Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մայիսի 12-ին արձակել է իր ամենամեծ դատավճիռը, որ երբևէ կայացրել է որևէ երկրի դեմ` պարտավորեցնելով Թուրքիային՝ վճարել 123 միլիոն դոլար վնասի փոխհատուցում անհետ կորած կիպրացի հույների հարազատներին և Հյուսիսային Կիպրոսի հունական անկլավի բնակիչներին:

«Կիպրոսն՝ ընդդեմ Թուրքիայի» գործով դատարան էին դիմել 1999 թվականին` Հյուսիսիային Կիպրոսի գրավումից 25 տարի անց: Դեռևս 2001 թվականին, այն բանից հետո, երբ դատարանը վճռել էր, որ Թուրքիայի կառավարությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների բազմաթիվ հոդվածներ, ՄԻԵԴ-ը հետաձգել էր Թուրքիայի կողմից վճարվելիք տուգանքի չափի սահմանումը:

Այդ որոշումը կայացվեց այս ամսվա սկզբին, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորները հրապարակեցին իրենց վերջնական դատավճիռը: 16 կողմ և 1 դեմ քվեարկությամբ (հայ և կիպրացի դատավորները քվեարկել էին մեծամասնության հետ, իսկ թուրք դատավորը միակ ընդդիմադիրն էր) Եվրադատարանը վճռեց, որ դատարանի 2001 թվականի որոշումն անվավեր չի կարող ճանաչվել այն պատճառով, որ անցել է 13 տարի, ինչպես պնդում էր Թուրքիան: 15 կողմ և 2 դեմ քվեարկությամբ ՄԻԵԴ-ն ընդունեց, որ Թուրքիայի կառավարությունը պարտավոր է վճարել 41 միլիոն դոլար, ավելացրած ցանկացած հարկեր և տոկոսներ (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) 1456 կիպրացի հույների համար, որոնք անհետ կորել են 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժման պատճառով: Մեկ այլ՝ 15 կողմ և 2 դեմ ձայներով ՄԻԵԴ-ը վճռեց, որ Թուրքիան պետք է վճարի լրացուցիչ 82 միլիոն դոլար, ավելացրած ցանկացած հարկեր և տոկոսներ (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) այն վնասների համար, որ կրել են Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի Կարպաս անկլավային թերակղզում բնակվող կիպրացի հույները:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դատարանի վճռից անմիջապես առաջ զուր ջանքեր գործադրեց՝ կանխելու ՄԻԵԴ-ի ակնկալվող բացասական որոշումը, նախազգուշացնելով, որ Թուրքիայի դեմ կայացվող վճիռը կխոչընդոտի Կիպրոսի հակամարտության կարգավորմանը ուղղված ընթացիկ բանակցություններին: Դատարանն արդարացիորեն անտեսեց Դավութօղլուի սպառնալիքը և արձակեց իր որդեգրած սկզբունքային վճիռը հօգուտ Կիպրոսի:

Անկարող լինելով վախեցնել դատավորներին՝ Դավութօղլուն արհամարհանքով հայտարարեց, որ Թուրքիան մերժում է մարդու իրավունքների Եվրոպայի բարձրագույն դատարանի դատավճիռը և իր երկիրը հրաժարվելու է վճարել 123 միլիոն դոլար գումարը՝ որպես վնասի փոխհատուցում:

Հարկ է հիշեցնել Դավութօղլուին, որ ՄԻԵԴ-ի «Մեծ պալատի դատավճիռները վերջնական են». դրանք վերանայման ենթակա չեն, և ըստ դատական գործերի նյութերի՝ «բոլոր վերջնական դատավճիռները փոխանցվում են Եվրոպայի խորհրդի Նախարարաների կոմիտեին դրանց գործադրման վերահսկողության համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել