Այս թեթև, համեղ ու օգտակար ուտեստը կարող եք պատրաստել որպես նախաճաշ կամ ուտել լանչին: Համոզված եմ, որ ձեզանից շատերը հազվադեպ են օգտագործում այս համեղ բանջարեղենը` ծնեբեկը: Բայց եկեք չարհամարհենք այս սեզոնի ամենահամեղ ու օգտակար բանջարեղեններից մեկն ու ներգրավենք այն մեր ճաշացանկում:
Ինչների՞ս է պետք ծնեբեկը (asparagus)
Մինչ բուն բաղադրատոմսին անցնելն ասեմ, որ ծնեբեկը լի է մեզ հարկավոր նյութերով` կալցիում, ցինկ, վիտամին C, E, K, B6, մագնեզիում, ֆոսֆոր: Միգուցե այս անունները ոչինչ չեն ասում ձեզ, բայց համոզված եմ` ձեր օրգանիզմը ոչ միայն լավ ճանաչում է, այլ նաև շատ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում դրանց հետ:
Նշված նյութերն օգտակար են դիաբետիկների, աղիների քարով տառապողների համար: Դրանք նաև լավ են սրտի համար և կարող են ձեզ ապահովագրել նաև սրտի հետ կապված խնդիրներից: Ուշադրություն սրտի խնդիրներից, ոչ թե սրտային: Ցավոք, անպատասխան սիրո դեմ ծնեբեկը դժվար կարողանա պայքարել, բայց փոխարենը դրանում առկա մեծ քանակությամբ վիտամին C-ն ու B6-ը կբարձրացնեն ձեր տրամադրությունը. չէ որ դրանք բնական ամենաուժեղ հակադեպրեսանտներիցն են:)
Մոռացա նշել, որ այսքան օգտակար լինելու հետ մեկտեղ ծնեբեկը աչքի է ընկնում նաև շատ ցածր կալորիականությամբ, այնպես որ, դիետիկ սննդի սիրահարները կարող են այն ներառել իրենց կերակրացանկում: (180 գր-ում ընդամենը 40 կալորիա. օլե!!)
Ասպարագի ալլա Բիսմարկ կամ ալլա Միլանեզե
1 կապոց ծնեբեկ
4 թարմ ձու
Աղ, բիբար
1 թգ կարագ կամ զեյթունի ձեթ
Լվացեք ծնեբեկն ու եռացրեք ջրով լի կաթսայում 8-10 րոպե՝ մինչև այն մի փոքր փափկի: 10 րոպե անց հանեք այն, բաժանեք հավասար մասերի ու դրեք տարբեր ամանների մեջ: Վրան դրեք կարագի մեջ պատրաստած ձվի աչքն ու աղ, բիբար ավելացրեք: Կստացվի այսպիսի համեղ ուտեստ`
Կարող եք նաև ընտրել այլ տարբերակ ու սովորական «աչքի» փոխարեն պատրաստել եռացրած ձու կամ, ինչպես ասում են պաշոտ (իմ ամենասիրելի տարբերակն է): Եռացրեք մեծ կաթսայի մեջ ջուր (գրեթե ամբողջ կաթսան ծածկող): Լցրեք ջրի մեջ մի փոքր աղ, քացախ: Մինչ ջրի եռալը զգուշորեն, առանց դեղնուցը վնասելու ջարդեք ձուն մի փոքրիկ ամանի մեջ: Հենց տեսնեք փոքրիկ պղպջակներ ջրում, ապա իմացեք` ժամանակն է ձուն նույնքան զգուշորեն տեղափոխելու կաթսայի մեջ:
Անջատեք ճաշ խառնելու ռելֆեքսն ու թողեք ձուն մի փոքր եփի` առանց կպնելու դրան: Մի երկու-երեք րոպեից դեղնուցը կսկսի պատվել սպիտակ փառով: Կարող եք արդեն գդալով այն հանել կաթսայից ու միանգամից տեղափոխել ծնեբեկի վրա (կամ էլ սառցե ջրի մեջ` եթե դեռ ծնեբեկը պատրաստ չէ): Ի դեպ, պաշոտ ձվերն ունիվերսալ են ու սազում են գրեթե ամեն ինչի հետ` զարդարեք դրանով ձեր առավոտյան սենդվիչը, թե ավելացնեք տապակած կանաչու վրա:
Մի փոքր աղ, բիբար ու վերջ` համեղագույն, թեթև ու հեշտ լանչը պատրաստ է: Վայելեք գարնանային լավագույն ուտեստներից մեկը:
Սիրով`
Նյամիկ Էլլա Կանեգարիան