Բոլորս էլ տեղյակ ենք, որ վերջերս Ուկրաինայի հարավարևելյան երկու շրջաններում` Դոնեցկում և Լուգանսկում, տեղի ունեցան հանրաքվեներ: Դրանց դրդապատճառների վերաբերյալ եղան մի շարք մեկնաբանություններ: Ոմանք կարծում են, որ սա Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականություն շարունակականությունն է, ոմանք, թե իբր ուկրաինացիք իրենք են ապստամբում Կիևի դեմ` ելնելով ինչ-ինչ համոզմունքներից (օրինակ՝ ֆաշիզի դեմ պայքարից և այլն): Սակայն այստեղ կարող է լինել մեկ այլ հանգամանք, որն անզգուշաբար անտեսվում է մի շարք փորձագետների կողմից: Խոսքը Ռուսաստանի կողմից Կիևը հանդեպ ճնշման մասին է: Փորձեմ ավելի հստակ լինել և բացատրել միտքս:
Բանն այն է, որ Դոնբասում անցկացված հանրաքվեներից հետո եղան մի շարք մեկնաբանություններ, որոնցից առավել ուշադրությամբ, կարծում եմ՝ պետք է հետևել ռուսական կողմի պաշտոնյաների մեկնաբանություններին: Օրինակ՝ երեկ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը «Россия 24» հեռուստաընկերության եթերից կարծիք հայտնեց, որ օրերս անցկացված հանրաքվեների իմաստներից մեկն էլ այն է, որ Կիևը վերջապես ուշադրություն դարձնի իր ժողովրդի պահանջներին և ակնկալիքներին: Վերջինս, ամենայն հավանականությամբ, նկատի ունի երկրի դաշնայնացման հարցի հանդեպ Կիևի ուշադրությունը, քանի որ ի սկզբանէ այս պայքարը եղել է հանուն երկրի դաշնայնացման, այլ ոչ թե պառակտման (համենայն դեպս, զուտ փաստերի զուգորդման տեսանկյունից): Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ինչպես Նարիշկինն է նման կարծիք է հայտնել, նաև Պետդումայի արտաքին հարաբերություններ հանձնաժողովի մի շարք անդամներ, այնպես էլ այլ ռուս պաշտոնյաներ:
Այնպես որ, այս աբողջ գործընթացը կարող է լինել Ռուսաստանի կողմից ճնշման միջոցներ Կիևի նկատմամբ, որպեսզի իշխանություններն ի վերջո այս հակամարտությունը լուծեն Ռուսաստանի կողմից նախօրոք առաջարկված ծրագրով: Պատահական չէ, որ այդպես էլ որոշում չկայացվեց այդ շրջանների կողմից միանալ Ռուսաստանին: Ռուսաստանին սա պարզապես պետք չէ. դեռ պետք է Ղրիմը մարսել: Ռուսաստանի պարզապես պետք է պահպանել և մեծացնել իր ազդեցությունը Ուկրաինայում: Մի խոսքով, սպասենք իրադարձությունների զարգացմանը: Բացառել էլ, սակայն, պետք չէ, որ այդ շրջանները կարող են և հայտնվել Ռուսաստանի կազմում, սակայն սա կլինի այդ երկրի համար վատագույն սցենարը՝ ստեղծված միջազգային իրադրության պայմաններում: