասվում «Ալեքսանդրապոլի լրաբեր», 1919թ. օրաթերթ, «Իդեալ», 1919թ.,Երևանի ամերիկյան որբանոցների աշակերտական միության երկշաբաթաթերթ, «Նոր ուղի», Երևան, 1920թ., ռուսալեզու՝ «Знамя школы» /Դպրոցի դրոշակ/, Երևան, 1919թ., Երևանի գիմնազիաների կոլեկտիվների շաբաթաթերթ և այլ պարբերականները։ ՀՀ-ում շատ կարճատև ընթացքով լույս տեսան գերատեսչական և գիտաուսումնական բնույթի մի քանի ամսագրեր։ 1920թ. մեկ համարով թողարկվեց «Գյուղատնտեսական հանդես» ամսագիրը, Երևանում լույս տեսավ «Առողջապահիկ» բժշկական հանդեսը, Էջմիածնում լույս տեսավ «Արարատ», «Էջմիածին» հոգևոր և գիտական ամսագրերը և այլն։ Այսպիսով, Հայաստանի անկախության հռչակումը հայ ժողովրդի կյանքում նշանակալի իրադարձություն եղավ ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր-մշակութային տեսակետից։ Իր գոյության կարճատև /2.5 տարի/ ժամանակահատվածում ՀՀ-ը դարձավ հայահավաքման կենտորն։ Աստիճանաբար հայ մամուլի ավանդական կենտրոնները՝ Թիֆլիսը, Կ.Պոլիսը, Վենետիկը, Մոսկվան, Բաքուն և այլն իրենց դիրքերը զիջեցին Երևանին։ Վերջինս դարձավ հայ հասարական-քաղաքական ու հոգևոր կյանքի կենտրոն։Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ գավառային կենտրոնների թերթերն ու ամսագրերը հանդիսացել են տվյալ ժամանակշրջանի բարդ իրականության և բազմաշերտ հասարակական-քաղաքական կյանքի ճշմարիտ հայելին։
Վարչապետներ
- Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) պաշտոնավարել է 07.06.1918 - 07.08.1919թթ.
- Ալեքսանդր Խատիսյանը պաշտոնավարել է 07.08.1919 - 05.05.1920թթ.
- Համազասպ (Համո) Օհանջանյանը պաշտոնավարել է 05.05.1920 - 23.11.1920թթ.
- Սիմոն Վրացյանը պաշտոնավարել է 23.11.1920 - 02.12.1920թթ.
Անդամներ (նախարարներ)
ՀՀ Խորհրդարան
Նախագահներ (խոսնակներ)
- Ավետիք Սահակյանը պաշտոնավարել է 01.08.1918 - 01.08.1919թթ.
- Ավետիս Ահարոնյանը պաշտոնավարել է 01.08.1919 - 04.11.1920թթ.
- Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) պաշտոնավարել է 04.11.1920 - 02.12.1920թթ.
Փոխնախագահներ (փոխխոսնակներ)
- Գրիգոր Տեր-Խաչատրյանը պաշտոնավարել է 01.08.1918 - 05.06.1919թթ.
- Դավիթ Զուբյանը պաշտոնավարել է 01.08.1918 - 05.06.1919թթ.
- Լևոն Շանթը պաշտոնավարել է 01.08.1919 - 02.12.1920թթ.
- Սարգիս Արարատյանը պաշտոնավարել է 01.08.1919 - 10.08.1919թթ.
- Հովսեփ Արղությանը (Խանասորի Իշխան) պաշտոնավարել է 10.08.1919 - 16․09․1919թթ.
- Սիրական Տիգրանյանը պաշտոնավարել է 16.09.1919 - 02.12.1920թթ.
- Ավետիք Սահակյանը պաշտոնավարել է 06.11.1919 - 02.12.1920թթ.
- Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) պաշտոնավարել է 09.1920 - 04.11.1920թթ.
Ավագ և կրտսեր քարտուղարներ
- Ավագ քարտուղար Պետրոս Զաքարյանը պաշտոնավարել է 01.08.1918 - 01.08.1919թթ.
- Կրտսեր քարտուղար Եփրեմ Սարգսյանը պաշտոնավարել է 06.08.1918 - 01.08.1919թթ.
- Ավագ քարտուղար Հակոբ Տեր-Հակոբյանը (Իրազեկ) պաշտոնավարել է 05.08.1919 - 02.12.1920թթ.
- Կրտսեր քարտուղար Արամ Սաֆրաստյանը պաշտոնավարել է 05.08.1919 - 02.12.1920թթ.
- Կրտսեր քարտուղար Անուշավան Տեր-Միքայելյանը պաշտոնավարել է 26.12.1919 - 02.12.1920թթ.
Անդամներ (պատգամավորներ)
Առաջին գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 18, ՀԺԿ-ն, ՍՀԿ-ն, ՍԴԿ-ն՝ 6-ական պատգամավոր, ինչպես նաև կային 6 իսլամադավան, 2 անկուսակցական, մեկ ռուս և մեկ եզդի պատգամավորներ, ընդամենը՝ 46 հոգի։
Առաջին գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 72, ՍՀԿ-ն 4 պատգամավոր, ինչպես նաև կային 3 իսլամադավան և մեկ ԱԱԳՄ պատգամավորներ, ընդամենը՝ 80 հոգի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել