1in.am-ը գրում է.
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մասնակցել է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի Newsnight ծրագրին, որի հաղորդավարն է Ջերեմի Փաքսմանը: Հաղորդման ընթացքում 77-ամյա նախկին վարչապետը հայտնել է եվրոգոտու տնտեսությանը սպառնացող խնդիրների վերաբերյալ իր կարծիքը, երբ անսպասելիորեն հարց է հնչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կապված վաղեմի դեպքի մասին:
Մասնավորապես, Փաքսմանը Բեռլուսկոնիին հարցրել է, թե արդյոք որևէ խնդիր ունեցե՞լ է Մերկելի հետ: Միևնույն ժամանակ, հաղորդավարը հիշեցրել է 2011-ին շրջանառվող շշուկների մասին, երբ հաղորդվում էր, որ իտալական պարբերականներից մեկի խմբագրի հետ մասնավոր հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Բեռլուսկոնին Մերկելի հասցեին օգտագործել է unf****ble lard-arse վիրավորական արտահայտությունը, որի առավել ցենզուրային թարգմանությունը նշանակում է՝ անհավանական մեծ հետույքով կին, որը սեքսուալ ցանկություն չի առաջացնում:
Հարցազրույցի տեսագրության մեջ երևում է, որ հարցից որոշ ժամանակ հետո Բեռլուսկոնին լռում է՝ հնարավոր է լսում է թարգմանությունը, հետո սկսում է ակտիվ ժեստեր անել: «Ես երբեք ոչ մի խնդիր չեմ ունեցել Մերկելի հետ: Քաղաքականության մեջ 20 տարվա ընթացքում ես երբեք ոչ ոքի չեմ վիրավորել: Այդ մեղադրանքը հեղինակել էր ինչ-որ մեկը, մեկը, ով ուզում էր Անգելային իմ դեմ տրամադրել»,- ասել է Բեռլուսկոնին:
Բեռլուսկոնին նաև խոստովանել է, որ հնարավոր է ինքն ամենահարմար գործընկերը չի եղել, իսկ երբեմն՝ նաև բավական խիստ: «Ես համարձակություն եմ ունեցել հանդես գալու Մերկելի և Սարկոզիի (Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզի.- 1in.am) արած որոշ առաջարկների դեմ»,- նրա խոսքերն է մեջբերել The Daily Mail-ը:
Նա նաև արդարացել է մեկ այլ սկանդալային դեպքի համար, որը տեղի էր ունեցել 2008 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամը քննարկելու նպատակով Իտալիա Մերկելի պաշտոնական այցի ժամանակ: Այն ժամանակ Բեռլուսկոնին, Իտալիայի միասնության հրապարակում սպասելով Մերկելին, թաքնվել է դրոշակակրի հետևում, իսկ երբ կանցլերը ժամանել է, դուրս է ցատկել թաքստոցից ու բացականչել. «Կու-կու, ահա և ես»: Հյուրը զարմացած միայն կարողացել է արտաբերել՝ «Օ, Սիլվիո»: Տեսարանը տեղի է ունեցել տասնյակ լրագրողների աչքի առաջ ու տեսագրվել է:
Իր արածը բացատրելով BBC-ի ծրագրում՝ Բեռլուսկոնին ասել է, որ իր վարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինքն ու կանցլերը լավ հարաբերություններ են ունեցել: Մերկելի այցից առաջ Բեռլուսկոնին այցելել էր Ռուսաստան՝ իր վաղեմի ընկեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու: Բեռլուսկոնիի խոսքով՝ հենց Պուտինն է իրեն հուշել վախեցնել Մերկելին: «Նա թաքնվել էր իմ թիկունքում գտնվող սյուների հետևում և ինձ ասաց՝ «կու-կու»»,- պատմել է Բեռլուսկոնին՝ հավելելով, որ Մերկելի հետ հանդիպման ժամանակ ինքը պարզապես որոշել է կրկնել այն, ինչ արել է Պուտինը: «Դա զվարճալի էր»,- ասել է Բեռլուսկոնին:
Նշենք, որ ավելի վաղ Մերկելը, լրագրողի հարցին ի պատասխան՝ մեկնաբանելով Բեռլուսկոնիի խոսքերը, ասել էր, որ իր պաշտոնը ենթադրում է չպատասխանել նման բաների: «Սակայն քանի որ ինձ հարցրիք… Էէէ… Մենք խոսում ենք գաճաճ իմպոտենտի մասի՞ն»,- հարցրել է Մերկելը: Հետո նա մի քանի խայթող կատակ է արել Բեռլուսկոնիի կարճ հասակի վերաբերյալ, այնուհետ անցել է նրա արտաքին տեսքին. «Նա բարձրակրունկ կոշիկներ է հագնում, բայց նախկինի պես սեքսուալ է, ինչպես հեռադիտակ»: Իսկ իր հասցեին Բեռլուսկոնիի վիրավորանքը Մերկելը համարել է «մանկական»՝ նկատելով, որ Բեռլուսկոնին միշտ է անում այդպիսի «անտանելի» բաներ:
Բեռլուսկոնին քաջ հայտնի է իր էքսցենտրիկ արարքներով: 2003 թվականին նա Գերմանիայի կողմից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Շուլցին համեմատել է «համակենտրոնացման ճամբարի վերահսկիչի» հետ:
2009 թվականին նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անվանել է «լավ արևայրուք ունեցող»:
2010 թվականի մարտին ԱՊԼ գագաթնաժողովի ժամանակ Բեռլուսկոնին համբուրել է Լիբիայի հանգուցյալ ղեկավար Մուամար Քադաֆիի ձեռքը:
Երկու ամիս հետո Տնտեսական համագործակցության և զարգացման գագաթնաժողովի ժամանակ Բեռլուսկոնին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ներկայությամբ հայտարարել է Իտալիայի ֆաշիստ առաջնորդ Մոսոլինիի հանդեպ իր համակրանքի մասին:
2010 թվականի մարտին Բեռլուսկոնին ձախ դեմոկրատների կուսակցությունից թեկնածու Մերսեդես Բրեսսոյի մասին ասել է. «Գիտեք, թե Մերսեդես Բրեսսոն ինչու միշտ վատ տրամադրություն ունի: Ամեն անգամ, երբ նա նայում է հայելուն, նրա օրն արդեն փչացած է»:
Բացի դրանից՝ 2010 թվականին Իտալիայի նախկին վարչապետը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ստիպել է սպասել, որպեսզի նրան բարևի համաժողովի ժամանակ, քանի որ զանգում էր բջջային հեռախոսով:



