Երեկ ամբողջ աշխարհը խոսեց այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Չինաստան կատարած այցի ընթացքում ռուսական գազի մատակարարման մասին բազմամիլիարդանոց ($400մլդ) պայմանագիրը, որի շուրջ կողմերը բանակցում են ավելի քան 10-ը տարի, չի ստորագրվել: Սա, խոսքը պայմանագրի մասին է, չափազանց կարևոր իրադարձություն է թե´ Ռուսաստանի, թե´ Չինաստանի համար, պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով: Առաջինը կարիք ունի դիվերսիֆիակցնել իր մատակարարման շուկաները Արևմուտքի սպառնալիքների ֆոնին, իսկ վերջինս էլ կարիք ունի դիֆերսիկիֆացնելու ներկրման աղբյուրներն իր բավական արագ տեմպերով զարգացող տնտեսությունն ապահովագրելու համար: Այսօր, սակայն, «Գազպրոմ»-ի տնօրենը արել է նախորդ հայտարարությունից շեշտակիորեն տարբերվող մեկ այլ հայտարարություն, ըստ որի՝ պայմանագիրն ի վերջո հնարավոր է եղել ստորագրել:
Ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Չինաստանի Նավթի-գազի ազգային կորպորացիայի (CNPC) հետ այդ հարցի շուրջ կնքվել էր հուշագիր դեռ ընթացիկ տարվա մարտին, սակայն վերջնական համաձայնության գալու համար առկա էին որոշակի տարաձայնություններ գազի գնի վերաբերյալ: Լրագրողների այն հարցին, թե ի վերջո ինչ գնով է Ռուսաստանն իր գազը վաճառելու Չինաստանին այլևս կնքված պայմանագրի համաձայն, Միլերն ասել է, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Այս կոնտեքստում ի դեպ հարկ է նշել, որ «Գազպրոմի» տնօրենը հավելել է նաև, որ ընկերությունը կարող է Չինաստանից ավանս ստանալ մինչև գազի մատակարարումը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի 2018թ-ից սկսած:
Հիշեցնեմ, որ այդ պայմանագրի համաձայն կառուցվելու է նոր գազամուղ, որը, տարեկան պետք է ապահովի ավելի քան 38 միլիարդ խորանարդ մետր գազի արտահանում դեպի Չինաստան: Գազի մատակարարումն ապագայում կարող է գերազանցել մինչ տարեկան 61 միլիարդ խորանարդ մետրը: Պայմանագրի տևողությունը 30 տարի է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը տնտեսականից բացի, նաև քաղաքական նշանակություն ունի, հասկանալի է, թե անկախ որոշակի տարաձայնություններից, ինչու են կողմերն ամեն դեպքում գնացել փոխզիջման և ի վերջո եկել համաձայնության: Տեսեք այն, որ Ռուսաստանը նախատեսվածից ավելի ցածր գնով է իր գազը վաճառելու Չինաստանին արդեն պարզից էլ պարզ է, սակայն հարցի «խորհրդավորությունը» պահպանելու համար կողմերը համաձայնության են եկել չհրապարակել գազի արժեքը: Մյուս կողմից Չինաստանի զիջումն էլ եղել է այն, որ Ռուսաստանին խոստացել է «ավանս վճարել»: Թե ինչ ավանսի մասին է խոսքը, ևս չի հրապարակվում թերևս կրկին վերը նշված պատճառով:
Ինչևէ, պայմանագիրն այլևս կնքված է, և Արևմուտքի հանդեպ Պեկինի և Մոսկվայի կողմից տարած քաղաքական հաղթանակը` ակնհայտ: Ինչ վերաբերում է «տնտեսական հաղթանակին», նկատի ունեմ պայմանագրից ստացվող տնտեսական օգուտները կողմերի համար, ապա դժվար թե այդ հաղթանակը պակաս նշանակալի լինի: Մի խոսքով, սա ապտակ էր, այն էլ շատ ցավոտ ապտակ Արևմուտքին և ներկայիս աշխարհակարգին: