Ընդամենը երկու օր առաջ` մայիսի 7-ին, Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, այսպես ասած, Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը, որը սադրեց տարատեսակ քննարկումներ թե´ Հայաստանում, թե´ Արցախում, թե´ Ադրբեջանում: Հիշեցման կարգով նշենք, որ Միացյալ Նահանգները՝ ի դեմս Ուորլիքի, վերջին ժամանակներում շատ է ակտիվացել Արցախի թեմայով: Ակտիվանալն ինքնին վատ չէ, բայց այդ ակտիվացման միջոցով սադրիչ հայտարարություններ անելը վատ է և բավական վտանգավոր: Չխորանալով Ուորլիքի՝ մայիսի 7-ին հնչեցրած ամբողջ ելույթի մեջ, ինչպես նաև վերջին շրջանում արված բոլոր հայտարարությունների մեջ, եկեք ընդամենն առանձնանցնենք մեկ միտք, որը, ըստ իս, ապացուցում է ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականությունը այս հարցում:

Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ, խոսելով ընդհանուր առմամբ Արցախի քաղաքական էլիտայի հետ իր հանդիպումների մասին, վերջինս այդ համատեքստում ասել է, թե իբր «կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները»: Սրանով պարզից էլ պարզ է, որ նա Արցախը դե ֆակտո ճանաչել է որպես հակամարտության կողմ, քանի որ, ինչպես քիչ առաջ ասացի, այդ ամենը եղել մեկ պարբերության մեջ և վերոնշյալ կոնտեքստում: Ինչևէ, այժմ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ընդամենը վերջերս Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրառում էր արել, ըստ որի՝ խոսել էր հակամարտության կողմերի մասին: Այսպիսով՝ առաջին գրառման մեջ դիվանագետը նշել էր, որ հակամարտությունը հայ-ադրբեջանական է, ասել է թե, հակամարտությունը Հայաստանի և Արցախի միջև է, այնուհետև դրան հաջորդող գրառման մեջ նշել էր, որ իրեն իբր «ուղղել են» և հակամարտությունը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Արցախի (Լեռնային Ղարաբաղի` ըստ Ուորլիքի) և Ադրբեջանի: Իսկ երեկ համացանցում հայտնվում է վիդեոուղերձ, որով ամերիկացի պաշտոնյան ասում է, թե իբր իր խոսքերը, ամենայն հավանականությամբ, սխալ են մեկնաբանվել և որ ԱՄՆ-ն չի ճանաչում Արցախի անկախությունը (դե դա ինքնին հասկանալի է) և չի դիտում Արցախը որպես հակամարտության կողմ: Վերջինս շատ հստակ ասել է, որ այս հակամարտության մեջ ներգրավված են երկու ինքնիշխան պետություն` Հայաստանը և Ադրբեջանը, մինչդեռ հայկական և ադրբեջանական համայնքները համարվում են «շահագրգիռ կողմեր»:

Այն, որ սա սադրանք է, արդեն ոչ մի կասկած չի հարացում, սակայն այստեղ հետաքրքիր է հասկանալ, թե ով է այս սադրանքի իրական թիրախը: Մի շարք փորձագետներ որոշ ժամանակ առաջ կարծիք էին հայտնում, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև աճող լարվածության համատեքստում չի բացառվում, որ ԱՄՆ-ն փորձի ապակայունացնել Ռուսաստանին սահմաններին մոտ գտնող պետությունները, որով կապակայունացնի նաև Ռուսաստանը: Եթե հարցը դիտարկենք այդ տեսանկյունից, ապա այս պարագայում կարելի է ասել՝ ԱՄՆ-ն փորձում է մեզ օգտագործելով վնասել Ռուսաստանին: Ես հուսով եմ, որ Արցախյան հակամարտության բոլոր կողմերում կգտնվեն խոհեմ պետական գործիչներ, և ԱՄՆ-ի խայծը կուլ չեն տա` դառնալով աշխարհաքաղաքական այս պայքարում գործիք որևէ ուժային կենտրոնի ձեռքում:

Հ.Գ. Կարծում եմ՝ մենք և ադրբեջանցիները Ուորլիքին լավ դաս կտանք` մոտ ժամանակներս անտեսելով վերջինիս հայտարարությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել