Լավը չես, խեղճ ես, լավը չես, զավակս,որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լավը չես, մեջդ վրեժ չկա:Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր,որ բանակ չէին տարել-ասում է չարությունից պայթում էր`որ մի ձի իրենից առաջ էր ընկնում:Հեւում էր, թոքերը չխչխկացնում էին, քթերից կրակ էր թռչում-իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից:Քո պապի պահած շունն էլ պիտի էդպիսին լիներ, նրա զավակն էլ, չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպիսին լիներ:Դու լավը չես: Ինչ իմանացողի հարցնում եմ` գովում ու ծիծաղում է-իբր թե լավն ես, խղճով ես, եւ էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտքերի տակ վառվում էր… բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի` որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի`որ թքեն: Քեզ կուլ են տվել, ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս:Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ -երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է:Ամբողջ Վանքերը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր, գիտե?ս ինչի համար-բոլորին կարող էր վնաս տալ:Կարող էր:Նրա վտանգը ծովիանի, ծովիանի նման խաղում էր ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա եւ ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուծազդ խեղճուկրակի գլխին:Բոլորի համար նրա լավությունն էն էր` որ չէր տրաքում, թե չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չէր արել:
…..Դուք ձեր սերը թաշկինակ եք անում կապում աչքերիդ, որովհետեւ վախենում եք բաց աչքերով նայել ու ատել-հանկարծ կտեսնեն, որ ատում եք ու կտան կսպանեն:Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ` չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի-տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու պես մի անգամ կանգնեք` թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք` ձեզ թող զոռով կոտրեն-մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն: Պեծն աչքը կոխեիր, իմ հերը աչքը չէր ճպի:Իմ հերը կնայեր:Իմ հերը կնայեր, կտեսներ ու կպահեր աչքերի ետեւում: Իմ հերը չէր մոռանում, մեծ պաշարի տեր էր:Ոսկու պես, ոսկու պես, իր պահած ոսկու պես մեկ աչքառ էր ելնում իմ հոր հիշողությունը, մեկ թաքնվում, բայց երբեք չէր կորչում, երբեք, մի բուռ մարմնի մի ծալքում պահված էր,տեղն եկավ` սրբած թրի նման դուրս էր քաշում իմ հերը հին հաշիվները:Ահա իմ հերը, էն` քոնոնք, ահա իմ հերը,-ո՞րն ես:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/margarit.yesayan/posts/399546340107635
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել