"Ռուսաստանը գործում է, ելնելով իր շահերից", - մեկնաբանում են տարիներ շարունակ ռուս քաղաքական գործիչները Ազերբեյջանին նորագույն զենքի վաճառքը: "Ռուսաստանը գործում է, ելնելով իր շահերից", - արձագանքի պես կրկնում են հայ քաղաքական գործիչները, արդարացնելով ռազմավարական դաշնակցի նման գորողությունները: Շատ լավ, սակայն ինչու Հայաստանը չի գործում իր շահերից ելնելով? Պետության գերագույն շահն ու պարտավորությունն է իր ազգաբնակչության անվտանգության պահպանումը: Եթե անհրաժեշտ է, դրա համար պետությունները մտնում են դաշինքների մեջ, սակայն սեփական անվտանգության զիջումը այլ երկրին կամ միությանը անխուսափելիորեն բերում է այդ պետության ոչնչացմանը: Դա հասկանալու համար բավական է ուսումնասիրել մեր պատմությունը:
Դեռեւս 42 դար առաջ Հայկը իր ժողովուրդը հավաքում ու լքում է Բաբելոնը, մերժելով Բել-Նեմրութի բոլոր խոստումները, երաշխիքները, սպառնալիքները, իսկ վերջում էլ` պատերազմի գնով պաշտպանելով իր անկախությունն ու, հետեւաբար, անվտանգությունը: 35 դար առաջ Արա արքան մերժում է Ասորիքի հետ դաշինքն ու անվտանգության երաշխիքներն ու կյանքով է վճարում երկրի ու ազգի անկախության ու ազատության համար: 23 դար առաջ Արտաշես արքան հյուրընկալում է Հաննիբալին ու մերժում Հռոմի պահանջը հանձնել նրան, գերադասելով պատիվն ու անկախությունը հռոմեացիների հետ դաշինքին: 22 դար առաջ Տիգրան Բ ապաստան է տրամադրում Միհրդաթին ու պապու պես մերժում է Հռոմի վերջնագիրը, չհանձնելով Պոնտացուն Ղուկուլոսի լեգիոններին: Տիգրան արքան դաշնակցել էր Միհրդաթի հետ ու դիմակայել էր երկու հզոր հարեւանների` Հռոմի ու Պարթեւի ճնշմանը, ստեղծելով մեծ եւ ուժեղ պետություն: Նա քաջ գիտակցում է, որ անհավասար դաշինքը ոչնչացնելու է ինքնիշխանությունն ու անկախությունը, հետեւաբար անընդունելի է պետության համար:
11 դար առաջ Բյուզանդիան դաշինքներ էր կնքում Հայաստանի տարբեր շրջանների հետ, որի հետեւանքով շրջաններն այդ դատարկվում էին հայերից, հայ իշխանները բազմաթիվ զորքով ու ժողովրդով անցնում էին Բյուզանդիա, ստանալով նոր հողեր կայսրության հակառակ ծայրում, հաճախ էլ բարձր պաշտոններ, իսկ հայոց հողերը դատարկվում էին ու անցնում Բյուզանդիային: Դե, Բյուզանդիան գործում էր, ելնելով իր քաղաքական շահից: Հայ իշխան-նախարարներն էլ, որ արդեն եկեղեցու օգնությամբ ազատվել էին ազգային պետությունից ու հայոց արքայից, ենթարկվում էին բյուզանդական շահերին, իրենց երկրի անվտանգությունն էլ հանձնում էին հզոր հարեւանին, որին էլ ավելի էին հզորացնում իրենց ծառայություններով: Արդյունքում մի քանի տասնյակ տարի անց ամայացած հայկական հողերի վրա գրեթե անարգել մտան թյուրք-օղուզ-սելջուկները, ապա նույն հեշտությամբ ու անարգել հասան Բյուզանդիա եւ, երբ Կոնստանդնուպոլիսն արդեն չուներ հայկական հողեր նրանց զիջելու, շուտով կուլ տվեցին ե`ւ Հայաստանը ե`ւ Բյուզանդը: Հիմա հարց է առաջանում, արդյոք Բյուզանդիան ճիշտ էր հասկանում իր քաղաքական շահերը? Դա թերեւս հրետորոկան հարց է կեսհազար տարի անց, սակայն մեր գոնե այսօրվա շահերի մասին մեզնից բացի ոչ ոք հո չի մտահոգվելու: Ոչ Բյուզանդիան, ոչ էլ նրա տեղապահը հանդիսացող Ռուսաստանը: Ուրեմն Բյուզանդիայի ժառանգորթ Ռուսաստանը 4 միլիարդ դոլարի զենք է վաճառել օղուզ-թյուրէերի ժառանգորթ ազերիներին` իսկ հայ քաղաքական գործիչները "ըմբռնումով են" մոտենում դաշնակցի քաղաքական ու տնտեսական շահերին? Ու շարունակում են հանձնել նրան մեր անվտանգությունը? Իսկ միգուցե նրանք այդ դեպքում արդեն ոչ թե հայկական քաղաքական գործիչներ են, այլ, հավանաբար, հենց այն "դաշնակից" երկրի, որին հանձնել են մեր անվտանգությունը` պետության անկախության հիմնական երաշխիքը...
Դուք կվստահեք ձեր ունեցվածքը, ձեր երեխաներին, ձեր նախնիների գերեզմանները, ձեր տան բանալիները օտար պետության զինվորներին, ոստիկաններին, գաղտնի գործակալներին? Իսկ Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Գալուստ Սահակյանին, Սամվել Ալեքսանյանին? Արդյոք, դրանք էլ են հրետորական հարցեր? Ոչ, կարծում եմ, դրանք մեր ամենակենսական ու ամենաէական հարցերն են այսօր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/763419377024952?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել