Մի առիթով Վ. Սարոյանը ասել է. «Չկա ավելի վատ բան, երբ տղամարդը մեռնում է իր սիրած կնոջ մեջ, և երբ կինն է մեռնում իր սիրած տղամարդու մեջ, երկուսի հոգում հուղարկավորության թափորն է գնում, մինչ նրանք շարունակում են առօրեական զրույցը, ապրում առաջվա պես, բայց զգում են, որ այդ թափորն իրենց է ուղեկցում»:

Ճշմարիտ սիրո  սկզբունքները միայն ընտանիքում կարող են լավագույն ձևով դրսևորվել: Այսրոպեական պոռթկումները և իրականության հետ կապ չունեցող բանաստեղծական զեղումները ոչ մի ընդհանուր բան չունեն իսկական սիրո հետ: Սերը   անցնում է ծանր փորձությունների ու ստուգման դպրոց:Միայն մտերիմ փոխհարաբերությունները կարող են բավարարել մարդկային հոգու պահանջները, դառնալ այն հզոր պարիսպը, որտեղից չեն կարող թափանցել սխալ կապերը, ժամանակի  ավերիչ դրսևորումները:

Տարիների հետ գուցե առաջանա  սառնություն, անտարբերություն կամ անհոգի վերաբերմունք դիմացինի հանդեպ: Այստեղ կարևոր են  գիտակցված և կամային որոշումնեը: Հրաշալի է, երբ ամուսիններին միաբանում է ընդհանուր գործը, որի համար նրանք երկուսն էլ խիստ հուզվում են: Պետք է ստեղծել բոլոր հնարավորությունները ավելի հաճախ և լրջորեն խոսելու միմյանց հետ այն բաների շուրջ, ինչը թանկ է երկուսի համար էլ: Անհրաժեշտ է փոխադարձաբար  լրացնել  միմյանց թույլ կողմերը համապատասխան  ուժեղ կողմերով: Ամուսնական կյանքը միապաղաղությունից կարող է փրկել նաև այն գործը, որը ամուսինները անում են միասին, ինչը երբեք չէին կարող անել առանձին: Աշխարհը եսասեր ու անբարյացակամ է ընտանիքի հանդեպ,ուստի   դիմանալու համար գիտակցված ու կամային ջանքեր են անհրաժեշտ:   Հասարակական անտարբերությանը կարելի է հակադրել միայն ինքնազոհաբերությունը: Այսօր խորապես աղավաղված են սիրո սահմանումները, այն անշահախնդիր սիրո, որը պետք է լինի ամուսնական փոխհարաբերությունների հիմքը: Սերը առկա է, երբ ընտանիքում կողմերից մեկը անընդհատ չի փորձում պաշտպանվել, և երկուսն էլ վստահ են, որ կարող են համատեղ անցնել կյանքի բոլոր դժվարությունների և անակնկալների միջով:

Ամուսնական սերը միայն զգացմունքների հորդահոս գետը չէ, այլ դիմացինին գնահատելու,  հարգելու մեղմօրոր, թույլ ալեծփությամբ լիճը: Հարգել` նշանակում է ուշադրություն դարձնել և ուշադրություն զգալ, գնահատել արժանիքները և համբերատար լինել թերությունների հանդեպ: Հարգել` նշանակում է թողնել սեփական դատողությունները ուրիշ մարդկանց մասին և տեսնել նրանց այնպիսին, ինչպիսին կան իրականում:

Ընտանիքի միասնությանը և սիրո դրսևորմանը նպաստում է նաև պատկանելիության զգացումը: Դա հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին` իրեն զգալու որպես խմբի մի մասնիկը: Ընտանիքն իր մեջ  միավորում է  տարբեր բնավորության ու աշխարհայացքի տեր, որոշակիորեն եզակի տարբեր մարդկանց: Դժվար է ստեղծել պատկանելիության մթնոլորտ, որովհետև մարդիկ ունեն իրենց ուրույն հայացքները, սեփական աշխարհը: Իսկ ճշմարիտ պատկանելիությունը և միասնությունը դրսևորվում է բազմազանության մեջ: Այն հաճախ է ստուգման ենթարկվում: Նշանակում է` յուրաքանչյուր անդամի համար հարկավոր է ստեղծել այնպիսի տարածք և մթնոլորտ, որտեղ նա կարող է աճել և նպաստել մյուսների հաջողությանը:

Հիշենք  նաև, որ հասուն տարիքի հետ սերը ավելի է խորանում, բայց  հազվադեպ է նույնչափ անզուսպ կիրք ունենում, ինչպես երիտասարդ ժամանակ: Հաճախ կիրքն է ընդունվում սիրո տեղ, և դա թյուրիմացությունների տեղիք է տալիս: Ահա Ալբեր Քամյուի պատմվածքի հերոսի խորհրդածությունը. «Ես, որ սենտիմենտալ չեմ, գիտե՞ք, թե ինչ եմ երազում. մի իդեալական սեր, որ լցնում է ամբողջ հոգին և մարմինը ցերեկ, թե գիշեր` անդադրում գրկախառնումների մեջ, մարմնական վայելքներով և մտային հուզումով լեցուն, և այս թող իրականանար հինգ տարի անընդհատ և թող մահվամբ վերջանար: Ավաղ»:

Ասենք, որ կյանքն իր սրբագրումներն է անում ամուսնական հարաբերություններում և, այնուամենայնիվ, լուրջ ու խորը հարաբերությունների դեպքում ամուսնությունը սիրո վերջը կամ նրա գերեզմանոցը դառնալու փոխարեն կդառնա նրա սկիզբը: Իմաստավորեք ամուսնական միության ողջ ընթացքը, շատ ժամանակ հատկացրեք  միմյանց և գնահատեք այդ հարաբերությունները: Աշխատեք դրական հույզերով լցրել ընտանեկան հարաբերությունների «գավաթը»:  Մտածեք` ինչպես կարելի է դրսևորել սերը տարբեր եղանակներով: Կարելի է խաղաղ երեկոներին միասին հիանալ աստղերով, շաբաթը մեկ անգամ ժամադրության երեկո նշանակել, պարզապես միայնակ մնալ, միասին տեսաֆիլմ դիտել: Եվ կարևորը` մոռացեք ձեր տարիքը, ապրեք նպատակային և գիտակից, լիարժեք կյանքով:

Հետաքրքիր օրինակներ կան, թե ինչքան էին կարևորում ամուսնական ուխտը անցյալում: Միջնադարում ամուսնության տարեթվերը նշում էին նկարների,  նույնիսկ կահույքի վրա:  Հաշիվների և գործնական գրքերի մեջ նշում էին ընտանեկան իրադարձությունները` ծնունդները, մահերը: Դրանով փորձ էր արվում անմահացնել ընտանիքի ժամանակագրությունը, անմահ պահել հույզերի լեցունությունը: Իսկ ահա 17-րդ դարում ամուսնության տարեթվերը նշում էին սնդուկների, պահարանների վրա, փորագրում գդալների կամ ապակիների վրա:

Իսկ  ձեզ համար դուք մտածեք ձեր սեփականը,  ստեղծագործեք, թե ինչպես կարելի է հարուստ և լիարժեք կազմակերպել համատեղ կյանքը: Տղամարդի՛կ,հնարավորություն տվեք  կնոջը  զգալու, որ հավերժական կանացիությունը դեպի իրեն է ձգում ձեզ՚:  Առանձնահատուկ կարևորեք մայրության խորհրդանիշը` կնոջ կյանքի իմաստներից մեկը` հղիության ընթացքը, որը մերօրյա իրականության մեջ հաճախ է մթագնվում աբորտի պարտադրանքով, գռեհիկ վերաբերմունքով և անըմբռնողությամբ: Նշանավոր գրող, Նոբելյան մրցանակակիր Հայնրիխ Բյոլլը իր «Ծաղրածուի աչքերով» գրքում մարգարեական խոսքեր է գրում. «…Այստեղ սովորաբար սենյակ էր մտնում Սաբինան և զոհի տեսքով նայում Կառլին, նա կրկին հղի փորով էր ման գալիս: Իմ կարծիքով, ամենասարսափելին այն է, երբ կինը ամուսնուն զոհի պես է նայում, ինչ է թե ինքը հղի է»:

Ամուսնական ուխտի մեջ ոչինչ անկարևոր չէ: Շատ ու շատ տաղանդավոր, նշանավոր կամ հանճարեղ մարդիկ  խաղից դուրս են  մնացել այն պատճառով, որ անտեսել են խոր, երկարատև հարաբերությունները` փոխարինելով դրանք երջանկության պատրանքներով, նետվելով մի ընկերոջից մյուսին: Հասնելով փառքի ու հաջողության` նրանք չգիտեն` ինչպես հասնել ներքին խաղաղության և հոգեկան բավարարվածության: Անտեսելով ամուսնական ուխտի և սիրո սկզբունքները, դիմացինի ներքնաշխարհը` նրանցից շատերը հետագայում հարբեցողներ են դարձել, տրվել թմրանյութերին կամ մի ամուսնությունը թեթևորեն փոխարինել մյուսով: Ջանք արեք, որ ձեր կյանքում տեղ չունենան հետևյալ ուշացած խոստովանությունները. «Բայց նա հիանալի մայր էր…», «Նա իմ հաջողության կարևոր բաղկացուցիչն էր», «Ես հանցավոր կերպով անզգա էի նրա հանդեպ»:

Երկար կյանք և արմատներ չունեն նաև ձևական, մակերեսային հարաբերությունները: Նշանավոր գրող Լև Տոլստոյի կինը` Սոֆյա Տոլստայան, գրում է. «Նրա կենսագիրները կպատմեն, թե ինչպես էր օգնում աշխատողներին,  դույլերով ջուր կրում, բայց ոչ մեկը երբեք չի իմանա, որ նա ոչ մի ձևով հանգիստ չի տվել կնոջը և այդ ողջ  32 տարիների ընթացքում ոչ մի անգամ մի կաթիլ ջուր անգամ չի տվել իր երեխային և չի  նստել նրա մահճակալի  մոտ, որպեսզի հնարավորություն տա ինձ գոնե մի քիչ հանգստանալու իմ բոլոր աշխատանքներից»: Եվ իսկապես, տարեգրությունը հիշում է Լև Տոսլտոյին` որպես մեծ բարերար և խոր հավատավոր…

Ուսանելի է նշանավոր գործարար Հենրի Ֆորդի կյանքը: Նա երջանիկ և համերաշխ ընտանիք է ունեցել: Իսկ ո"րն է գաղտնիքը. երբ նա և իր կինը նշում էին իրենց ամուսնության հիսունամյակը, լրագրողների այն հարցին, թե ո՞րն է իրենց ամուսնության հաջողությունը, Ֆորդը պատասխանում է.

-Բանաձևը նույնն է, որը ես օգտագործում եմ մեքենայի ընտրության ժամանակ` նախապատվությունը տվեք մեկ մոդելի:

Իսկ  Ֆրանսահայ երգչուհի Էլեն Սեգարան հարցազրույցի ժամանակ  ասել է.

-Ես կողմ եմ միամուսնությանը – ընտանեկան արժեքներին, երեխաներին: Սա է երջանկության բաղադրատոմսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել