Իրանի և Վեցնյակի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ կարծես դրական նախադրյալներ են ստեղծվում առաջընթաց գրանցելու համար: Հիշեցնենք, որ բանակցությունների նախորդ` 4-րդ փուլը մայիսի 16-ին էր՝ Վիեննայում, որի ժամանակ, մեծ հաշվով, այդպես էլ չհաջողվեց բեկում մտցնել խնդրի կարգավորման ուղղությամբ: Հիմնական խնդիրը եղել էր Իրանի հրթիռային ծրագրի շուրջ քննարկումների ժամանակ, երբ Արևմուտքը պնդել էր, որ Իրանը հրաժարվի բալիստիկ հրթիռներ ստեղծելու մտքից: Իրանի ներկայացուցիչն էլ դրան ի պատասխան ասել էր, որ այդ հարցը «կարմիր գիծ է» Իրանի համար: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ կողմերը, անկախ փակուղային իրավիճակից, պատրաստակամություն էին հայտնել շարունակել բանակցությունները և հաջորդ հանդիպումը կազմակերպել հունիսին: Այս համատեքստում այսօր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) տարածել է մի հաղորդագրություն, որը, անշուշտ, կարող է դրական անդրադարձ ունենալ գործընթացի վրա:
Ըստ ԱԷՄԳ-ի եռամսյակային զեկույցի՝ Իրանը կատարում է հարստացված ուրանից ազատվելու իր պարտավորությունը և արդեն ոչնչացրել է գրեթե ողջ պաշարները: Փաստաթղթում մասնավորապես նշվում է հետևյալը. «Համատեղ գործողությունների ծրագրի իրականացման սկզբից (2014-ի հունվարի 20) Իրանը ուրանի 5 տոկոսից ավելի հարստացմամբ չի զբաղվել, իսկ հարստացված ուրանից ազատվելու գործընթացի արդյունքում երկրի պաշարները 209-ից հասել են 39 կգ-ի»:
Այսպիսով ստացվում է այնպես, որ Իրանը գործնականում լուրջ քայլեր է ձեռնարկում այս հարցում լարվածության թուլացման ուղղությամբ: Ինչ խոսք, բալիստիկ հրթիռների մասին ոչ մի խոսք չկա, բայց ամեն դեպքում Իրանն իր վրա վերցված պարտականությունները, որոնք, ըստ էության, առանցք են կազմում կողմերի միջև բազմակողմ բանակցություններում, կարծես թե կատարում է: Կարծում եմ՝ այժմ գնդակն ինչ-որ տեղ Արևմուտքի դաշտում է: Չեմ ասում ընդհանուր առմամբ Վեցնյակի, քանի որ Չինաստանն ու Ռուսաստանը քիչ ավելի մեղմ դիրքորոշում ունեն Իրանի վերոնշյալ ծրագրի առումով: Ինչևէ, տեսնենք, թե առաջիկայում ինչ ազդակներ կլինեն հատկապես Արևմուտքի կողմից և թե դրանց արդյունքում ինչ հնարավոր կլինի ակնկալել կողմերի միջև հունիսին կայանալիք բանակցությունների ժամանակ: