Այգում միայն ես եմ:
Մենա~կ:
Երեկ ամբողջ օրը քեզ եմ փնտրել,այսօր եկել փլվել եմ այս այգու նստարանին:
Քո ձեռքերը բռնել են իմ աջ ձեռքն ու շոյում են:
Ուրեմն մենակ չեմ,երկուսով ենք այգում:
Մի մրջյուն իր ճանապարհն է սկսել ձեռքիդ վրայով:
Ուրեմն երեքով ենք,ես,դու ու մրջյունը:

Դու ինչպես գտար ինձ,փաստն անհասկանալի է և հաճելի:

Մրջյունը քո թևով բարձրացավ ու գնում է,ուր,միայն ինքը գիտի:

Միթե չես զգում:
- Դու հոգնել ես,քեզ հանգստանալ է պետք,աչքերդ խամրել են,հայացքդ անտարբեր:Ես ինչ կարող եմ անել քեզ համար:
Ձայնդ անկեղծ է,վստահ,գործնական ու հանկարծ ծիծաղ,անկապ,անվիշտ…
Երևի մրջյունը տեղ հասավ ու հետադարձ ճանապարհը փնտրելուց անընդհատ պտտվում է ծիծաղ առաջացնող տեղում:

Ինքդ գիտակցում ես որ շատ գեղեցիկ ես հատկապես ծիծաղելիս և ինձ ես նայում հայացքս բռնելու հույսով:
Ես մի չտաշած քար եմ,ընկած լեռան տակ դեմ հանդիման քամիներին,անձրևներին…
Երեկ թաղում էինք ամենամոտ ընկերոջս,լուռ,անարցունք,համարյա առանց խոսքի:
Երեկ դու ինձ ՊԵՏՔ էիր,մեկը որի մոտ ազատ լաց լինեի,երեկ պետք էր մեկը,մոտի~կ,մոտի~կ…
Երեկ մեր ծանոթության երկու տարվա ընթացքում դու ինձ այնքան էիր պակասում,որպես քույր,մայր,աղջիկ,կին,սրբապատկեր..
Երեկ մեր ծանոթության երկու տարվա ընթացքում առաջին անգամ զանգահարեցի ձեր տուն:
Գիտեի որ աշխատում ես ինչ որ փոքրիկ մի գրադարանում:
Երեք հոգով եք,երեքդ էլ չամուսնացած,երեքդ էլ գեղեցիկ (քո խոսքերն են):
Ինձ մինչ այդ երբեք չէր հետաքրքրել քո աշխատավայրի հասցեն,միշտ դու էիր զանգում,իսկ երեկ…
դու անհրաժեշտություն էիր,
ես անհամբերություն:
Ես ստիպված էի զանգելու:
Ինձ պատասխանեց մետաղյա ժանգոտ կանացի մի ձայն,մայրական խանդոտ ու հետաքրքրասեր:
- Նա այս ժամին աշխատանքի է լինում:
- Նա ինձ շատ է անհրաժեշ,տիկին,հասցեն..,խնդրում եմ:
Մետաղաձայնը տեղի տվեց ու հասցեն ձեռքս սլացա,որ գտնեմ քեզ, փոշոտ ու տարիներով չտեղաշարժված գրքերի մոտ:
Գտա:
Երեք գեղեցկուհիների փոխարեն ես տեսա երկու տարեց կանացի կնճիռների ժողովածու,երկու զարմացած ակնոցներ:
- Մարինե Կարապետյանն արդեն երկու տարուց ավել է այստեղ չի աշխատում:
Ես միայն երեկ հասկացա,որ դու շատ գեղեցիկ ես գրադարանում աշխատելու համար:
Կանանցից մեկը,որը երևի դասականներին ավելի շատ էր կարդացել,մտավ իմ դրության մեջ:
- Երկու կանգառ դեպի շուկայի կողմ գնացեք, “Դրախտ”-ում է աշխատում:
- Դա է՞լ է գրադարան: 
- Այո,-ծիծաղեցին,- բայց գիշերային հերթափոխում աշխատողների համար:
Մոտ երեսուն րոպե հետո կանգնած էի “գրադարանի” առաջ:
Կանաչ ու կարմիր նեոնային լույսերը պարզ հայերենով թարթում էին “Գիշերային ակումբ Դրախտ“:
Մորեգույն համազգեստով պահակը հույսով մոտեցավ, բայց տարակուսանքով կանգնեց պատշաճ հեռավորության վրա,երևի հագուստս վստահություն չներշնչեց:
- Մարինե Կարապետյանին կկանչե՞ս,-կոկորդիցս հազիվ դուրս եկավ անունդ:
- Հիմա պարում է,մեկ ժամից արի,-ու մորեգույն մեջքը ինձ կարծես հաջողություն մաղթեց:
Դրախտը շատ հեշտությամբ դարձավ Դժոխք,որտեղ իմ ներկայությունն արդեն պարտադիր չէր:

Մրջյունը դուրս եկավ թևիդ միջից,հարբած,շորորալով,հետո հավասակշռությունը կորցրեց….
Երեկ ես չհասկացա գտա քեզ,թե կորցրեցի: 
Երեկ ես մեկ օրում կորցրեցի և ընկերոջս, և հավատս և …
Այսօր իմ կորցրած հավատը կողքս նստած շոյում է ձեռքս ու հարցնում.
- Քեզ ի՞նչ է պատահել,ինչու՞ չես խոսում, ինչու՞ առաջվա պես չես ասում “Սիրում եմ քեզ,իմ Գրադարանի աղջիկ”,ինչու՞..

Այգում միայն ես եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել