Օրերս Կրեմլում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպումը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Սերժ Սարգսյանը: Նախագահը անդրադարձավ մի շարք թեմաների, բայց ամենաուշագրավը, կարծում եմ` ՀՀ նախագահի կոչն էր ՀԱՊԿ անդամ պետություններին` կոորդինացնելու դիրքորոշումները միջազգային հարցերի շուրջ՝ լինի դա Ուկրաինական հարցը, թե մեկ այլ խնդիրը, որը վերաբերում է կամ էլ առանցքային նշանակություն ունի անդամ-պետություններից որևէ մեկի համար: Նախագահը նաև հասկացնել տվեց, որ այդ միասնական դիրքորոշումը պետք է լինի, անկախ նրանից` դա ամբողջությամբ բխում է տվյալ երկրի շահերից, թե` ոչ: Ավելի հստակեցնելու համար նախագահն այս առիթով օրինակ է բերում Հայաստանի կողմից որդեգրած քաղաքականությունը՝ սկսած դեռ վրաց-օսական պատերազմից: Վերջինս, պատկերավոր ասած, ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի «կողքին է կանգել» ինչպես վրաց-օսական պատերազմի ժամանակ, այնպես էլ Ղրիմի հարցում ՄԱԿ-ում վերջին քվեարկության ժամանակ` չնայած այն բանի, որ թե´ Վրաստանում, թե´ Ուկրաինայում առկա է մեծ հայկական համայնք և այդ երկրների հետ հարաբերություններում առկա են լուրջ շահեր:
Կարծում եմ՝ նախագահ Սարգսյանը շատ կարևոր հարց է բարձրացրել և շատ լավ կլինի, որ իրոք այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվեն: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել անդամ ՀԱՊԿ անդամ-պետություններին, ինչպես նաև կոնկրետ Ռուսաստանին իրենց միասնական դիրքորոշումների վերաբերյալ՝ կապված քեսաբահայության խնդիրները բարձրաձայնելու հետ: Նախագահը սրանով, թերևս, ակնարկել է նաև, որ նմանատիպ մի շարք այլ հարցեր կան, որոնց հանդեպ նույնպես պետք է դրսևորվի համապատասխան դիրքորոշում:
Մենք, օրինակ, շատ ենք լսում, երբ Ղազախստանի ղեկավարները Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ ինչպես են պաշտպանում Արցախի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը: Մենք նաև ականատեսն ենք լինում մի շարք մեր, այսպես կոչված, «դաշնակիցների» կողմից մեջքից հարվածների՝ ՄԱԿ-ում քվեարկությունների ժամանակ: Քիչ չեն դեպքերը, երբ Ադրբեջանի ինչ-որ հակահայկական բանաձևերին աջակցում են ինչպես Ղազախստանը, այնպես էլ մի շարք այլ պետություններ, ովքեր իբր մեր դաշնակիցներն են պոստսովետական տարածքում գործող տարբեր կառույցներում:
Ինչևէ, հուսանք, ինչպես որ քիչ առաջ ասացի, որ դիրքորոշումների կոորդինացիայի համար համապատասխան աշխատանքներ կտարվեն, ինչպես ՀԱՊԿ անդամ երկրների, այնպես էլ հետագայում Եվրասիական Միության անդամների կողմից: Դա չափազանց կարևոր գործոն է, այլապես ինչպես որ մեր նախագահն է ասել Կրեմլում, փոքր-ինչ տարօրինակ է ստացվում, երբ այդ կոորդինացիան չի լինում: