ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հայտարարությունը
20.05.2014
Ես ոչ մեկի մասին վատ չեմ խոսի, բայց կպատմեմ այն լավի մասին, որ գիտեմ յուրաքանչյուրի վերաբերյալ, ասել է Բենջամին Ֆրանկլին:
Ես եւս ոչ մեկի մասին վատ չեմ խոսի, այլ կփորձեմ պատմել այն լավի մասին, որը կա յուրաքանչյուրի մեջ: Իհարկե, կարելի է այս համատեքստում խոսել շատերի եւ շատ երեւույթների մասին, բայց իմ խորին համոզմունքն է, որ անգամ եթե ոմանց թվում է մենք խնդիրներ ունենք, ներքին եւ հոգեբանական, ապա, ճիշտ չեն, ինքս համոզված եմ, ցանկացած խնդիր ոչինչ է թիվ մեկ կարեւոր եւ անհերքելի հարցի առաջ, եւ այդ հարցը անկախ Արցախի անվտանգության եւ միջազգայնորեն ճանաչելի դառնալու հարցն է: 
Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները Հայաստանի կողմից այցելեցին պատմական հայկական տարածքներ, որոնք մեզ պարտադրված պատերազմի արդյունքում են ազատագրվել: Բերձորում համանախագահողներին ջերմ ընդունելություն էր սպասում, իսկ այսպիսի ջերմությամբ հրադադարի ստորագրումից ի վեր առաջին անգամ էին համանախագահողները ընդունվում: 
Կարծիքս է, որ վաղուց հաջողած կլինեինք, եթե ամեն անգամ համանախագահողներին այսպես ջերմորեն ընդունեինք եւ լսելի դարձնեինք արցախցու ձայնը, ազատագրված տարածքներում ապրողների ձայնը: 
ԱՄՆ համանախագահողի հայտնի հայտարարություններից հետո արագ արձագանքեց Արցախի Հանրապետությունը, մեջբերեմ ԼՂՀ նախագահի խոսնակի հարցազրույցից. «Իսկ վերադարձ դեպի 1988 թվականը մեզ համար ոչ թե փոխզիջում է, այլ կապիտուլյացիա: Եթե 1993, 94, 95 թթ. մարդիկ մտածում էին, որ հնարավոր է այդ սցենարով գնալ, հիմա ակնհայտ է, որ անհնար է: Օրինակ՝ մենք ասում ենք` եկեք խոսենք որոշ տարածքների կարևորության մասին: Շահումյանի կամ Քարվաճառի` նախկին Քելբաջարի շրջանում սկիզբ են առնում մեր ջրային պաշարների 80 տոկոսը` Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը: Այս տարածքը մեզ համար կենսական նշանակություն ունի, և որևէ մեկը չի կարող մեզ վստահեցնել, թե գիտեք, հարևան ֆաշիստական պետությունը, որն ասում է, որ պիտի բնաջնջի հայերին, հայերը եկվորներ են և այլն, և այլն, չի թունավորի այդ գետերը»:
Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ Արցախի խնդրի կարգավորումները ընթանան արցախցու անմիջական մասնակցությամբ: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը այս մասին եւս խոսեց. «Մեր ճակատագիրն է որոշվում, ինչպե՞ս կարելի է առանց մեզ հասնել ինչ-որ լուծման: Բայց այդ մասնակցությունը պիտի լինի բոլոր փուլերում` սկսած սկզբնական փուլից: Մենք չենք կարող միանալ` պատրաստի ինչ-որ փաստաթուղթ ընդունելու կամ չընդունելու: Սա մի քիչ ճիշտ չէ, և Հայաստանն է ասում, որ ԼՂ-ն պիտի մասնակցի, համանախագահները, նույն Ուորլիքն է ժամանակին ասել, որ այդպես է տեսնում խնդրի լուծումը, դրա համար էլ հակամարտությունն անվանել է Ադրբեջանի և Ղարաբաղի միջև: Ինչո՞ւ Ադրբեջանը չի ուզում վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը: Սա արդեն իսկ նշանակում է, որ այդ պետությունը հուսալի գործընկեր չէ, նա ինչ-որ հետին մտքեր ունի: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Իմ որպես ԱԺ պատգամավորի կոչն ուղղված է համանախագահներին՝ նայեք պատմական ճշմարտության երեսին, մի մոռացեք խայտառակ սաֆարովյան գործելաոճը եւ միշտ հիշեք, որ եթե խոսում եք գրավյալ տարածքների մասին, այո, խոսեք Շահումյանի եւ Գետաշենի եւ այս ու այլ վայրերից տեղահանված հայերի մասին ..եւ այդպես արդար կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել