Երբ մարդ մի բան շատ է սիրում,ունի բուռն ու անհագ ցանկություն էդ բանն անելու,եթե անգամ իր մոտ ընդհանրապես չի ստացվում,ապա սկսում է ինքն իրեն խաբել,համոզել,որ,այնուամենայնիվ,իր մոտ դա ստացվում է և ինքը պիտի անպայման զբաղվի նրանով,ինչն իրեն դուր է գալիս: Սա հենց այդ դեպքերից մեկն է: Երիտասարդն ուղղակի գնում է ինքնախաբեության,ինքնահամոզման,բայց ամեն գնով փորձում է իրականություն դարձնել իր ցանկությունն ու երազանքը.տվյալ դեպքում՝ երգել,հայտնի դառնալ և այլն: Այստեղ,հավատացեք,ոչ մի արտասովոր,վատ կամ զվարճալի բան չկա: Վատն այստեղ այն ոհմակ հիշեցնող ամբոխն է,որն իր զվարճանքի առարկան է դարձնում մարդու պարզությունը,միամտությունն ու անհաջողությունը,այն ժյուրիի անդամներ կոչեցյալներն են,որոնք մի անասնական ցինիզմով ծաղրում ու «ձեռք» են առնում այս տղային: Մի բան է ինձ ուղղակի ապշեցնում.ինչու՞ են շատերը կարծում,թե իրենք ընտրյալ են,որ իրենց կարելի է բացարձակապես ամեն ինչ՝ ընդհուպ մինչև մարդու վրայով անցնելն ու նրան հանրության առաջ ծաղրի առարկա դարձնելը: