ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Մեծ հաշվով, կարելի է փաստել, որ նրանք ասել են նույնը բանը, ինչ օրերս իր ելույթում ասել էր ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրանք վերջում կրկին կոչ են արել կողմերին «ներգրավվել կառուցողական բանակցությունների մեջ»` կնքելու համար խաղաղ համաձայնագիր, որը կառուցված կլինի հայտնի 6 կետերի շրջանակներում (Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ` անվտանգություն և ինքնակառավարում երաշխավորող, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցում կամարտահայտության միջոցով, փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձի իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ՝ ներառյալ խաղաղապահ առաքելություն):
Այս հայտարարությունն առաջին հերթին ցույց տվեց, որ Ջեյմս Ուորլիքն ամեն դեպքում ինքնագլուխ Միացյալ Նահանգների դիրքորոշումը չէր, որ օրերս ներկայացնում էր Վաշինգտոնում: Փաստորեն, համանախագահների միջև կար փոխհամաձայնություն նման հայտարարության համար, քանի որ այնպիսի տպավորություն էր, որ տեքստը տեղ-տեղ նույնսիկ կրկնվում էր բառի բուն իմաստով: Ինչևէ, դա իր հերթին:
Կարծում եմ՝ ավելի կարևոր է հասկանալ այս հայտարարության դրդապատճառները, որոնք միանշանակ հասկանալը դժվար է: Գուցե սրանով փորձ է արվում ԵԱՀԿ-ի, իսկ այս դեպքում միջազգային հանրության կողմից ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի կողմերը` մենք և ադրբեջացիք, գնանք ցավոտ փոխզիջումների և հանգուցալուծենք այս խնդիրը, որը թույլ կտա տարածաշրջանն ավելի կանխատեսելի դարձնել էներգետիկ, ինչպես նաև մի շարք այլ տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնելու տեսանկյունից: Ինչպես որ քիչ առաջ նշվեց, դժվար է հստակ ասել, թե ինչ է թաքնված այս ամենի տակ, բայց ամեն դեպքում մի բան հստակ է, որ սա կարող է հանգեցնել խնդրի էլ ավելի բարդացմանն ու լճացմանը:
Բանն այն է, որ միջնորդները բարձրաձայնում են այնպիսի հարցեր, որոնք ոչ միայն ցավոտ են կողմերի համար, այլև ունեն առանցքային նշանակություն: Այսօրվա դրությամբ կարելի է վստահաբար ասել, որ առաջարկված լուծումը ընդունելի չէ ո´չ Հայաստանի, ո´չ Արցախի, ո´չ էլ առավել ևս Ադրբեջանի համար: Եթե Հայաստանն ինչ-որ տեղ կարող է չուզենալով և մեծ դժկամությամբ համաձայնել որոշակի տարածքներ Ադրբեջանին հանձնելու մտքի փոխարենը` ստանալով դրան «համարժեք» զիջում, ասել է թե, Արցախի անկախացման ճանաչում, ապա Արցախը հաստատ դրան չի գնա, համենայն դեպս, ներկա պայմաններում, երբ այդ տարածքները ամրագրված են որպես Արցախի անբաժանելի մաս՝ համաձայն այդ երկրի սահմանադրության: Ադրբեջանի մասին խոսելն անգամ ավելորդ է: Այդ երկրի ղեկավարությունն իր հասարակությանն օրուգիշեր խոստանում է վերադարձնել Արցախն ու դրան շրջապատող բոլոր տարածքները, իսկ երբեմն էլ նույնիսկ չափն է անցնում` խոստանալով վերադարձնել նաև, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանը»` ներկայիս Հայաստանը:
Կարճ ասած՝ այսօրվա դրությամբ, ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող հարցի առջև կանգնեցնել կողմերին և պահանջել կտրուկ որոշումներ կայացնել, քանի որ եթե կողմերի հասարակություններից որևէ մեկն անգամ պատրաստ էլ է որոշակի փոխզիջման, դա, թերևս, միայն Հայաստանն է, ինչպես որ քիչ առաջ նշվեց. Ադրբեջանն ու Արցախը պատրաստ չեն: Այնպես որ, լավ կլինի, որ այս հայտարարությունը առաջին հերթին կողմերի միջև երկխոսություն սկսելու հիմք դառնա, առավել ևս այն դեպքում, երբ այդ երկխոսության և փոխվստահության մթնոլորտի ձևավորման մասին անդրադարձ, այնուամենայնիվ, կա եռանախագահների համատեղ հայտարարության մեջ: