Երեկ ավարտվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեցնյակի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) և Իրանի միջև բանակցությունների 4-րդ փուլը: Վիեննայում կայացած բանակցությունները անցել են մեծ հաշվով անհաջող, քանի որ կողմերը չեն կարողացել շոշափելի առաջընթաց գրանցել միջուկային խնդրի շուրջ վերջնական, համապարփակ համաձայնության ճանապարհին: Սա շատ մտահոգիչ հանգամանք է, քանի որ նախորդ տարվա վերջին կնքված ժամանակավոր համաձայնությունը մեծ հույս էր ներշնչում, որ ի վերջո հնարավոր կլինի չեզոքացնել տարածաշրջանում տարիներ շարունակ առաջացած լարված մթնոլորտը: Հանդիպումից հետո կողմերի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ և իրենց կարծիքները հայտնել հանդիպման մասին:
Հիմնական խնդիրը եղել է Իրանի հրթիռային ծրագրի շուրջ քննարկումների ժամանակ: Բանն այն է, որ վեցնյակը՝ մասնավորապես Արևմուտքը, պնդում է, որ Իրանը հրաժարվի բալիստիկ հրթիռներ ստեղծելու մտքից, քանի որ կա մտավախություն, որ այդ հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկներ պարունակել: Մինչդեռ Իրանը իր հերթին վաղուց հերքում է միջուկային զենք ստեղծելու մտադրության առկայությունը: Նույնիսկ մարտին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին կրոնական հրամանագիր էր արձակել, որն արգելում էր երկրում միջուկային զենքի արտադրությունը: Ինչպես երևում է, սակայն, Արևմուտքին դա այդքան էլ համոզիչ չի թվում: Իրանի ներկայացուցիչն այս առումով բանակցությունների ավարտից հետո հայտարարել է, որ իրենք հիասթափված են Արևմուտքի «հավելյալ և խստացված» մոտեցումից, որոնք վերաբերում են Իրանի հրթիռային ծրագրին: Իրանցի պաշտոնյայի խոսքերով, այդ ծրագիրն Իրանի համար «կարմիր գիծ» է և ենթակա չէ որևէ սակարկման:
Կարճ ասած՝ կողմերի միջև առայժմ ոչ մի համաձայնություն չկա, բայց, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ թե´ Արևմուտքի, թե´ Ռուսաստանի, թե´ Իրանի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու բանակցությունները, որոնց հաջորդ փուլը նախատեսվում է հունիսին, իսկ մինչ հուլիսի 20-ը նախատեսվում է ստորագրել վերջնական համաձայնագիր:
Դժվար է ասել, թե ինչ կլինի մինչև հուլիսի 20-ը, բայց այն, որ Իրանի միջուկային ծրագրի լուծումը վտանգված է, փաստ է: Նշենք, որ ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդը կոչ էր արել Իրանի «Հեղափոխական գվարդիային» սկսել հրթիռների զանգվածային արտադրություն, ասել է թե, Իրանը հաստատ այս հարցում չի գնալու զիջման, և սա իրոք «կարմիր գիծ» է այդ երկրի համար: Մյուս կողմից, սա Արևմուտքի հեղինակության հարցն է, և այս հարցում Իրանը չի կարող որևէ «բան» չառաջարկել կամ էլ «չտալ»: Այս պարագայում քիչ թե շատ իրավիճակ փրկողները կամ էլ հավասարակշռողները, թերևս, մնում են Ռուսաստանն ու Չինաստանը: Թերևս հենց այս երկուսի ջանքերն են, որ պետք է գալիք ամսում առավելագույնս ներդրվեն այլևս փակուղում գտնվող այս խնդիրի՝ այս փակուղուց դուրս բերելու համար: