Երեկ Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Նախապես հայտնի էր, որ հիմնական պայքարը ընթանալու է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և գործարար Պյոտր Պորոշենկոյի միջև: Հիմնական ինտրիգը, կարելի է ասել, հետևյալն էր` կլինի՞ ընտրությունների երկրորդ փուլ, թե թեկնածուներից որևէ մեկին (մեծ հավանականությամբ Պորոշենկոյին) կհաջողվի հաղթանակ կորզել հենց առաջին փուլում: Քվեարկության նախնական տվյալներն արդեն իսկ հայտնի են, և ըստ դրանց՝ միանձնյա առաջատարն է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկը` Պյոտր Պորոշենկոն:
Ինչևէ, ընտրություններն իրենց կարևոր տեղն ունեն երկրում քաղաքական իրավիճակի կայունության գործում, սակայն այս պարագայում ամենակարևորն այն է, թե ինչպես է նորընտիր նախագահը կարողանալու լուծումներ գտնել երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար: Ի վերջո, Ուկրաինայի առջև ծառացած է աննախադեպ մարտահրավեր, որը «պատվով» հաղթահարելու համար պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին լեզու գտնել Ռուսաստանի հետ: Այդ առումով հետաքրքիր է իմանալ հաղթած թեկնածուի առաջիկա քայլերը Ռուսաստանի հետ հարաբերություններում և դրանց արդյունքում Ռուսաստանի վերաբերմունքը անցկացված ընտրություններին:
Նախնական արդյունքների հրապարակումից հետո Պյոտր Պորոշենկոն անմիջապես հայտարարել է իր հետագա մի քանի գործողությունների մասին: Նա հայտարարել է, որ առաջին հերթին պետք է մեկնի Դոնբաս և բանակցի երկրի արևելքի հետ, ինչպես նաև պետք է լուծի «Ռուսաստանի հետ կուտակված հարցերը, որոնց համար լավ հիմք է հանդիսանում ապրիլին կնքված Ժնևյան համաձայնագիրը: Դրան զուգահեռ, սակայն, վերջինս հայտարարել է, որ ուկրաինացիք ընտրելուվ իրեն` ընտրել են եվրոպական ուղին:
Նշենք, որ այս հայտարարություններին ի պատասխան, արդեն իսկ արձագանքել են «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից»՝ ասելով, որ Պորոշենկոյի այցը Դոնբաս կարող է լինել բացառապես որպես օտարերկրյա նախագահի այց իրենց երկիր և ոչ ավելին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա առայժմ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չկա:
Տեսեք, առաջին հայացքից ստացվում է այնպես, որ Պորոշենկոն իբր ինչ-որ տեղ գնում է Ռուսաստանին ընդառաջ` խոստանալով, որ կբանակցի արևելքի հետ` ենթադրաբար լուծելու համար այդ շրջանների ժողովրդին «հուզող» հարցերը: Չմանրանանք, քանի որ մեծ հաշվով չգիտենք, թե ինչպես է դա պատկերացնում Պորոշենկոն, և առհասարակ ինչ կա հաղթած թեկնածուի մտքին, այնուհետև վերջինս շեշտում է Ժնևյան համաձայնագրի արդիականությունը, որի մասին մշտապես խոսում էր Ռուսաստանը, սակայն մի քիչ այլ տեսանկյունից: Բանն այն է, որ ի տարբերություն Ռուսաստանի, Պորոշենկոն այդ փաստաթուղթն ավելի շուտ համարում է հիմք Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների, այլ ոչ թե Ուկրաինայի և այդ երկրի «Հարավ-արևելք»-ի փոխհարաբերությունների համար:
Մի խոսքով, իրավիճակը բավական նուրբ է: Այս ամբողջի համատեքստում, սակայն, առկա է նաև մեկ այլ հանգամանք, որը չափազանց կարևոր է և կարող է առանցքային դերակատարություն ունենալ Ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար: Բանն այն է, որ Պյոտր Պորոշենկոն մինչև ընտրություններում հաղթելը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Եվրոպային ասոցացվելու համար վերջինս առաջարկել էր անցկացնել հանրաքվե, սակայն ՆԱՏՕ-ի հարցում նույնիսկ հանրաքվե չէր առաջարկել: Այնպես որ, շատ կարևոր է հասկանալ՝ ի վերջո, Մայդանի հիմնական ֆինանսավորողն ու առանցքային դերակատարներց մեկը կմնա իր համոզմանը, թե կմտափոխվի:
Ինչպես որ սկզբում նշվեց, Պորոշենկոն ընտրությունների նախնական տվյալներն իմանալուց հետո հայտարարել է, որ ուկրաինացիք ընտրել են եվրաինտեգրման ուղին: Հիմա հարցը հետևյալն է` ի՞նչ է եվրաինտեգրացիան: Այսինքն, էլ ավելի ինտեգրվել ԵՄ-ի հետ հետագայում անդամակցության ակնկալիքո՞վ, թե այդ ամենի հետ մեկտեղ նաև ՆԱՏՕ-ին անդամակցություն: Կարծում եմ՝ այս հարցի միանշանակ պատասխանից հետո միայն հնարավոր կլինի հասկանալ՝ կաշխատի՞ Ռուսաստանն Ուկրաինայի նոր իշխանությունների հետ, թե` ոչ: