Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ Միացյալ Նահանգներում մեծ շուքով նշվեց օրենքով գող Արմեն Ղազարյանի` Պզոյի ծննդյան տարեդարձը:
Հանդիսությանը Հայաստանից մասնակցել են բազմաթիվ հյուրեր, այդ թվում` հայաստանյան շոուբիզնեսի տասնյակ աստղեր` Թաթա Սիմոնյանը, Կարո Սարաֆյանն, Արմենչիկը, Անդրեն, Սոֆի Մխեյանն, ինչպես նաև հեռուստահաղորդավարներ Հրանտ Թոխատյանը, Կարգին Մկոն, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը: Հոբելյարը թանկարժեք մեքենա է նվեր ստացել: NewsBook-ին հայտնի դարձավ, որ օրենքով գողի ծննդյան արարողությանը վարողը (կոնֆերանսիեն) եղել է դերասանուհի Գայանե Ասլամազյանը: Երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիքոր Նազարյանը սկզբում դիմել է դերասանուհուն` առաջարկելով վարել ծննդյան արարողությունը, սակայն վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, թե ինքը ծննդյան արարողություններ չի վարում: Բացասական պատասխան ստանալուց հետո, Գրիքոր Նազարյանը դերասանուհուն հարցրել է, թե կոնկրետ որքա՞ն գումարի դիմաց նա, այնուամենայնիվ, պատրաստ կլինի վարել Արմեն Ղազարյանի ծնունդը: Պատասխանը եղել է բավական կլորիկ գումար, և կողմերը եկել են փոխադարձ համաձայնության: