ArmnewsTV.am-ը գրում է.
Հայաստանի անկախացումից հետո, հայ-ֆրանսիական առաջին համատեղ տարեթիվը դարձավ 1992 թվականը: Հունվարի 3-ին Ֆրանսիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, իսկ մեկ ամիս անց 2 երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Նույն տարում Փարիզում բացվեց Հայաստանի դեսպանությունը, Երևանում էլ` Ֆրանսիայինը: Ու սկսվեց փոխադարձությունը. մերոնք գնում էին, ֆրանսիացիները գալիս: Ֆրանսիայի վերջին երկու նախագահներն այցելել են Հայաստան, և ահա ժամանել է երրորդը` Ֆրասուա Օլանդը: Ու սա ամենևին էլ պատահական չէ. երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և ռազմավարության մակարդակը թերևս ամենաբարձրն է` Ռուսաստանից հետո: Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքով, ավելին պատրաստվում է այն ժխտելը դարձնել քրեորեն պատժելի:
Դրոշները կախված են, պատվո պահակախումբը` պատրաստ, հնչում են Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը: Դիմավորում են Ֆրանսիայի 24-րդ նախագահ Ֆրանսուա Օլանդին: Նրա պետական այցին երկար են պատրաստվել: Որպես կանոն բարձր մակարդակի այցերից մի քանի օր առաջ այդ երկրից պատվիրակություն է ժամանում և տեղի արարողակարգի հետ քննարկում ու հստակեցնում է նույնիսկ մանրուքները: Օլանդի ժամանելուց առաջ երկու խումբ է եղել: Նախագահի երկօրյա այցի միջոցառումների գրաֆիկը հստակեցրել և րոպե առ րոպե գրի են առել: Անընդունելի է նույնիսկ վայրկյանների ուշացումը: Այսպիսի գրքույկներ պատվիրակության բոլոր անդամները ունեն:
Օլանդը Ֆրանսիայի երրորդ նախագահն է, որ այցելում է Հայաստան: Հատկապես այս երկրից պաշտոնյաների ընդունումը արարողակարգի հայ մասնագետների համար ամենապատասխանատուն է, չէ որ հյուրերը արարողակարգի հայրենիքից են, համենայն դեպս Վարդան Ասոյանի համար ֆրանսիական արարողակարգը էտալոնային է: Բայց դիմավորելուց և միջոցառումները կազմակերպելուց առավել բարդ է պաշտոնական ընթրիքի կազմակերպումը` հատկապես սեղանների բաշխումն ու ճաշացանկի ընտրությունը:
Զվարճալի միջադեպեր ընդունելությունների ժամանակ` որքան ուզես, բայց առայժմ 7 կողպեքի հետևում: Հնարավոր է տարիներ անց, երբ Վարդան Ասոյանը թոշակի անցնի` հրատարակի, իսկ առայժմ` ոչ:
Ֆրանսիան` եվրոպայի ամենամեծ երկիրն է ու եվրոպական ամենամեծ դաշնակիցը, հայկական համայնքը ամենամեծերից ու ամենահզորներից: Հայ-ֆրանսիական համատեղ կենսագրության առաջին տասը տարում այցերը հիմնականում մեկ ուղղությամբ` դեպի Փարիզ: Փոխադարձությունը սկսվեց արդեն երկուհազարականներից: Առաջինը Ժակ Շիրակն էր, որ 2006-ին պետական այցով ժամանեց Հայաստան: Հենց այդ ժամանակ էր, որ Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաների հատման հրապարակը անվանակոչվեց Ֆրանսիայի անունով: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից տարածքում: Հրապարակ տանող փակ ճանապարհների փակ ու խստացված անվտանգությունը շատերին ետ էր պահել Ֆրանսիայի նախագահին մոտիկից տեսնելու ցանկությունից, թեև քչերի մտքով էր անցնում, որ կկարողանան սեղմել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի ձեռքը:
Նախագահ Ժակ Շիրակի պետական այցին հաջորդել են Հայաստանի մշակութային օրերը Ֆրանսիայում: Հետո արդեն մշակութային օրերի անցկացման ֆրանսիական առաջարկը դարձավ ավանդույթ: Ժակ Շիրակի այցը եզրափակվեց Հանրապետության հրապարակում` Շառլ Ազնավուրի բացօթյա համերգով:
2011թ.-ի հոկտեմբերի 6-ին սկսվեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը հարավկովկասյան տարածաշրջան: Ադրբեջանից և Վրաստանից առաջ Սարկոզիի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց»-ում: Սա նրա առաջին պետական այցն էր, ինչը արտասահմանյան ղեկավարների ընդունելության ամենաբարձր կարգն է: Երկրի ղեկավարն իր լիազորությունների անընդմեջ կատարման ընթացքում պետական այց կարող է կատարել միայն մեկ անգամ: Պետական այցը ենթադրում է, որ նախագահը տվյալ երկիր պետք է այցելի իր տիկնոջ ուղեկցությամբ, բայց Կարլա Բրունին հենց այդ օրերին հիվանդանոցում սպասում էր իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն:
1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտած երկրի ղեկավարները հայաստանյան այցի ժամանակ պարտադիր այցելում են Ծիծեռնակաբերդ, այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան: Նիկոլա Սարկոզին գրառում արեց Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:
Բարձր մակարդակի հայ-ֆրանսիական բանակցությունները ընթացան առանձնազրույցով: Նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլա Սարկոզիին պարգևատրեց «Փառքի շքանշան»-ով` հայ- ֆրանսիական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու, գործակցությունը խորացնելու և խաղաղության ու միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:
Քաղաքական ու մշակութային գործակցությունից բացի, երկու երկրներն էլ մեծ նշանակություն են տալիս տնտեսական կապերին և առևտրին: Ֆրանսիական կապիտալը ներկայացված է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում` բջջային կապից մինչև ալկոհոլային խմիչքներ, սպառողական ապրանքներից մինչև արդյունաբերություն և ֆրանսիական համալսարան:
Ֆրանսիայի նախագահի այս այցն էլ, բացի քաղաքական երկխոսությունից ունի նաև, և մշակութային մաս, և տնտեսական նոր հիմք: Ֆրանսուա Օլանդը և Նախագահ Սարգսյանը կայցելեն «Կարֆուր» սուպերմարկետի շինհրապարակ: Իսկ մինչև այդ ու դրանից հետո` ամեն ինչ, ըստ արարողակարգի` օդակայանի դիմավորումից մինչև Ազնավուրի համերգ: Ի դեպ, այս համերգը հոբելյանական է և արտառոց. Մեծ շանսիոնեն բեմ դուրս կգա իր 90-ամյա հոբելյանի առիթով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



