1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է Trend-ը։
«Ամերիկյան ժողովրդի և անձամբ իմ անունից իմ ամենաբարի ցանկություններն եմ հղում Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։ Մենք միանում ենք ամբողջ ադրբեջանցի ժողովրդին, որը նշում է 1918 թվականի մայիսի 28-ին մահմեդական աշխարհում առաջին աշխարհիկ և ժողովրդավարական պետության՝ Ադրբեջանական Հանրապետության հռչակման նշանավոր տոնը»,- ասվում է շնորհավորագրում։
Օբաման նշել է, որ երկու երկրների միջև գոյություն ունի ուժեղ համագործակցություն անվտանգության հարցերում։
«Եվ մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը։ Անցած տարիների ընթացքում մեր երկրների միջև ստեղծվել է սերտ գործընկերություն նաև էներգետիկ ոլորտում, և մենք բարձր ենք գնահատում անցած տարվա դեկտեմբերին ամփոփիչ ներդրումային որոշման ստորագրումը Հարավային գազային միջանցքի նախագծի շրջանակներում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին առաջատարի դեր ստանձնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում։ Մենք նաև պատրաստ ենք աջակցել Ադրբեջանին հասնել առաջընթացի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ։ Դա զգալի ավանդ կներդնի ավելի ուժեղ, կայուն ու անկախ Ադրբեջանում, ինչպիսին մենք ուզում ենք նրան տեսնել։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հարուստ մշակույթ և պատմություն ունեցող Ադրբեջանի ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ»,- ասվում է շնորհավորագրում։



