Tert.am-ը գրում է.
Եվրոպական խորհրդարանի անդամներ Էլենի Թեոխարուսը, Ֆրանկ Էնգելը, Տատյանա Ժդանոկան, Էվալդ Շտադլերը, Ինակի Իրազաբալբեյտան, Միշել Ռիվազին, ինչպես նաև Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Պատգամավորները, մասնավորապես, նշել են, որ համաձայնագրով հաստատված փխրուն խաղաղությունը ոչ միայն թույլ է տվել խուսափել հակամարտության սրացումից և հետագա մարդկային կորուստներից, այլ հնարավորություն է ստեղծել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման համար:
«Ցավոք, չնայած բոլոր ջանքերին, հրադադարի 20 տարիները չեն վերածվել երկարատև և կայուն խաղաղության: Դեռ, ժամանակ առ ժամանակ, մենք տագնապալի լուրեր ենք ստանում շփման գծում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերի մասին, որոնք երկու կողմերում երիտասարդ զինվորների կորուստների պատճառ են դառնում և կարող են հանգեցնել պատերազմական գործողությունների վերսկսմանը», - ասվում է հայտարարությունում:
Պատգամավորները հիշեցրել են, որ հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը Եվրոպական միության համար և Հարավային Կովկասը կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու անհրաժեշտությունը, ԵՄ-ն իր բանաձևերում կոչ է արել համապատասխան իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև խուսափել սադրիչ քաղաքականությունից և հռետորաբանությունից, ռազմաշունչ հայտարարություններից և պատմության աղավաղումից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



