Ավելի քան մեկ տարի շարունակ ,,Արմենիա,, հեռուստատեսությամբ ընթացող ,,Հարազատ թշնամի,,սերիալը դարձել է հայ հեռուստադիտողի ամենաիսկական հարազատ թշնամին:Ֆիլմը ծամոնի նման հա ձգում ու ձգում են ՝կրկնվող տեսարանների միջոցով, հերոսների հիշողությունների բազմակի վերարտադրությամբ, հերոսներին մի քանի անգամ հիվանդանոց գցելով ու սրա-նրա սիրտը պատվաստելով...Արդեն սկսում ես կասկածել ՝ չլինի՞ քաղաքական պատվեր է ՝ հանրությանը զոմբիացնելու, ֆիլմային կախվածություն առաջացնելու ու կառավարելի դարձնելու , սոցիալական ու ներքաղաքական կարեւոր խնդիրներից շեղելու նպատակով: Բայց հենց ֆիլմն էլ նպաստում է, որ հեռուստադիտողն ակամա ներգրավվի քաղաքականության մեջ, ու սկսի մտածել, օրինակ, թե ինչո՞ւ ֆիլմում պատեհ-անպատեհ առիթով տուրք է տրվում օտարամոլությանը, որի մի դրսեւորում նախ եւ առաջ հերոսների անունների օտարահունչ լինելն է կամ հայկական անունների օտարահունչ աղավաղումները. Մաքս, Ժեննի, Լիլի, Լյուսի, Ռենա, Սիմա, Իռեն, Էմմի, Ժակլին, Վիտյոկ /ռուսական Վիկտորի աղավաղված ձեւն էլ ֆիլմում հաճախ դառնում է Վիտուս /, Բաբի, Տանո / այս վերջին 2 անուններն էլ իբր երեխաներին մանկատանը կնքած կեղծանուններ են, ու այդպես էլ հեռուստադիտողի համար անհայտ է մնում երեխաների իսկական անունները /: Նախորդ սերիալներից էլ որոշեցին ,,Հենրի,, անունը ներմուծել : Հիշեցնենք, որ ,,Արմենիայի,, նախորդ սերիալներում էլ հայերի շրջանում ոչ այնքան տարածված արտասահմանյան անուններ էին ՝Դանա, Յանա, Գաբի: Օտարամոլությունը ֆիլմում հասել է այն աստիճանի, որ ռուսախոս թիֆլիսեցու կերպար են ներմուծել, ու նրա եւ զրուցակիցների ռուսերեն զրույցներն անգամ հայերեն չեն թարգմանվում, ինչը բացահայտ ու անիմաստ տուրք է ռուսամոլությանը, արհամարհանք ՝ սեփական լեզվի ու լեզվի տեսչության նկատմամբ ու շեղում ՝ ազգային արմատներից:Ֆիլմը աբսուրդի պակաս չունի. ահավասիկ. սովորաբար նորածին երեխան մի քանի ամիս բարուրի մեջ պինդ-պինդ փաթաթված է լինում, որ ոտքերն ուղիղ լինեն, մինչդեռ այդտեղ մի քանի շաբաթականի թե օրականի կարգավիճակով երեխան արդեն ,,շալվարիկ,, էր հագնում: Ծննդաբերության օրերը մոտեցող հղին էլ հղիի նման չէր, եւ միայն այն բանից հետո, երբ համացանցում այդ առթիվ դիտողություն եղավ, մի քանի սերիա հղիին հղիի տեսքի բերին, մի քանի օր էլ ,,ստիպեցին,, որ ,,փորիկը,, գաղտնի պահի մասսայական տեսարաններից ու ավելի հաճախ էկրանին հայտնվի մեջքով ՝աստիճաններով բարձրանալիս, ու ,,ափալ-թափալ,, ,,քշեցին,, ծննդատուն:Մոտ երկու տարի ֆիլմի միջոցով բացասական արժեքներ են ներմուծվում հասարակությանը, ներկայացնելով / միգուցե ՝ ,,ուսուցանելով ,,/, որ հայ երիտասարդ, կրթված, բարոյական բարձր չափանիշներով կինը կարող է դառնալ իր ավարա ու շփացած, բռնակալական հակումներով ամուսնու գերին, նվաստացումներ կրի ու անընդհատ հանդուրժի նրա կոպիտ վերաբերմունքը, ու անգամ իր հոր նկատմամբ 2 անգամ մահափորձ անելուց հետո շարունակի նրան ,,գլխին դրած,, պահել:Այդ նույն կերպ էլ նրա մայրն է առաջնորդվել ՝ հանցագործ ամուսնու կողմից ողջ կյանքում նվաստացումներ կրելով ու դա օրինաչափություն համարելով / իսկ ամուսնու կողմից մշտապես հնչող ,,շաշ գեղացի,, արտահայտությունը խնդմնդալով ընկալել որպես ,,հաճոյախոսություն,, /: Ու այս կերպարներով էլ նոր սերունդ է դաստիարակվում, եւ այս կարգի ֆիլմերի ազդեցության տակ արդեն փողոցում էլ ենք տեսնում, թե ինչպես է երիտասարդ ամուսինը կնոջ վրա բղավում կամ ,,անզգույշ քաշքշում,,: Բարեբախտաբար, ի տարբերություն նախորդ ֆիլմերի, կանանց նկատմամբ բռնության դաժան տեսարաններ չկան, բայց կան կնոջ նկատմամբ սեփականատիրական մոտեցման դրսեւորումներ: ,,Իմ կնիկն ա, ոնց ուզեմ ՝կվարվեմ, իմ սեփականությունն ա, հարցե՞ր...,,-ցինիկաբար հայտարարում է գլխավոր հերոսը, եւ այս կերպարը ներմուծվում է հասարակություն ՝որպես բարոյական արժեք: Բավական չէ, որ ամուսինը կնոջ նկատմամբ սեփականատիրական մոտեցում է ցուցաբերում, դեռ բանտից սպառնում է երեխան խլել ու, փաստորեն, մայրությունից զրկել . պատճառը՞՝ կինը փորձել է չներել իր հոր նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվող ամուսնուն. մինչդեռ մայրությունից կարող են զրկել հիմնականում այն դեպքում, երբ կինն իր բարոյական հատկանիշներով իրավունք չունի երեխա դաստիարակել: Իսկ այդ երիտասարդ բռնակալին անգամ ոստիկանապետ հայրը չի փորձում հասկացնել, որ նա իրավունք չունի նման քայլի դիմել: Ավելին ՝նա ինքն է նախահարձակ լինում ու գնում թոռանը պահանջում, հարսի ձեռքից վերցնում ու ասում ՝ ,,Աղջիկ ջան, ես երեխուն վերցնում եմ ՝տանեմ, էս երեխան պետք ա մեր տանը մեծանա, թե ուզում ես ՝կարող ես հետը գալ,,: Այ քեզ բա՜ն... Ուղղակի ցնցող է :Ֆիլմի միակ դրական հերոսը ՝ զերծ բացասական գծերից, դա նախկին գեներալ, թոշակառու Բալայանն է, որի բարի, խաղաղասեր ու արդարամիտ կերպարը լավագույնս հաջողվել է դերասան Գուժ Մանուկյանին, ով, ի տարբերություն ոստիկանապետ ,,որդու,, ու ,,թոռան,, ՝ խոսում է բացարձակ գրական, մաքուր հայերենով, զերծ որեւէ ժարգոնից, իսկ ,,թոռանն,, էլ ոչ թե ,,որդու,, նման խրատում է ,,չափալաղով,, կամ ,,այ լակոտ,, ասելով, այլ՝ բարոյախոսությամբ ու բացատրական, համոզիչ աշխատանքներով:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ