Մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս ընտրությունները շատերի կարծիքով լավ միջոց են, որ այդ երկրի իշխանությունները, ըստ երևույթին, լեգիտիմացվեն: Բանն այն է, որ փետրվարին տեղի ունեցած հեղաշրջումից հետո, ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը հարցականի տակ է դրված մի շարք երկրների և ամենակարևորը Ռուսաստանի կողմից որպես անմիջական շահագրգիռ կողմ ընթացող հակամարտության շրջանակներում: Արևմուտքը, ինչպես նաև Արևմուտքի ազդեցության տակ գտնվող մի շարք երկրներ էլ, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, ճանաչում են Ուկրաինայի ղեկավարության լեգիտիմությունը, սակայն անկախ ամեն ինչից, երբեմն դժվարանում են արդարացնել այն ճանապարհը, որի միջոցով այդ մարդիկ հասել են իշխանության:

Ինչևէ, այժմ հասկանալի է, սակայն, որ ընտրությունների ճանաչումն ինքնին ոչ թե իրավական կատեգորիա է այլ` քաղաքական: Այնպես որ, անկախ նրանից, թե դրանք ինչպես կանցկացվեն, դժվար է ասել, որ Ռուսաստանը միանշանակ վերաբերմունք կունենա այդ ամենի հանդեպ: Այժմ շատերը շահարկում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարությունը, թե իբր իրենք կհամագործակցեն ընտրություններից հետո հաղթած թեկնածուի հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանը պատրաստ է ճանաչել Ուկրաինայում վաղն անցկացվող ընտրությունների լեգիտիմությունը, թե` ոչ: Եկեք մի քանի փաստ համադրենք և ի վերջո փորձենք հասկանալ՝ ինչ կլինի մայիսի 25-ից հետո:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը հետևեցին մի շարք երկրների և հատկապես Ուկրաինայի ԱԳՆ-ի արձագանքը: Ուկրաինայի իշխանությունները ողջունեցին ՌԴ նախագահի նման հայտարարությունն ու պատրաստակամությունը` ընկալելով դա որպես դրական նշան և հույս հայտնեցին, որ այդ երկիրն իր հետագա քայլերով կապացուցիր իր կողմից արտահայտված պատրաստակամության անկեղծությունը: Ամերիկացիք ևս ողջունեցին այդ հայտարարությունը և ընդունեցին դա որպես կառուցողական քայլ Մոսկվայի կողմից: Բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ի վերջո կոնկրետ ինչ է Պուտինն ասել, այնուհետև գնահատել այս մարդու ասածն իր ամբողջության մեջ:

Տեսեք, երբ ՌԴ նախագահին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հարցրեցին, թե արդյո՞ք ինքը (Ռուսաստանը) պատրաստ է ճանաչել Ուկրաինայում անցկացվելիք ընտրությունների լեգիտիմությունը, վերջինս փորձեց խուսափել ուղիղ պատասխանից և հարցին պատասխանեց հումորով` ասելով, թե առաջին հերթին թող ուկրաինացիք իրենց պարտքերը վերադարձնեն, այնուհետև Ռուսաստանը կմտածի իրենց հետ համագործակցության մասին: Այնուհետև, երբ նույն լրագրողը կրկնեց իր հարցը, թերևս փորձելով ավելի հստակ պատասխան կորզել Պուտինից, վերջինս պատասխանեց հետևյալ կերպ. «Մենք ներկայիս իշխանությունների հետ էլ ենք աշխատում և պատրաստ ենք նաև աշխատել մյուսների հետ և հուսով ենք, որ ընտրություններից հետո նոր իշխանությունները կգնան երկրի հարավ-արևելքին ընդառաջ` միևնույն ժամանակ դադարեցնելով ռազմական գործողությունները»:

Փաստորեն, ստացվում է այնպես, որ բոլորը ոգևորվել են Պուտինի հայտարարությունից, մինչդեռ ՌԴ նախագահը որպես այդպիսին ոչ մի ոգևորիչ բան չի ասել: Ասելով այն, որ իրենք համագործակցում են կամ էլ աշխատում են նաև ներկայիս իշխանությունների հետ, Պուտինը նկատի է ունեցել, որ պարտադիր չէ ճանաչել իշխանությունների լեգիտիմությունը զուտ կապ պաշտպանելու համար: Այնուհետև այդ մարդը կրկնել է այն, ինչ վերջին շրջանում լսում ենք ռուսական կողմից` պետք է դադարեցնել ռազմական գործողությունները և գնալ ընդառաջ երկրի հարավ-արևելքին:

Մի խոսքով, չտալով միանշանակ պատասխան, և ես կասեի շահարկման ենթակա պատասխան` Պուտինը Ռուսաստանին մանևրելու տեղ է թողել: Այլ կերպ ասած, եթե Ուկրաինայի նոր իշխանությունները ռուսների պատկերացրածին համաձայն կատարեն կառուցողական քայլեր, ապա Ռուսաստանը կճանաչի իրենց լեգիտիմությունը, եթե ոչ` ուրեմն՝ ոչ: Ամեն ինչ շատ պարզ է: Բանն այն է, որ այսօրվա դրությամբ նախագահի ամենահավանական հաղթող թեկնածուն Պյոտր Պորոշենկոն է, իսկ վերջինս հայտարարել է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց և հանրաքվե անցկացնի ԵՄ-ի հետ ասոցացվելու համար: Հիմա եթե այս մարդը հաղթի, և Ռուսաստանը գործնականում ականատեսը լինի վերջինիս կողմից «կառուցողական» քայլերի, ապա ոչինչ չի խանգարի Ռուսաստանին ճանաչել ընտրությունների լեգիտիմությունը:

Կարճ ասած՝ կապրենք-կտեսնենք: Ընտրություններին մնացել է ընդամենը մեկ օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել