3955_b1in.am-ը գրում է.

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությանը՝ ՌԴ դաշնային արխիվային գործակալության ղեկավար Ա.Արտիզովի գլխավորությամբ: Պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ «Արխիվային գործը Ռուսաստանում և Հայաստանում արդի փուլում» խորագրով ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե անդրադարձ է եղել Հայաստանի և ՌԴ դաշնային արխիվների համագործակցության խորացման հարցերին: Երկուստեք դրական գնահատվեց երկու երկրների արիվային ծառայությունների միջև գործընկերային կապերի հաստատման գործընթացը և այն ընդլայնելու պատրաստակամությունը:

Փոխվարչապետը գոհունակությամբ է նշել, որ համագործակցությունը վերջին տարիներին ավելի ինտենսիվ բնույթ է ստացել` ինչպես ակտիվ շփումների, համատեղ ցուցահանդեսների, այնպես էլ գործակցության նոր նախաձեռնությունների միջոցով:

Կարևորվել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը` հանրային հետաքրքրություն ներկայացնող արխիվային փաստաթղթերի թեմատիկ համատեղ ցուցահանդեսների անցկացման տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկել են արխիվային գործի ոլորտում ժամանակակից նոր տեխնոլոգիաների և մոտեցումների կիրառման անհրաժեշտությանը, էլեկտրոնային շտեմարանների ստեղծմանը, արխիվային փաստաթղթերի թվայնացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել «ՀՀ-ում արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգ»-ով Հայաստանի ազգային արխիվում նախատեսվող բարեփոխումներին:

Կողմերը կարևորել են այս աշխատանքների ընթացքում փորձի փոխանակման անհրաժեշտությունը և պատրաստակամություն են հայտնել ամրապնդել փոխգործակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել