9-rd_havaq«Սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջները տրվում են ըստ հանրակրթական դպրոցի երկու աստիճանների՝ տարրական և միջին՝ յուրաքանչյուրի համար երեքական մակարդակով, որոնք արտացոլում են աշակերտների կողմից գիտելիքների, կարողությունների ու հմտությունների յուրացման տարբեր աստիճանները։ Յուրաքանչյուր հաջորդ մակարդակ հենվում է նախորդի վրա և ներառում է նրանում նախանշված գիտելիքներն ու կարողությունները, հետևապես դրանք նորից չեն նշվում ավելի բարձր մակարդակներում։ Տարրական և միջին դպրոցների առաջին մակարդակը նախատեսում է գիտելիքների, հմտությունների ու կարողությունների այն ծավալը, որը բավարարում է կրթական հաջորդ աստիճանին անցնելու։ Երկրորդ և երրորդ մակարդակները վկայում են սովորողների ավելի բարձր առաջադիմության մասին և ավելի լայն հնարավորություն են ընձեռում շրջանավարտին՝ ուսումը շարունակելու համապատասխանաբար՝ ավագ դպրոցի հատուկ հոսքերում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում»։

Մեջբերումը` Հանրակրթական հիմնական դպրոցի առարկայական չափորոշչից

Փաստաթղթում ձևակերպված են Հիմնական դպրոցի սովորողների պատրաստվածությանը ներկայացվող որակական պարտադիր պահանջները`
1. Գիտելիքների համակարգ
2. Կարողություններ և հմտություններ
3. Համագործակցային կարողություններ և հմտություններ
4. Ստեղծագործական կարողություններ և հմտություններ
5. Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ

Ծանոթանալուց հետո համեմատենք պետական ավարտական թեստերի հետ` փորձելով կատարել ընդհանուր դիտարկումներ: Այսինքն` որչափով են պետական չափորոշչի` սովորողներին ներկայացված պահանջները արտացոլված պետական ավարտական թստերում: Եվ այսպես`

1. Գիտելիքների համակարգ
Այս բաժինը ներառում է գիտելիքի «տեսական» մասը: Թեստերում արտացոլված է ամբողջական և լիարժեք:
2. Կարողություններ և հմտություններ
Քերականական և գրականագիտական գիտելիք` գրավոր դաշտում համապատասխանությունն առկա է, մինչդեռ բանավոր դաշտը` հաղորդակցական հմտությունների և կարողությունների մասով, ամբողջովին բաց է: Թեստերում արտացոլված է մասամբ:
3. Համագործակցային կարողություններ և հմտություններ
Հավաքել-համադրել, վերլուծել-պատճառաբանել, ամփոփել-եզրակացություն անել, միով-բանիվ` ցուցաբերել քննադատական մոտեցում: Դաշտն ամբողջովին կամ գրեթե ամբողջովին բաց է:
4. Ստեղծագործական կարողություններ և հմտություններ
Ստեղծագործական, տրամաբանական մտածողության առկայություն. հեքիաթներ հորինել, բեմական խոսք ստեղծել, դասընկերների հետ ներկայացումներ  նախապատրաստել`  հորինելով հերոսներ,  միջավայր, իրավիճակներ: Դաշտն ամբողջովին բաց է:
5. Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ

Գիտելիքի գործնական կիրառություն` ձևավորել, նկարազարդել ստեղծած ալբոմներն ու գրքույկները, ստեղծել փոքրիկ բառարաններ ու քարտադարաններ: Դաշտն ամբողջովին բաց է:

Իսկ հիմա փորձենք պարզել, թե որչափով են հանրակրթության պետական չափորոշիչի պահանջները արտացոլվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` մայրենիի դասաժամերին: Եվ այսպես`
1. Գիտելիքների համակարգ
Տեսական գիտելիք, որպես այդպիսին, բացակայում է կամ գրեթե բացակայում է: Նվազագույն պարտադիր մաս` առաջին մակարդակ
2. Կարողություններ և հմտություններ

Քերականական, գրականագիտական գիտելիք, ասել է թե` ճանաչողական-տրամաբանական կարողություններ և հմտություններ:

Գրավոր դաշտում համապատասխանությունն առկա է մասամբ, բանավոր դաշտում` հաղորդակցական հմտությունների և կարողությունների մասով` նույնպես: Արտացոլված է մասամբ:

Երկրորդ մակարդակ:
3. Համագործակցային կարողություններ և հմտություններ
Հավաքել-համադրել, վերլուծել-պատճառաբանել, ամփոփել-եզրակացություն անել, միով-բանիվ` ցուցաբերել քննադատական մոտեցում: Արտացոլված է ամբողջությամբ:
4. Ստեղծագործական կարողություններ և հմտություններ

Ստեղծագործական, տրամաբանական մտածողության առկայություն` հեքիաթներ հորինել, բեմական խոսք ստեղծել, դասընկերների հետ ներկայացումներ  նախապատրաստել`  հորինելով հերոսներ,  միջավայր, իրավիճակներ, միով բանիվ` ստեղծագործական, տրամաբանական մտածողության առկայություն: Արտացոլված է ամբողջությամբ:
5. Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ

Գիտելիքի գործնական կիրառություն` ձևավորել, նկարազարդել ստեղծած ալբոմներն ու գրքույկները, ստեղծել փոքրիկ բառարաններ ու քարտադարաններ: Արտացոլված է ամբողջությամբ: Մեկ պարզաբանում: Չափորոշիչում ինքնուրույն գործունեության կարողությունների և հմտությունների բացահայտման դաշտը ֆիզիկական միջավայրն է, մեզանում` մեդիան:

Ի դեպ, միայն «Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ» բաժնում կա ՏՀՏ-ի մասին. «Օգտվել ՏՀՏ-ից՝ վարժանքի, գիտելիքներն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով»:

Գիտելիքների մատուցման համակենտրոն սկզբունք

Ըստ «Հայոց լեզու և գրկանության առարկայական չափորոշչի» հայեցակարգի` «Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի ուսուցումը, հատկապես լեզվական համակարգի վերաբերյալ տրվող գիտելիքների մատուցումը կատարվում է համակենտրոն
սկզբունքով։ Սովորողները դեռևս տարրական դպրոցում գործնականորեն ծանոթանում են լեզվի հիմնական միավորներին, քերականական և ուղղագրական իրողություններին (առանց սահմանումների), որոնց վերաբերող գիտելիքները խորացվում և ընդլայնվում են հաջորդ՝ ավելի բարձր դասարաններում՝ կրթական մակարդակին համապատասխան գիտական բնութագրումներով և խոսքի մեջ կիրառելու գործնական վարժություններով»։

Մեզանում պատկերը մի փոքր այլ է: Սովորողները դեռևս տարրական դպրոցում գործնականորեն ծանոթանում են լեզվի հիմնական միավորներին, քերականական և ուղղագրական իրողություններին (առանց սահմանումների), որոնց վերաբերող գիտելիքները, (առանց  կրթական մակարդակին համապատասխան գիտական բնութագրումներով) խորացվում և ընդլայնվում են հաջորդ՝ ավելի բարձր դասարաններում՝ խոսքի մեջ կիրառելու գործնական վարժություններով։

Հետազոտական աշխատանքի կազմակերպում

Հետազոտական աշխատանքը, ըստ Հանրակրթական հիմնական դպրոցի առարկայականչափորոշիչը, իրականացվում է երեք փուլով`

  • նախնական կամ նախապատրաստական փուլ (2-6-րդ դասարաններ). գործնական հմտությունների ձևավորում ինքնուրույն աշխատանք ձեռնարկելու համար
  • զարգացման կամ փորձարարական փուլ (7-9-րդ դասարաններ). ինքնուրույն կերպով և սեփական փորձով գիտելիք ձեռք բերելու կարողության զարգացում
  • ավարտական փուլ (10-12-րդ դասարաններ). ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու կարողության դրսևորում

Մեզանում տարիքային- փուլային այս բաժանումը չկա:

Ընդ որում, հետազոտական աշխատանքը ենթադրում է ոչ միայն տեղեկատվության որոնում, կուտակված տեղեկատվության օգնությամբ հիմնահարցի լուծման ուղիների որոնում, որոնողական աշխատանքի արդյունքների ամփոփում և ձևակերպում, այլև խնդիրների և հարցերի ճշգրիտ ձևակերպում, նախագծերի կազմում և քայլ առ քայլ իրականացում, քննադատական մոտեցում ընդունված տեսակետներին, վարկածների առաջադրում և ստուգում, լսարանի առջև փաստերով հիմնավորումն ու իր ասածի ապացուցումը:

Պետական ավարտական թեստերում հետազոտական աշխատանքի մասին բառ անգամ չկա, ընդհանրապես բացակայում է:

Մեզանում հետազոտական աշխատանքի կազմակերպումը ոչ լիարժեք, բայց երևում է մասնավորապես նախագծային ուսուցման ընթացքում:

Հետևություն
Պետական ավարտական թեստերում, որպես հիմնարար սկզբունք, կիրառված է գիտելիքի «տեսական» մասը, ըստ էության, բաց է թողնված գիտելիքի «գործնական» մասը:
Հեղինակային կրթական ծրագրերում, որպես հիմնարար սկզբունք, կիրառվում է գիտելիքի «գործնական» մասը, ըստ էության, բաց է թողնված գիտելիքի «տեսական» մասը:

Նունե Մովսիսյան, Միջին դպրոց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել