Հեշտ է պատրաստել ու շատ համեղ` այսպիսին է պիցցայի խմորը: Միգուցե սա մեր` պիցցա սիրելու բազմաթիվ պատճառներից է: Ինչևէ, կարծում եմ՝ պիցցան սիրելու պատճառները կավելանան, եթե ասեմ, որ դրա խմորի մնացորդներից կարելի է պատրաստել ևս 2-3 ուտեստ:
Այսօր կսովորենք պիցցայի խմորից պատրաստել Պիցցա մարգարիտա, Կալցոնե, Պանցառոտտի:
Եվ այսպես, շատ չերկարացնեմ:
Մեզ հարկավոր է
2 բաժակ միջին ջերմաստիճանի ջուր
2 թգ թարմ խմորիչ
3 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակը, կարծում եմ՝ ոմանց արդեն ծանոթ է:
Խառնում ենք խմորիչը ջրի հետ, ավելացնում 1 բաժակ ալյուր ու թողնում 15 րոպեով: Այս ժամանակը մեզ պետք է, որպեսզի համոզվենք, որ մեր խմորիչը կենդանի է և չի փչացնի համեղ պիցցա ունենալու մեր պլանները: 15 րոպե անց լուծույթը պետք է ունենա այսպիսի տեսք:Եթե տեսնում եք բազմաթիվ պղպջակներ, ուրեմն շնորհավոր` ձեր խմորիչը ակտիվ է, կենդանի և լի եռանդով: Շարունակում ենք պատրաստել խմորն ու ավելացնում շաքարավազ, աղ և մնացած ալյուրը: Այս ամենը խառնում ենք այնքան, մինչև դրանք դառնան միասեռ զանգված ու գրեթե դադարեն կպնել ամանի պատերին: Հանեք խմորն ամանից՝ հունցելով տվեք դրան մեծ գնդի ձև: Հիմա ավելացրեք մի փոքր զեյթունի ձեթ ու տեղափոխեք այլ` փակվող ամանի մեջ, այնուհետև ամենահարմար վայրը, որտեղ խմորը կարող է հանգստանալ: Նման նպատակների համար ես օգտագործում եմ անջատած վառարանը:
Թողնում ենք խմորը վայելի իր արժանի հանգիստը` 2-3 ժամով:
2 ժամ հետո հանում ենք խմորն ու նուրբ շարժումներով գրդնակում (մի սղմեք գրդնակն ասես խմորը ձեր թշնամին է): Եթե այս խմորը պիցցայի համար եք օգտագործելու, ուրեմն կարող եք մատներով էլ այն տափակացնել ու տալ կլոր ամանի ձևը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ խմորը գրդնակելուց ու պիցցայի ամանի մեջ տեղափոխելուց հետո մի շտապեք վրան ավելացնել տոմատի մածուկ և այլ բաղադրիչները: Թողեք գրդնակած խմորն ամանում ևս 30-40 րոպեով: Այս ժամանակը պետք է մեր խմորիչն, որպեսզի այն լինի համեղ, դրսից խրթխրթան, ներսից փափուկ պիցցա:
Ի դեպ, եթե ուզում եք բրուքլինյան պիցցա պատրաստել, ուրեմն արեք նույն խմորն, ուղղակի սենյակային ջերմաստիճանի ջրի փոխարեն օգտագործեք շատ սառը ջուր:
Սա խմորի բաղադրատոմսն էր, որից կարող եք պատրաստել նաև պիտա հացեր, ռոլլեր (հաջորդ պոստերում անպայման դրանք էլ կսովորենք):
Իսկ հիմա անցնենք բուն ուտեստների պատրաստմանը:
#1 Պիցցա Մարգարիտա
Թագուհի Մարգարիտայի սիրած պիցցան, որը ստացել է իր անունը մեզ հայտնի է դեռ 1889 թվականից: Համեստ, բայց համեղ համադրություն, որը դժվար չի ստանալ տանը:
Համեղ մարգարիտա ստանալու համար մեզ պետք է`
Փակած պոմիդոր (եթե չեք գտնում, ապա կարող եք օգտագործել այս տարբերակը` Ունիվերսալ Սոուս)
3 թգ մանրեցրած սխտոր
1 կամ կես բաժակ չորացրած ռեհան
2 ճգ զեյթունի ձեթ
մի փոքր կարմիր կծու բիբարի փաթիլներ կամ փոշի
3 ճգ մոցցառելլա պանիր (Ես օգտագործում եմ տեղական մոցցառելլա` 1100 ՀՀդ)
Սոուսը պատրաստելու համար տաքացրեք զեյթունի ձեթը թավայի մեջ: Ավելացրեք սխտորը, մի փոքր հետո նաև փակած լոլիկները կամ լոլիկով սոուսը: Աղ, բիբար, կարմիր կծու բիբար, ռեհան և…վերջ: Պիցցայի սոուսը պատրաստ է, կարող եք այն լցնել պիցցայի խմորի վրա (զգույշ եղեք ու միանգամից ողջը մի լցրեք` պետք չէ պիցցայի խմորը լողա սոուսի մեջ): Հիմա ավելացրեք մոցցառելլան ու թարմ ռեհանի տերև:
Տաքացրեք վառարանը մինչև 150 աստիճան ու տեղավորեք պիցցան այնտեղ` 10-15 րոպեով:
#2 Կալցոնե սպանախով ու սնկով
Պիցցայի խմորի ավելցուկներից կարող եք պատրաստել Նեապոլիտանական համեղ ուտեստ` կալցոնե: Սա իմ ամենասիրելի` սպանախով ու սնկով կալցոնեն է, բայց չսահմանափակվեք այսքանով: Լցոնումները բազմազան են` կարող եք հանգիստ ստեղծագործել:
Կալցոնեյի համար մեզ հարկավոր է`
Պիցցայի խմոր
1 կապոց սպանախ
9 հատ խոշոր սունկ
150 գր գաուդա պանիր
Աղ, բիբար
1 պճեղ սխտոր
1 ձու
1 ճգ կաթ
Ամեն ինչ պատրաստվում է արագ ու դինամիկ :) Գրդնակում ենք խմորն ու դանակով բաժանում հավասար մասերի`ստացվում է 8 կամ 9 կտոր: Յուրաքանչյուր կտորը վերցնում ու ձգելով վերածում ենք գնդի: Ստացված գնդերը թողնում ենք 5 րոպեով, որպեսզի հանգստանան:
5 րոպե անց կրկին գրդնակում ենք գնդերն ու փորձում ստանալ ձեռքի ափի լայնության փոքրիկ կլորակ: Ստացվեց? Դե ուրեմն որոշ ժամանակով հանգիստ թողեք փոքրիկ պիցցա հիշեցնող կլորակներն ու անցեք միջուկի պատրաստմանը:
Զեյթունի ձեթը տաքացրեք թավայի վրա, ավելացրեք սխտորը: Ի դեպ սխտորը կտրատել կամ մանրեցնել պետք չէ: Հիմա ավելացրեք կտրատած սունկը: Մի փոքր սպասեք ու ավելացրեք կտրատած սպանախը: Պահեք թավան կրակի վրա 4-5 րոպե, այնուհետև հանեք սխտորի պճեղն ու անջատեք կրակը` միջուկը պատրաստ է: Տեղափոխեք մի քանի գդալ միջուկ խմորե կլորակի վրա, ավելացրեք մանրեցրած պանիր ու փակեք խմորը` հաղորդելով դրան կիսալուսնի ձև ու ամուր փակեք ծայրերը: Խմորի մեջտեղում մկրատով կամ դանակով երեք փոքրիկ գիծ բացեք, որպեսզի միջուկը լավ եփի:Հարեք ձուն աղի հետ ու քսեք խմորիկների վրա:
Եթե մոռացել եք ձեր խմորին ավելացնել աղ ու այն շատ անհամ է ստացվել, կարող եք ձուն քսելուց հետո խմորիկների վրա ավելացնել խոշոր աղ` ստացվում է գեղեցիկ ու աղի:
Տեղափոխեք այս համեղ փոքրիկներին 150 աստիճանի տաքացրած վառարան 20 րոպեով, կամ մինչև նրանք ստանան համեղ կարմրավուն երանգ:
#3 Պանցառոտտի
Կալցոնեյին շատ նման այս ուտեստը մեծ տարածում ունի հատկապես Իտալիայի հարավում: Այս փոքրիկներն ի տարբերություն կալցոնեյի չեն եփվում վառարանում` դրանք տապակվում են թավայի մեջ:
Պանցառոտտի պատրաստելու համար մեզ պետք են`
1 ճգ զեյթունի ձեթ
2 պճեղ սխտոր
Փակած լոլիկ (Եթե չեք գտնում ապա արեք նույնն, ինչ գրված է պիցցա Մարգարիտայի բաղադրատոմսում)
1 թգ չոր օրեգանո
աղ, բիբար
3 ճգ մոցառելլա
Պատրաստեք սոուսն այնպես, ինչպես նշված է պիցցա Մարգարիտայի բաղադրատոմսում, ավելացրեք օրեգանոն: Կալցոնեի պես բացած կլորակների վրա լցրեք այս սոուսն ու ավելացրեք մոցառելլան: Ծալեք խմորը, պինդ փակեք ծայրերն ու տեղափոխեք ձեթոտ թավայի մեջ: Տապակեք այնքան, որ յուրաքանչյուր կողմը ստանա ոսկեգույն երանգ, այնուհետև տեղափոխեք հաստ անձեռոցիկի վրա` յուղազերծելու համար:
Ի դեպ, սա դեռ ամենը չէ, ինչ կարելի է պատրաստել պիցցայի խմորով:
Հաջորդ պոստերում կանդրադառնամ այլ ուտեստների ու հացիկների, որոնք կարելի է ստանալ այս խմորից:
Սիրով`
Նյամիկ Էլլա Կանեգարիան